From Wikipedia, the free encyclopedia
Իզաբելլա դե Բորբոն ի Բորբոն, առավել հայտնի որպես Լա Չատա, ծննդյան անունը՝ Մարիա Իզաբելլա Ֆրանսիսկա դե Ասիս Կրիստինա դե Պաուլա Դոմինգա դե Բուրբոն ի Բուրբոն (իսպ.՝ María Isabel Francisca de Asís Cristina de Paula Dominga de Borbón y Borbón, դեկտեմբերի 20, 1851[1][2], Մադրիդ, Իսպանիա - ապրիլի 22, 1931, Փարիզ, Ֆրանսիա), Իսպանիայի ինֆանտա, Իզաբելլա II թագուհու և Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնի ավագ դուստրը[Ն 1], իսպանական գահի ժառանգորդուհի, Աստուրիայի արքայադուստր՝ 1851-1857 և 1874-1880 թվականներին։ Իր եղբոր՝ Ալֆոնսո XII-ի և զարմիկի՝ Ալֆոնսո XIII-ի թագավորության ժամանակ հայտնի անձ էր։ Համարվում էր իսպանական արքայական ընտանիքի ամենահայտնի անդամը։ Ջիջենտոյի կոմսի՝ արքայազն Գաետանո Բուրբոն Սիցիլիացու կինն էր։
Իզաբելլա դե Բորբոն ի Բորբոն | |
---|---|
Ծնվել է՝ | դեկտեմբերի 20, 1851[1][2] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է՝ | ապրիլի 22, 1931 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Royal Palace of La Granja de San Ildefonso | |
Երկիր | Իսպանիա |
Տոհմ | Բուրբոններ |
Հայր | Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոն |
Մայր | Իզաբելլա II |
Պարգևներ |
Իզաբելլան ծնվել է 1851 թվականի դեկտեմբերի 20-ին Մադրիդում՝ արքայական ընտանիքում։ Իսպանիան կառավարող թագուհու՝ Իզաբելլա II-ի և թագավորի Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնի երկրորդ երեխան էր։ Ամուսինների ավագ երեխան՝ Ֆերդինանդ արքայազնը մահացավ ծնվելուց անմիջապես հետո։ Երկրորդ երեխայի ծննդին անհամբերությամբ էին սպասում, սակայն հիասթափություն ապրեցին, երբ աղջիկ լույս աշխարհ եկավ։ Ծննդյան օրից Իզաբելլան ստացավ Աստուրիայի արքայադստեր տիտղոս՝ որպես իր մոր՝ Իզաբելլա II-ի ժառանգորդուհի[4]։
Ծննդյան հաջորդ օրը արքայադուստրը կնքվեց Մարիա Իզաբելլա Ֆրանսիսկա դե Ասիս Կրիստինա դե Պաուլա Դոմինգա դե Բուրբոն ի Բուրբոն անվամբ։ Նրա ծնողների կյանքն իդեալական չէր։ 16 տարեկան հասակում թագուհի Իզաբելլային բռնի ամուսնացրին Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնի հետ, ով նրա հեռու բարեկամն էր։ Թագուհին չէր սիրում ամուսնուն։ Վերջինիս համարում էին իմպոտենտ և համասեռամոլ։ Իզաբելլան բազում սիրեկաններ ուներ, որոնցից էլ երեխաներ էր ունենում, իսկ թագավորը ճանաչում էր նրանց հայրությունը։ Իսպանացիները այդ կապերից ծնված երեխաներին անվանակոչում էին իրենց կենսաբանական հայրերի անունով։ Իզաբելլան կրում էր Արանուելա մականունը՝ Լյուդվիգ Արանայի (1826-1891) պատվին, ով իսպանացի երիտասարդ ազնվական սպա էր[5]։ Նրա և թագուհու հարաբերությունները շարունակվեցին մինչ 1851-1856 թվականները։ Արքայադստեր ծնվելուց հետո Ֆրանսիսկոն անմիջապես ճանաչեց երեխայի հայրությունը։ Թագավորը նույն կերպ էր վարվում նաև թագուհու մյուս՝ ընդհանուր առմամբ 6 երեխաների հետ[6]։
1852 թվականի փետրվարի 2-ին արքայադուստր Իզաբելլային առաջին անգամ ներկայացրին հանրությանը։ Դա այն ժամանակ էր, երբ թագուհին հերթական անգամ այցելեց Սուրբ Ատոչի եկեղեցի։ Այդ այցի ժամանակ թագուհու վրա հարձակվեց մի խելագար և հարվածեց դանակով։ Թագուհուն փրկեց հաստ սեղմիրանը, իսկ վերքը կյանքի համար վտանգավոր չէր[7]։ Մեծանալով արքայադուստր Իզաբելլան ավելի հաճախ էր ծնողների հետ երևում հանրության առաջ։ Ժողովուրդը նրան անհարթ քթի համար կոչում էր Լա Չատա՝ կճատաքիթ։ 1854 թվականին թագուհին դուստր ունեցավ, ով մահացավ ծնվելուց անմիջապես հետո։ Հաջորդ երեխան՝ արքայազն Ալֆոնսոն՝ հետագայում Ալֆոնսո XII թագավորը, ծնվեց Իզաբելլայից 6 տարի անց։ Ալֆոնսոյի ծնունդով Իզաբելլան կորցրեց գահի ժառանգորդուհու կարգավիճակը և տիտղոսը, որոնք անցան նորածին եղբորը։ Իզաբելլային մնաց միայն իսպանական արքայադստեր տիտղոսը։
Իզաբելլա թագուհու և Ֆրանսիսկո թագավորի երեխաների հարաբերությունները սառն էին և պաշտոնական․ նրանք շփվում էին միայն պաշտոնական երեկույթների ժամանակ։ Իզաբելլա II-ը քիչ ժամանակ էր հատկացնում իր երեխաներին․ հիմնականում զբաղվում էր քաղաքական գործերով։ Արքայադուստր Իզաբելլան ավելի լավ կրթություն էր ստանում, քան ժամանակին ստացել էր իր մայրը և համարվում էր ընտանիքի ամենաշնորհալի երեխան։ Սովորելու գործընթացում հատուկ ուշադրություն էր դարձվում լեզուներին, արքայադուստրը սիրում էր երաժշտություն և ձիավարություն։ Ձիերը նրա կիրքն էին ամբողջ կյանքի ընթացքում։
Չնայած այն հանգամանքին, որ արքայադուստրն այլևս գահի ժառանգորդուհի չէր, նրան դիտարկում էին որպես Իսպանիայի ապագա թագուհի, քանի որ եղբայրը թույլ առողջություն ուներ։ Այդ իսկ պատճառով, երբ ամուսին ընտրելու նրա ժամանակը եկավ, այդ փաստի նկատմամբ չափազանց բարձր հետաքրքրություն ցուցաբերվեց, քանի որ ամուսինը կարող էր հետագայում դառնալ իր կոնսորտը։ Իզաբելլա թագուհու ժամանակ պաշտոնավարած վարչապետ Լեոպոլդո Օ'Դոնելը առաջարկեց Իզաբելլային ամուսնացնել արքայազն Ամադեո I-ի հետ, ում քույրը՝ Մարիա Պիան, վերջերս ամուսնացել էր Պորտուգալիայի թագավոր Լուիշ I-ի հետ[8]։ Թագուհի Իզաբելլան չհավանեց առաջարկը, սակայն համաձայնեց, որ իր 14-ամյա դուստրը և 20-ամյա արքայազնը հանդիպեն։ 1865 թվականի սեպտեմբերին Իզաբելլան հանդիպեց Ամադեո I-ի հետ Սարաուսում, որտեղ արքայական ընտանիքը հանգստանում էր[9]։ Այդ հանդիպումից ոչինչ դուրս չեկավ․ ամուսնությունը չկայացավ։
Քաղաքական նկատառումներով Իզաբելլա II թագուհին ստիպված էր ճանաչել Սավոյաների հարստության իշխանությունը Իտալիայի վրա, որը հավանության չարժանացավ Երկու Սիցիլիաների տների անդամների կողմից։ Թեկնածու ընտրվեց արքայազն Գաետանո Բուրբոն Սիցիլիացին՝ Ջիջերտոյի կոմսը՝ Ֆերդինանդ II թագավորի և Մարիա Թերեզա Ավստրիացու որդին[10]։ Ընտանիքը նոր էր կորցրել մորը և բավականին վատ ֆինանսական վիճակում էին։ Գաետանոն նաև Իզաբելլա արքայադստեր մոր և հոր զարմիկն էր։
Ոչ Իզաբելլան և ոչ էլ Գաետանոն ուրախ չէին այս ամուսնությանը։ Հարսանիքը պետք է կայանար 1868 թվականի ապրիլին Իսպանիայում, սակայն արքայազնը չներկայացավ ամուսնության արարողությանը, և այն հետաձգվեց մի քանիի շաբաթով։ Գաետանոյին բնութագրում էին որպես «բարի և բարձրահասակ երիտասարդ, ով գրպանում ոչ մի գրոշ չուներ, վատառողջ էր և ինտելեկտից զուրկ»։ Իզաբելլա արքայադստեր մասին ասում էին, որ «բարձրահասակ չէր, կապուտաչյա շիկահեր էր, կճատաքիթ, բավականին պահպանողական և համառ աղջնակ»[11]։
Հարսանիքը կայացավ մեծ շուքով 1868 թվականի մայիսի 13-ին։ Ամուսնությունից հետո Իզաբելլա II-ը Գաետանոյին շնորհեց արքայազնի տիտղոս։ Հարսանիքից հետո երիտասարդ զույգն առաջին հերթով մեկնեց մեղրամսի Հռոմ, որտեղ հանգրվանեցին Պալացցո Ֆարնեզեում։ Հետադարձի ճանապարհին Իզաբելլան ամուսնու հետ մտավ Ավստրիա, որտեղ այցելեց Գաետանոյի մորական կողմի բարեկամներին[12]։ Այնուհետև նրանք ուղևորվեցին Ֆրանսիա, որտեղ նրանց հյուրընկալեց ֆրանսիացի կայսր Նապոլեոն III-ը և կայսրուհի Էուխենիան։ Այնտեղ էլ նրանք տեղեկացան, որ Իզաբելլա II թագուհին հեռացվել է գահից և երկրում հեղափոխություն է սկսվել[13]։ Գաետանոն անմիջապես ուղևորվեց Իսպանիա, որտեղ Ալկոլեոյի ճակատամարտում փորձում էր պաշտպանել միապետության շահերը, սակայն այդ ճակատամարտում պարտությունը նախանշեց Իզաբելլայի կառավարման ավարտը[14]։ Թագուհին ընտանիքի հետ փախուստի դիմեց Փարիզ, որտեղ նրան սպասում էր մայրը։ Սկզբնական շրջանում Գաետանոն կնոջ հետ ևս հաստատվեց Փարիզում՝ նրանց քեռու՝ Ակվիլայի կոմս, արքայազն Լուիջիի տանը[15]։
Այս ընթացքում Գաետանոն տառապում էր հոգեկան հիվանդությամբ, անընդհատ ընկճախտի մեջ էր։ Ամուսնությունից 2 տարի անց զույգը ճանապարհորդության մեկնեց Եվրոպա՝ Գաետանոյի առողջական վիճակը բարելավելու հույսով։ Նրանք այցելեցին Ավստրիա, Գերմանիա և Անգլիա, սակայն նա այդպես էլ չառողջացավ։ 1870 թվականի ամռանը Ջիջենտոյի կոմսերը հաստատվեցին Լյուցերնում՝ հեռու քաղաքական կյանքից[16]։ Գաետանոն կնոջից թաքցնում էր իր իրական հիվանդությունը՝ էպիլեպսիան[17]։ Սակայն մի օր նա էպիլեպտիկ նոպա ունեցավ կնոջ ներկայությամբ։ 1871 թվականի ամռանը նրանք տեղափոխվեցին Ժնև, այնուհետև այցելեցին Փարիզ, որտեղ հաստատվել էր նախկին թագուհին ընտանիքի մնացած անդամների հետ, որից հետո կրկին վերադարձան Լյուցերն[18]։ 1871 թվականի սեպտեմբերին Իզաբելլան վիժեց։ Երեխայի կորուստը, արքայական ընտանիքի արտաքսումը և առողջության վատթարացումը վատ էին անդրադառնում Գաետանոյի առողջականի վրա։ Նա ընկավ խորն ընկճախտի մեջ, փորձեց ինքնասպան լինել՝ դուրս թռչելով լուսամուտից[19]։ Այդ դեպքից հետո նրան մենակ չէին թողնում, նրա հետ միշտ կինն էր կամ համհարզը։ Սակայն 1871 թվականի նոյեմբերի 26-ին, երբ նրանք հանգրվանեցին Լյուցերնի հյուրանոցում, Գաետանոն փակվեց համարում և կրակեց գլխին։ Արքայազնը կենդանի էր, երբ նրան գտան, սակայն շուտով վախճանվեց[20]։
Արքայադուստր Իզաբելլան նոր էր 20 տարին բոլորել, երբ այրիացավ։ Նա անկեղծ սգում էր ամուսնու կորուստը, ում հետ շատ էր կապված։ Ամուսնու մահից հետո նա տեղափոխվեց մոր մոտ Փարիզ[21]։ Հետագա 3 տարիներին Իզաբելլան հանգիստ կյանք էր վարում մոր հետ՝ զբաղվելով իր 3 կրտսեր քույրերի դաստիարակությամբ։ Երբեմն հանդիպում էր նաև հոր՝ Ֆրանսիսկոյի հետ, ով ապրում էր թագուհուց զատ, այցելում էր նաև եղբորը՝ Ալֆոնսոյին, ով սովորում էր Վիեննայում[22]։ 1872 և 1873 թվականներին եղավ Մյունխենում, որտեղ հանգրվանեց մորաքրոջ՝ Ամելիայի տանը, ով ամուսնացել էր բավարացի արքայազնի հետ։ Այդ ժամանակաընթացքում արքայադուստրն ակտիվորեն նպաստում էր Իսպանիայում միապետության վերականգնմանը՝ ի դեմս եղբոր, այս առիթով հաճախ նամակագրական կապի մեջ էր Անտոնիո Կանովաս դել Կաստիլիոյի հետ[23]։
1874 թվականի դեկտեմբերի 29-ին արքայադուստր Իզաբելլայի եղբայր Ալֆոնսոյին կանչեցին բարձրանալ գահին։ Իսպանական թագավորական ընտանիքն այդ ժամանակ հավաքվել էր Փարիզում, որպեսզի նշեն Ամանորը, երբ ստացան այդ լուրը[24]։ 1875 թվականի հունվարի 14-ին նոր թագավորը ժամանեց Իսպանիա։ Հաջորդ ամիս Իզաբելլային առաջարկեցին վերադառնալ որպես երկրի առաջին տիկին և որպես ենթադրյալ ժառանգորդուհի[25]։ Մարտի 5-ին արքայադուստրը նավով դուրս եկավ Մարսելից և 2 օր անց ոտք դրեց իսպանական հողին[26]։
1875 թվականի մարտի 24-ին Իզաբելլային նորից շնորհվեց Աստուրիայի արքայադստեր տիտղոսը[27]։ Նա եղբոր հետ մեծ ժողովրդականություն էր վայելում։ Այդ ժամանակաընթացքում ուսումնասիրվում էին նոր թեկնածուներ արքայադստեր երկրորդ ամուսնության համար։ Ավստրիայի էրցհերցոգ Լյուդվիգ Սալվատորը, ով ապրում էր Իսպանիայում, առաջին թեկնածուն էր, ում ընտրեց կառավարությունը։ Սակայն ավելի ուշ նրա թեկնածությունից հրաժարվեցին էրցհերցոգի ծանր բնավորության պատճառով։ Եվս մեկ թեկնածու էր Արնուլֆ Բավարացին, սակայն Իզաբելլան չէր ցանկանում երկրորդ անգամ ամուսնանալ և նրա եղբայրը, ում հետ շատ մոտ էր, հարգեց արքայադստեր ընտրությունը, և նա այլևս չամուսնացավ։
Ալֆոնսոյի կառավարման առաջին տարիներին արքայադուստրն ամեն կերպ օգնում էր նրան, նրա աջ ձեռքն էր։ Նախկին թագուհին շարունակում էր բնակվել Ֆրանսիայում նույնիսկ միապետության վերականգնումից հետո, իսկ իր կրտսեր աղջիկներին հետ ուղարկեց Իզաբելլայի մոտ։ Արքայադուստրեր Պիլարի և Մարիա դե լա Պասի հետ Իզաբելլան լավ հարաբերություններ ուներ․ նրանք անախորժություններ չէին պատճառում Իզաբելլային։ Արքայադուստրը տարաձայնություններ ուներ միայն ամենակրտսեր քրոջ՝ Էուլալիայի հետ, ով եռանդուն ու պատվախնդիր էր։
1880 թվականին Ալֆոնսոն ամուսնացավ Մերսեդես Օռլեանցու հետ, ով դարձավ Իսպանիայի թագուհին։ Իզաբելլան նրա հետ ընկերացավ և նրան ուղղորդում էր առաջին տիկնոջ դերի հարցում։ Եղբոր ամուսնությունից հետո Իզաբելլան ավելի շատ ժամանակ ունեցավ ճանապարհորդելու և սիրելի զբաղմունքների համար։ Երբ Մերսեդեսն անսպասելիորեն մահացավ պալարախտից, Իզաբելլան օգնում էր եղբորն այլ կին գտնել, որը և դարձավ Մարիա Կրիստինա Ավստրիացին, ով Իզաբելլայի հանգուցյալ ամուսնու՝ Գաետանոյի բարեկամուհին էր։ Եղբոր վաղաժամ մահը նրա համար մեծ հարված էր։ Մարիա Կրիստինայի առաջին տիկին լինելու ժամանակ Իզաբելլան ազդեցիկ անձ էր իսպանական արքունիքում, քաղաքական հարցերում մեծապես աջակցում էր Մարիա Կրիստինային։ Իզաբելլան եղբոր երեխաների՝ Մերսեդեսի, Մարիա Թերեզայի և Ալֆոնսոյի համար դարձավ երկրորդ մայր։ Ալֆոնսոն հետագայում գահ բարձրացավ որպես Ալֆոնսո XIII:
Իզաբելլան թագավորական ընտանիքի ամենահարգալի և ժողովրդականություն վայելող անդամն էր։ 1885 թվականին Իսպանիայի Ռազմածովային ուժերի հածանավը կոչվեց արքայադուստր Իզաբելլայի անունով։ 1910 թվականին նա Արգենտինայի անկախության տոնակատարության կազմակերպիչներից մեկն էր և Բուենոս Այրեսում ներկայացնում էր թագավորական ընտանիքը։ Բուենոս Այրեսի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով՝ Պասեո դե լա ինֆանտա Իսաբել։ Մադրիդում ևս նրա անունով փողոց կա։
Իզաբելլան մահացել է 1931 թվականի ապրիլի 22-ին 79 տարեկան հասակում։ Արքայադստեր մահը վրա հասավ հեղափոխության ժամանակ եղբորորդու՝ Ալֆոնսո XIII-ի գահից հրաժարվելուց 5 օր անց։ Թագավորական ողջ ընտանիքը ստիպված էր հեռանալ Իսպանիայից։ Հանրապետականների հաղթանակից հետո կառավարությունը տեղեկացրեց արքայադստերը, որ վերջինս կարող է վերադառնալ Իսպանիա իր հանրահայտ լինելու համար։ Իզաբելլան հրաժարվեց վերադառնալ և մի քանի օր անց մահացավ Փարիզում։
Իր թանկարժեք իրերի մեծ մասը Իզաբելլան թողել է իր զարմիկ թագավորին։ Նրանց թվում էր նաև հայտնի Mellerio Shell պսակաթագը, որն այժմ թագավորական ընտանիքն օգտագործվում է պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Այն հաճախ կրում էր Սոֆիա թագուհին։ 1991 թվականին թագավոր Խուան Կարլոսի ջանքերով արքայադստեր աճյունը տեղափոխվեց Իսպանիա և թաղվեց Լա Գրանխա պալատի ժամատանը՝ Սեգովիայից ոչ շատ հեռու, իսկ պալատի սրահներից մեկը կոչվեց նրա անունով։
Դել Օստեդե զբոսայգում կանգնեցվեց Իզաբելլայի արձանը։ Բացի այդ Լա Գրանխայի այգում ևս տեղադրված է արքայադստեր նստած դիրքով արձանը՝ պատրաստված մարմարից։ Իզաբելլան քանդակված է վարդերի փնջով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.