Յուտա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Յուտա (անգլերեն՝ Utah), նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ ԱՄՆ-ի՝ տարածքի մեծությամբ 13-րդ, 2,9 միլիոն բնակչությամբ 34-րդ և նոսր բնակեցվածությամբ 10-րդ նահանգն է։ Յուտան 1896 թվականի հունվարի 4-ին դարձել է ԱՄՆ քառասունհինգերորդ նահանգը։
Յուտա անգլ.՝ Utah | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Utah, This Is the Place? և Utah, We Love Thee? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ[1] | |||||
Վարչկենտրոն | Սոլթ Լեյք Սիթի[1] | |||||
Ամենաբարձր կետ | King's Peak? | |||||
ԲԾՄ | 1860 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Utah State Legislature? | |||||
Դատական մարմին | Utah Supreme Court? | |||||
Միության մուտք | հունվարի 4, 1896 (45-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲3 271 616 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (34 տեղ) | |||||
Տարածք | 219 653 կմ² (13 տեղ) | |||||
Հիմնադրված է | հունվարի 4, 1896 թ. | |||||
Սահմանակցում է | Նևադա, Այդահո, Վայոմինգ, Կոլորադո, Արիզոնա և Նյու Մեքսիկո | |||||
Ժամային գոտի | UTC-7, Ամերիկա/Դենվեր և MDT? | |||||
Հապավում | UT | |||||
Փոխարինեց | Յուտայի նահանգ | |||||
ISO 3166-2 կոդ | US-UT | |||||
Հեռախոսային կոդ | 801 և 435 | |||||
Անվանված է | մարդ | |||||
Մականուն | Beehive State | |||||
Միության մուտք | հունվարի 4, 1896 (45-րդ) | |||||
utah.gov(անգլ.) | ||||||
Գտնվում է Ժայռոտ լեռների շրջանում։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Վայոմինգ, արևելքում` Կոլորադո, հարավում` Արիզոնա, արևմուտքում` Նևադա և հյուսիսում` Այդահո նահանգներին[3]։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Սոլթ Լեյք Սիթին է։ Մյուս խոշոր քաղաքներից են Օգդենն ու Պրովոն։
«Յուտա» անվանումը յուտե լեզվում նշանակում է «լեռնցիներ»[4]։ Քաղաքային բնակչությունը կազմում է նահանգի ողջ բնակչության 87 %-ը, ինչը ուրբանիզացման մակարդակով վեցերորդ ցուցանիշն է ԱՄՆ-ի նահանգների մեջ[5]։ Բնակչության մոտ 80 %-ը ապրում է Ուոսատչ-Ֆրոնտ շրջանում, որի կենտրոնը Սոլթ Լեյք Սիթին է։
Կրոնական առումով նահանգը միատարր է. բնակիչների մոտ 60 %-ը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցու ներկայացուցիչներ են։ Այս հանգամանքը որոշ առումով պայմանավորում է նահանգի առօրյա ու մշակութային կյանքը[6][7]։
Յուտան տրանսպորտային կենտրոն է։ Այստեղ զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաները և գիտական հետազոտությունները, պետական ծառայությունը, հանքարդյունաբերությունը։ Յուտան զբոսաշրջային կարևոր կենտրոն է։ 2008 թվականի տվյալներով նահանգը ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի գնահատականներով բնակչությամբ ամենաարագ աճող նահանգն է[8]։ 2000-2005 թվականներին Սաութ Ջորդան քաղաքը ամենաարագ աճող ագլոմերացիան է եղել ողջ ԱՄՆ-ում[9]։
Մեծ ավազանի շրջանում առաջին մարդիկ հայտնվել են 10.000 տարի առաջ։ Նրանք գերազանցապես զբաղվել են որսով ու հավաքչությամբ։ Մոտ 2.000 տարի առաջ Կոլորադոյի բարձրավանդակում ձևավորվել է անասազի քաղաքակրթությունը։ Այնուհետև այստեղ հաստատվել են պուեբլո ցեղերը, որոնց գործունեության բազմաթիվ հետքերը, այդ թվում քարանձավային կացարանները, պահպանվել են նահանգի հարավարևելյան հատվածում։ Մինչ եվրոպացիների հայտնվելը տարածքում բնակվել են պայուտները, գոշուտները, նավախո, յուտա ցեղախմբերը։
Ժամանակակից նահանգի տարածքում առաջին եվրոպացիները եղել են Ֆրանցիսկո դե Կորոնադոյի (1540) զինվորները, ովքեր փնտրում էին «յոթ ոսկե քաղաքները» (Ciudades de oro): 1776 թվականին ֆրանցիսկյան երկու միաբաններ` Սիլվեստրե դե Էսկալանտեն և Ֆրանսիսկո Դոմինգեսը, արշավախմբով անցնում են տարածքով` նպատակ ունենալով Սանտա Ֆեի և Կալիֆոռնիայի միջև հարմար ուղի գտնել։ 1825 թվականին այստեղ են եղել այնպիսի հայտնի մաունթինմեններ (որսով, մորթու առևտրով զբաղվող մարդ), ինչպիսիք են Ուիլյամ Էշլին, Թոմաս Ֆիցպատրիկը, Ջիմ Բրիջերը և Ջեդեդայա Սմիթը։ 1843-1844 թվականներին ամերիկացի սպա Ջոն Ֆրիմոնտը առաջինը հետազոտեց Մեծ ավազանի տարածքը։ 1840-ական թվականներին Յուտան տրանզիտային ճանապարհ է հանդիսացել բազմաթիվ արշավախմբերի համար, այդ թվում` Դոներ Պատիի տխրահռչակ արշավախմբի համար (1846), ում ուղերթով հետագայում Իլինոյսից Յուտա են ժամանել մորմոնները։ Հետապնդումներից խուսափող աղանդավորական այս շարժման ներկայացուցիչները հետագայում վճռական դեր են ունեցել շրջանի յուրացման գործում։
1847 թվականի հուլիսի 24-ին մորմոնները Բրիգամ Յանգի գլխավորությամբ մտել են Մեծ աղի լճի հովիտը։ Մեկ տարի անց` ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո, ժամանակակից Յուտայի տարածքն անցել է ԱՄՆ-ին։ 1849 թվականին մորմոնները ստեղծեցին Դեզերետ նահանգը, որը ձգվում էր Օրեգոնից մինչև Մեքսիկա, իսկ արևմուտքում` ընդհուպ Սիեռա Նևադա լեռնաշղթան` Կոնգրեսին խնդրելով այն ներառել ԱՄՆ-ի կազմի մեջ։ Կոնգրեսը հրաժարվում է այդպիսի սահմաններով նահանգ ընդունել, սակայն 1850 թվականին որոշում է ընդունում ավելի փոքր մակերեսով նահանգ ստեղծելու մասին` այն անվանելով «Յուտա»։ Նահանգապետ է դառնում Բրիգամ Յանգը։ Դեզերետ նահանգի ստեղծման հավակնությունները մորմոնները պահում են մինչև 1870-ական թվականները։
Հետագա մի քանի տարիների պատմությունը նշանավորվում է բնիկների, հատկապես յուտա ցեղի և վերաբնակիչների պայքարով։ Դրանք դադարում են 1867 թվականին հնդկացիական ռեզերվացիաների ստեղծումով, ինչպես նաև պետական իշխանությունների` մորմոնների դեմ մղած պայքարով. նրանց հետապնդում էին հատկապես բազմակնության պատճառով։ 1857-1858 թվականներին դեպքերը հանգեցնում են, այսպես կոչված, Յուտայի պատերազմին, երբ ԱՄՆ նախագահ Ջեյմս Բյուկենենը այնտեղ է ուղարկում պետական զորքեր` նպատակ դնելով նահանգապետ նշանակել ոչ մորմոնի։ Միջնահանգային առաջին երկաթուղու կառուցման ավարտից հետո (1869) նոր բնակիչներ են հաստատվում տարածքում, նաև ոչ մորմոններ, ովքեր հետաքրքրված էին գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ։ 1895 թվականին ընդունվում է նահանգային օրենսդրությունը, որը սահմանում էր կանանց քվեարկելու իրավունք, ինչն անսովոր երևույթ էր ժամանակի համար։
1896 թվականին հողատարածքից 12 միլիոն հեկտարը (Յուտայի նահանգի 65 %-ը) տրվում է երկրի կառավարությանը, որը ներկայումս տնօրինում է Հողատարածքի հսկողության բյուրոն (Bureau of Land Management): Դրանից հետո Յուտան նահանգի կարգավիճակով ընդունվել է ԱՄՆ-ի կազմի մեջ։ 2012 թվականի մարտի 23-ին Յուտայի նահանգապետ, հանրապետական Գարի Հերբերտը (Gary Herbert) ստորագրել է օրենք, որով պահանջում էր երկրի իշխանություններից նահանգին վերադարձնել 12 միլիոն հեկտարը։ Նա խոստացել էր երկրի իշխանության դեմ դատական գործ հարուցել, եթե մինչև 2015 թվականը տարածքը չվերադարձվեր նահանգին[10]։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Յուտայի տարածքում հայտնաբերվել են արծաթի, ոսկու, ցինկի, պղնձի և օգտակար այլ հանածոների հանքեր։ Ոռոգման համակարգի բարելավման հետ ընդարձակվեցին գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Երկու պատերազմների ընթացքում ռազմական պատվերները նպաստեցին արդյունահանող ու վերամշակող արդյունաբերության զարգացմանը։ 1960-ական թվականներին նահանգը ուրբանիզացվում է. ներկայումս նահանգի բնակչության մեծ մասը կենտրոնացված է խոշոր քաղաքներում։ 1968-1990 թվականներին նահանգի բնակչությունը աճել է 70 %-ով։ 1980-ական թվականներին սկսվում է տնտեսության դիվերսիֆիկացումը. նոր նշանակություն են ստանում սպասարկման ու զբոսաշրջության ոլորտները։
Նահանգը գտնվում է ԱՄՆ-ի կենտրոնական մասի արևմուտքում։ Նրա մակերեսը 219.887 կմ² է։ Սահմանակցում է Այդահո (հյուսիսում), Վայոմինգ (հյուսիս-արևելքում), Կոլորադո (արևելքում), Արիզոնա (հարավում) և Նևադա (արևմուտքում) նահանգներին։
Յուտան գտնվում է աշխարհագրական երեք խոշոր շրջանների հատման տեղում` Ժայռոտ լեռներ, Մեծ ավազան և Կոլորադոյի բարձրավանդակ։ Նահանգը բնորոշվում է բազմազան ռելիեֆով։ Յուտայի կենտրոնական մասի հյուսիսում հառնում է Ուոսատչ լեռնագագաթը, որի բարձրությունը ծովի մակարդակից 3700 մ է։ Հյուսիս-արևելքում գտնվում են Յուինտա լեռները, որնք ունեն 3950 մ և ավելի բարձրություն։ Նահանգի ամենաբարձր գագաթը Քինգս պիկն է (4123 մ)։ Ուոսատչ լեռնազանգվածի արևմտյան մասում կան մի քանի հովիտներ, որտեղ կենտրոնցված է Յուտայի բնակչության 75 %-ը։ Նահանգի արևմուտքը անապատային տարածք է, որ հատվում է մի քանի ոչ մեծ լեռնազանգվածներով։ Բացառություն է նախկին Բոնեվիլ լճի տարածքի հովիտը, որ գրեթե հարթ է։ Կոլորադոյի բարձրավանդակը հարավում և հարավ-արևելքում ներկայանում է ավազաքարով։ Այս տարածքով է հոսում Կոլորադո գետը, որը ավազաքարի մեջ առաջացրել է խոր հարթավայր։ Յուտայի արևելքը ներկայանում է բարձրավանդակի առավել բարձր հատվածով։
Գլխավոր գետը Կոլորադոն է` Գրին Ռիվեր և Սան Խուան վտակներով։ Յուտայի հյուսիսում գտնվում է ԱՄՆ-ի արևմտյան հատվածի ամենախոշոր լիճը` Մեծ աղի լիճը։ Նահանգի մոտ 30 %-ը անտառածածկ է, ընդ որում անտառների մոտ կեսը դաշնային սեփականություն է։ Անտառների մեծ մասում ծառահատումն արգելված է։
Յուտայի կլիման հիմնականում անապատային է։ Դա բացատրվում է նրանով, որ նահանգը գտնվում է Սիեռա Նևադայի, այսպես կոչված, անձրևային ստվերում։ Յուտայի հարավը գտնվում է Ուոսատչ լեռնազանգվածի անձրևային ստվերում։ Ամռանը նահանգը (հատկապես հարավային և արևելյան հատվածները) ընկած են Կալիֆոռնիական ծոցից փչող մուսսոնի ճանապարհին։ Յուտայի ցածրադիր հատվածների մեծ մասը տարեկան ունենում են 305 մմ տեղումներ, չնայած Ուոսատչի խիտ բնակեցված հատվածներում դրա քանակությունը հասում է 381 մմ-ի։ Մեծ աղի լճի անապատը Յուտայի ամենաչորային հատվածն է. տարեկան տեղումների քանակը հասնում է 127 մմ-ի։ Ձյան տեղումները բնորոշ են բոլոր հովիտներին` բացառությամբ հարավային մի քանի հովիտների։
Տարածքի մեծ մասին բնորոշ են ցուրտ ձմեռն ու շոգ ամառը։ Յուտան օդային սառը հոսանքներից պաշտպանված է հյուսիսում ու արևելքում գտնվող լեռներով։ Չնայած դրան` երբեմն արկտիկական սառը հոսանքները հասնում են այս տարածք։ Հունվարի միջին ջերմաստիճանը −1 °C-ից (հյուսիսում) մինչև 13 °С է (Սենտ Ջորջում)։ 0 °С-ից ցածր ջերմաստիճան գրանցվում է Յուտայի գրեթե բոլոր շրջաններում, սակայն որոշ հատվածներում դրանք հաճախակի ու տևական բնույթ ունեն։ Հուլիսի առավելագույն ջերմաստիճանը 29-38 °С է։
ԱՆ-ի Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նահանգի բնակչությունը 2.817.222 մարդ է։ 2010 թվականի համեմատությամբ բնակչության աճը կազմել է 1.93 %: Կանայք կազմում են բնակչության 49.9 %-ը, իսկ տղամարդիկ` 20.1 %-ը։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով նահանգի ռասայական կազմը հետևյալ պատկերն ունի.
Բնակչությունը հիմնականում եվրոպական ծագման է.
Բնակչության աճի դինամիկա:
Յուտայի տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալներով նահանգի համախառն ներքին արդյունքը 114.5 միլիարդ դոլար է, որը ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի 0.78 %-ն է[11]։ Բնակչության մեկ շնչին հասնող եկամուտը 2005 թվականին եղել է 24.977 դոլար։ 2010 թվականի հունվարի տվյալներով գործազրկությունը 6.8 % է[12]։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, ավիատիեզերական, էլեկտրատեխնիկական, սննդի, քիմիական, նավթային արդյունաբերությունը, տպագրությունը։ Յուտայում արդյունահանվում են մոտ 200 տեսակ օգտակար հանածոներ` նավթ, բնական գազ, ածուխ, պղինձ։ Պղնձի արդյունահանումը սկսվել է դեռևս 1907 թվականին, նավթինը` 1948 թվականին։ Պղնձի արդյունահանման ցուցանիշով նահանգը առաջիններից մեկն է երկրում։ Չնայած դրան` արդյունահանումը կազմում է համախառն արդյունքի 3 %-ը միայն։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է բնակչության 5 %-ը, իսկ 75 %-ը զբաղված է սպասարկման ոլորտում։
Յուտայում լավ զարգացած է զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկների մեծ մասին գրավում է նահանգի գեղատեսիլ ու անսովոր բնությունը։ Յուտայի տարածքում կան ազգային 5 և նահանգային 43 պարկեր։ Նահանգը հայտնի է նաև լեռնադահուկային առողջարաններով, որոնք հիմնականում տեղակայված են հյուսիսում` Սոլթ Լեյք Սիթիի հարևանությամբ, ուր 2002 թվականին անց են կացվել Ձմեռային օլիմպիական խաղեր։
Յուտայում միակ միջազգային օդանավակայանը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիում։ Այստեղից չվերթեր են իրականացվում դեպի ԱՄՆ-ի խոշոր քաղաքների մեծ մասը, Կանադա, Մեքսիկա, ինչպես նաև Փարիզ ու Լոնդոն։
Յուտայում գործում են մի շարք բուհեր։ Դրանցից են`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.