Իվան Տուրգենև
From Wikipedia, the free encyclopedia
Իվան Սերգեյի Տուրգենև (ռուս.՝ Иван Сергеевич Тургенев, հոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1818[1][2][3][…], Օրյոլ, Ռուսական կայսրություն[2][4] - օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1883[2][5][6][…], Բուժիվալ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[2][4]), ռուս ռեալիստ (իրապաշտ) գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ։ Ռուս գրականության դասականներից է, Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի ռուսերենի գծով թղթակից անդամ, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1879)։ Հեղինակ է վեպերի, վիպակների և պատմվածքների։
Տուրգենևի ստեղծած գեղարվեստական համակարգը ազդեցություն է թողել 19-րդ դարի երկրորդ կեսի ոչ միայն ռուս, այլև՝ արևմտաեվրոպական վեպի բանաստեղծական արվեստի վրա։ Իվան Տուրգենևն առաջինը ռուս գրականության մեջ սկսեց ուսումնասիրել «նոր մարդու»՝ վաթսունականի անձը, նրա բարոյական հատկանիշները և հոգեբանական առանձնահատկությունները[8]։ Նրա շնորհիվ ռուսաց լեզվում սկսեց լայնորեն կիրառվել «նիհիլիստ» եզրը[9]։ Նա ռուս գրականության և դրամատուրգիայի քարոզիչն էր Արևմուտքում։
Իվան Տուրգենևի ստեղծագործության ուսումնասիրությունը Ռուսաստանի հանրակրթական դպրոցական ծրագրերի պարտադիր մասն է կազմում։