Մարկո Պոլո
From Wikipedia, the free encyclopedia
Մարկո Պոլո (իտալ.՝ Marco Polo, սեպտեմբերի 15, 1254[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] - հունվարի 8, 1324[2][3] կամ 1324[4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), իտալացի վաճառական, ճանապարհորդ և գրող[6][7][8][9][10]։ 1300 թվականին իր շարադրած «Աշխարհի հրաշքների մասին» (ֆրանսերեն՝ Livres des merveilles du monde) գրքում ներկայացրել է Ասիայի երկրներում իր ճանապարհորդությունների պատմությունը։ Գիրքը ներկայացնում է եվրոպացիներին Չինաստանի ընդարձակ տարածքները, հարստությունները, նրա մայրաքաղաք Պեկինը և ասիական այլ երկրների քաղաքները և երկրները։ Մարկո Պոլոն առևտրական գործը սովորել է իր հորից և հորեղբորից՝ Նիկոլո և Մատեո Պոլոներից, ովքեր ճանապարհորդել էին Ասիայում և հանդիպել Խուբիլային։ 1269 թվականին նրանք վերադառնում են Վենետիկ և առաջին անգամ հանդիպում Մարկոյին։ Ապա կրկին ճանապարհ են ընկնում Ասիա՝ այս անգամ երեքով և վերադառնում են Վենետիկ 24 տարի անց։ Վենետիկն այդ ժամանակ պատերազմի մեջ էր Ջենովայի հետ։ Մարկոն բանտարկվում է և իր պատմությունները թելադրում բանտախցի ընկերոջը։ 1299 թվականին ազատ է արձակվում, դառնում ունևոր վաճառական, ամուսնանում և ունենում երեք երեխա։ Մահացել է 1324 թվականին և թաղվել Վենետիկի Սան Լորենցո եկեղեցու գերեզմանատանը։
Մարկո Պոլո Marco Polo | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1254[1] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Մահացել է | հունվարի 8, 1324[2][3] (69 տարեկան) կամ 1324[4] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Գերեզման | San Lorenzo, Venice |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Երկեր | The book of Ser Marco Polo the Venetian concerning the kingdoms and marvels of the East? |
Մասնագիտություն | վաճառական, ճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, դեսպան, world traveler, գրող, ճանապարհորդ, ձեռնարկատեր և հիշատակագիր |
Ամուսին | Donata Badoer? |
Ծնողներ | հայր՝ Niccolò Polo? |
Երեխաներ | Fantina Polo? և Agnese?[5] |
Marco Polo Վիքիպահեստում |
Մարկո Պոլոն Չինաստան հասած առաջին եվրոպացին չէր, բայց նա առաջինն էր, որ թողել է իր ճանապարհորդությունների մասին մանրամասն ժամանակագրություն։ Նրա գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել 14-16-րդ դարերում ծովագնացների, քարտեզագիրների և գրողների վրա։ Մասնավորապես, այն եղել է Քրիստափոր Կոլումբոսի[11] սեղանի գիրքը՝ նրա Հնդկաստանը որոնելու ճանապարհորդության ընթացքում։
Չնայած երկում ներկայացված տեղեկությունների նկատմամբ առկա որոշ անվստահությանը, որը առաջ է եկել դրա լույս ընծայումից քիչ հետո և շարունակվում է առ այսօր, ներկայումս այն մասնագետների մեծամասնության կողմից ճանաչվում է որպես արժեքավոր աղբյուր 13-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության, պատմության ուսումնասիրության համար։
Մարկո Պոլոյի աշխատությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև Կիլիկյան Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ։ Մարկո Պոլոյի գիրքը նաև ոգեշնչել է եվրոպական քարտեզագիրներին և նրա հիման վրա ստեղծվել է Ֆրա Մաուրոյի քարտեզը։