Մասնակից:Anna Talalyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (հոկտեմբերի 15, 1844 – օգոստոսի 25, 1900). գերմանացի փիլիսոփա, մշակութային քննադատ, կոմպոզիտոր, բանաստեղծ, բանասեր, ինչպես նաև լատիներենի և հունարենի գիտակ, ում գործունեությունը հսկայական ազդեցություն ունեցավ արևմտյան փիլիսոփայության և ժամանակակից փիլիսոփայական մտքի պատմության վրա[1][2][3][4]: Նախքան դասական փիլիսոփայությամբ տարվելը Նիցշեն զբաղվում է բանասիրությամբ. 1869 թվականին՝ 24 տարեկան հասակում, նա գլխավորում է Բազելի համալսարանի դասական բանասիրության ամբիոնը՝ դառնալով համալսարանի ողջ պատմության մեջ ամենաերիտասարդ ղեկավարը[5]: 1879-ին ստիպված լքում է պաշտոնը առողջական խնդիրների պատճառով, որոնք կհետապնդեն նրան ողջ կյանքի ընթացքում: Հաջորդ տասնամյակը Նիցշեն նվիրում է իր ամենանշանակալից աշխատանքների ստեղծմանը[6]: 1889-ին՝ 44 տարեկան հասակում, Նիցշեի մոտ տեղի է ունենում մտավոր ունակությունների վատթարացում, ապա՝ կատարյալ անկում[7]: Ողջ մնացյալ կյանքը ապրում է մոր խնամակալության ներքո, մինչև վերջինիս մահը 1897-ին, ապա՝ քրոջ՝ Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեի, մինչև իր սեփական մահը 1900 թվականին[8]:
Նիցշեի սկզբնական շրջանի աշխատանքները, որոնք գլխավորապես վերաբերում են արվեստին, բանասիրությանը, պատմությանը, կրոնին, ողբերգությանը, մշակույթին և գիտությանը, մեծապես ներշնչված են այնպիսի մեծն գործիչներից, ինչպիսիք են՝ Շոպենհաուերը, Վագները և Գյոթեն, և ներառում են փիլիսոփայական բանակռիվ, պոեզիա, մշակութային քննադատություն և արձակ՝ ցուցադրելով նրա սերը աֆորիզմների և երգիծանքի նկատմամբ[9]: Նիցշեի փիլիսոփայության կարևորագույն տարրերից են՝ ճշմարտության քննադատությունը՝ հօգուտ պերսպեկտիվիզմի, կրոնի և քրիստոնեական բարոյականության ծագումնաբանական իր վերլուծությունը և դրանից սերող տերերի և ստրուկների բարոյականությունը[1][10] , Աստծո մահվանն ի պատասխան՝ գոյության գեղագիտական հաստատումը և նիհիլիզմի խորը ճգնաժամը[1], ապոլոնյանի և դիոնիսյանի իր գաղափարը, մարդու՝ որպես մրցող կամքերի սուբյեկտի իր բնորոշումը, որը հավաքականորեն բնորոշվում է որպես կամք առ իշխանություն[11]: Նիցշեն նաև մշակում է այնպիսի ազդեցիկ հասկացություններ, ինչպիսիք են՝ գերմարդու տեսությունը և հավերժական վերադարձի ուսմունքը[12][13]: Ավելի ուշ շրջանի աշխատանքներում Նիցշեին ավելի ու ավելի են գրավում առողջ գեղագիտությունը և անհատի ստեղծարար ուժը՝ վերարժևորման ճանապարհին հասարակական, մշակութային և բարոյական նորմերի հաղթահարման գործում[4]:
Նիցշեի մահից հետո Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեն դառնում է եղբոր ձեռագրերի համակարգողն ու խմբագիրը՝ վերափոխելով Նիցշեի անտիպ աշխատությունները՝ ծառայեցնելու դրանք սեփական գերմանական նացիոնալիստական գաղափարախոսությանը՝ հաճախ հակասելով և խեղաթյուրելով այնտեղ արտահայտված կարծիքները, որոնք ակնհայտորեն դեմ էին հակասեմականությանն ու ազգայնականությանը: Քրոջ խմբագրված հրապարակությունների հետևանքով Նիցշեի աշխատությունները սկսում են զուգորդվել ֆաշիզմի և նացիզմի հետ[14]: 20-րդ դարի փիլիսոփաները վիճարկում են Նիցշեի աշխատանքների նման մեկնաբանությունը, ինչի շնորհիվ աշխատությունները շուտով հասանելի են դառնում շտկված խմբագրությամբ: 1960-ականներին Նիցշեի գաղափարները կրկին հանրայնություն են վայելում՝ իրենց խորն ազդեցությունը թողնելով 20-րդ և 21-րդ դարի սկզբի փիլիսոփաների շրջանում՝ հատկապես մայրցամաքային փիլիսոփայության այնպիսի դպրոցների վրա, ինչպիսիք են՝ էքսզիստենցիալիզմը, պոստմոդեռնիզմը, պոստստրուկտուրալիզմը, ինչպես նաև արվեստի, գրականության, հոգեբանության, քաղաքագիտության և փոփ-մշակույթի վրա[2][3][4][15][16]: