Մեծ հյուսիսային հարթավայր
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ հյուսիսային հարթավայր (լատին․՝ Vastitas Borealis[1]), Մարսի վրա գտնվող ամենամեծ իջվածքը։ Գտնվում է մոլորակի հյուսիսային լայնություններում և շրջապատում է հյուսիսային բևեռային շրջանը։ Երբեմն այն անվանում են նաև պարզապես Հյուսիսային հարթավայր կամ Հյուսիսային իջվածք։ Հարթավայրը ընկած է 4-5 կմ ավելի ներքև մոլորակի միջին շառավղի մակարդակից։ Նրանից հյուսիս է գտնվում Հյուսիսային բարձրավանդակը[2]։ Շրջանի անվանումը տվել է Էժեն Անտոնիադին, ով նշել էր հյուսիսային հարթավայրերի տարբեր ալբեդոյի արժեքները իր ֆր.՝ La Planète Mars (1930) գրքում։ Անվանումը պաշտոնապես ընդունվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 1973 թվականին[3]։
Մեծ հյուսիսային հարթավայրում տարանջատվում են երկու ավազան՝ Հյուսիսային բևեռային ավազանը և Ուտոպիա հարթավայրը։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Մարսի պատմության ինչ-որ պահին այս հարթավայրերը ծածկված են եղել օվկիանոսով և ենթադրյալ ափերի գոտին անց են կացրել այս հարթավայրերի հարավային սահմանների երկայնքով։ Այսօր, դրանք թեթևակի թեքված հարթավայրեր են, որտեղ կան լեռնաշղթաներ, ոչ բարձր բլուրներ և հազվագյուտ խառնարաններ։ Մեծ հյուսիսային հարթավայրը նկատելիորեն ավելի հարթ է, քան նմանատիպ տոպոլոգիական շրջանը մոլորակի հարավային կիսագնդում։ 2005 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը Մարս էքսպրես արբանյակի միջոցով հայտնաբերեց ջրային սառույցի զգալի քանակություն Մեծ հյուսիսային հարթավայրի խառնարաններից մեկում։ Տեղանքի էկոլոգիական իրավիճակը բավարար է մնայուն սառույցի շերտերի առաջացման համար։ Պարզվել է, որ չնայած հյուսիսային կիսագնդում տեղի ունեցող ածխաթթու գազի գոլորշիացմանը Մարսի ամառվա սկզբում, այս սառույցները կարելի է համարել կայուն ամբողջ մարսյան տարվա ընթացքում[4]։
2008 թվականի մայիսի 25-ին (մարսյան ամառվա սկզբում) Մեծ հյուսիսային հարթավայրի շրջանում, որը ոչ պաշտոնապես անվանվում է «Կանաչ հարթավայր» (անգլ.՝ Green Valley), բարեհաջող վայրէջք կատարեց Ֆենիքս (ՆԱՍԱ) սարքը։ Այն վայրէջք կատարեց 68°13′08″ հս․. լ. 234°15′03″ ավ. ե.68,218830° с. ш. 234,250778° в. д. / 68.218830; 234.250778[5], որպեսզի անշարժ դիրքում հավաքի և հետազոտի հողի նմուշները, ջրի որոնման համար, ինչպես նաև որպեսզի պարզվի, արդյոք մոլորակը անցյալում (երբևէ) եղել է հարմար կյանքի զարգացման համար։ Սարքը գործել է համարյա հինգ ամիս, մինչև Մարսի ձմեռային պայմանները նրա աշխատանքի համար չափազանց խիստ գտնվեցին[6]։