Հերոին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Հերոին, դիացետիլմորֆին, մորֆինի 3,6-դիացետիլային ածանցյալ կամ դիամորֆին (անգլերեն՝ diamorphine), կիսասինթետիկ ափիոնատիպ թմրամիջոց (առօրյայում հայտնի H, smack՝ հոտ կամ համ, տղա, ձի, դարչնագույն, սև, խեժ և այլ անվանումներով), որը XIX դարի վերջին-20-րդ դարի սկզբին կիրառվում էր որպես դեղամիջոց։
Հերոին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₁H₂₃NO₅ |
Մոլային զանգված | 6,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 170 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 561-27-3 |
PubChem | 5462328 |
EINECS համար | 209-217-7 |
SMILES | CC(=O)OC1C=CC2C3CC4=C5C2(C1OC5=C(C=C4)OC(=O)C)CCN3C |
ЕС | 209-217-7 |
ChEBI | 4575379 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Դիացետիլմորֆինն իրենից ներկայացնում է C21H23NO5 քիմիական բանաձևով նյութ, որն առավել հաճախ գործածվում է հիմքի կամ դիացետիլմորֆինի հիդրոքլորիդի տեսքով։ Ներկայումս ափիոնային թմրամոլների գերակշիռ մասը գործածում է հերոին, ինչը պայմանավորված է վերջինիս արտահայտված թմրաբանական ազդեցությամբ, համեմատական մատչելիությամբ և արագ զարգացող կախվածության առաջացմամբ[2]։ Այն երբեմն հասանելի է ազատ հիմքային ձևով՝ անփայլ սպիտակ փոշու տեսքով։ Ցածր եռման աստիճանի շնորհիվ հերոինի ազատ հիմքային ձևը հնարավոր է գործածել ծխելու միջոցով։ Այն տարածված է հատկապես Աֆղանստանում։ Ընդ որում, այդ երկիրը հանդիսանում է անօրինական ափիոնի հումքի համաշխարհային առաջարկի հիմնական ապահովողը[3]։
Ափիոնատիպ մյուս թմրամիջոցների նման՝ դիացետիլմորֆինը ևս գործածվում է ինչպես որպես ցավազրկող, այնպես էլ որպես հաճույք ապահովող միջոց։ Հաճախակի և կանոնավոր գործածումը հանգեցնում է կախվածության առաջացման։ Միջազգայնորեն դիացետիլմորֆինը վերահսկվում է «Թմրամիջոցների մասին միասնական» կոնվենցիայի 1-ին և 2-րդ ցուցակների համաձայն[4]։ Դիացետիլմորֆինի անօրինական արտադրությունը, պահպանումը կամ վաճառքը առանց համապատասխան արտոնագրի արգելվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Դանիայում հերոինը հասանելի է նաև դեղատոմսով՝ երկարաժամկետ գործածողների համար՝ որպես սոցիալ-հոգեբանական խնամքին զուգահեռ ափիոնային փոխարինող բուժման ձև. այնպես, ինչպես մեթադոնն ու բուպրենորֆինն են գործածվում ԱՄՆ-ում և Կանադայում[5]։