Գետաբեկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գետաբեկ (ադրբ.՝ Gədəbəy, թարգմ.՝ Գեդեբեյ), քաղաք և վարչական կենտրոն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում։ Գտնվում է Գանձակից 48 կմ, Շամխորից՝ 35 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1380-1500 մ բարձրության վրա։ Իր մեջ միավորում է երբեմնի հայաբնակ Հին Գետաբակ (ավանի արևմտյան կողմում) և Հայի Գետաբակ (նաև՝ Ղազախ, Ղազախաշեն, Ղազախլի ավանի հյուսիսային կողմում) գյուղերը[1][2][3]։
Քաղաք | ||
---|---|---|
Գետաբեկ | ||
ադրբ.՝ Gədəbəy | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Գետաբեկի շրջան | |
Համայնք | Գետաբեկի շրջան և Ելիզավետպոլի գավառ | |
Տվյալ կարգավիճակում | 1990 թվականից | |
ԲԾՄ | 1467±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 9․019 մարդ (2008) | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +994 232 | |
| ||
Կեդաբեկ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[4]։
Գետաբեկ բնակավայրի անվան մի քանի տեսակետներ կան, որոնցից առավել հայտնին ու հավանականը համարվում է այն, որ Գետաբեկն իր (հին ու նախնական անվանաձևը՝ Գետաբակ) անունը ստացել է Շամքոր և Փառիսոս գետերի միախառնման տեղից[1][5]։
Բնակավայրի հայկական անվանումներից են՝ Հայի Գետաբեկ, Նոր Գետաբեկ, Հայի Գետաբակ, Նոր Գետաբակ, իսկ ադրբեջանցիների մոտ տարածված անվանումներից՝ Ղազախ-Գետաբեկ, Ղազախլի[1]։
Հայ մատենագրության մեջ տեղանունն առաջին անգամ հանդիպում է 7-րդ դարի դեպքերի առնչությամբ՝ իբրև բերդանուն։ Հայտնի է, որ քաղկեդոնականությանը հարած Դվինի Սուրբ Գրիգոր եկեղեցու փակակալ Հովհան Մայրավանեցի վարդապետը, Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսից (630-641թթ.) հալածվելով, նախ հանգրվան է գտնում Սոլակի վանքում, ապա գնում Գարդմանի Գետաբակ բերդի կողմերը.[1][6]
Եւ երթեալ Յովհաննու ընտրեաց իւր տեղի լռութեան ի կողմանս Գետաբակս բերդոյ, և անդ դադարեալ՝ հանապազ ընդ աստուծոյ խօսելով - Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց |
Հովհան Մայրավանեցին Գետաբակում գրել է երեք աշխատություն՝ «Խրատ վարուց», «Համատարմատար» և «Նոյեմակ»[1][7][8]։
Գետաբակը՝ իբրև բերդ, հիշվում է նաև 13-րդ դարի դեպքերի առնչությամբ, երբ հայ-վրացական զորքերը՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ, սելջուկ-թուրքերից ազատագրելով Հյուսիսային Հայաստանի գավառները, 1206 թվականին ազատագրել են նաև Գետաբակը.[1][9]
...և ի վեցհարիւր յիսուն և հինգ թուին առին զԿարս՝ թագաւորին. և ապա զԳետաբակս և զՉարեքն...: - Վարդան Արևելցի, Աշխարհացույց |
Այնուհետև բերդը նվաճվում է Հարավային Կովկաս ներխուժած մոնղոլ-թաթարների կողմից։ Գետաբակը, հարակից բերդերի հետ միասին բաժին է ընկնում Չարմաղան Ղատաղան-նոյին զորավարին[1][9][10][11]։
Պետրոսցի կաթողիկոսի մահից հետո սկսված աթոռակալական պայքարին մասնակից են դարձել նաև գետաբակցիները։ 1691 թվականին հասարակական մյուս խավերի ներկայացուցիչների հետ, ի պաշտպանություն Երեմիա կաթողիկոսի, «Դաշնադրության թուղթն» ստորագրել են Գետաբակից Դավիթ եպիսկոպոսը, Ազարիա վարդապետը, Թամրազը և Խաչատուրը[1][12]։
1702 թվականին պարսից Հուսեյն Ա շահը Գետաբակ գյուղն իր բնակչությամբ, մշակովի հողերով ու արոտավայրերով որոշակի ծառայությունների համար նվիրել է հայազգի Հովհաննես բեկին և կարգադրել Գանձակի խանության կառավարչին «ո՛չ գրչով, ո՛չ էլ գործով» ոտնձգություն չկատարել բեկի կամ նորընծա բնակավայրի հանդեպ, իսկ գյուղացիներին շահը պարտավորեցրել է Հովհաննեսին համարել իրենց տեր, չխախտել նրա խոսքն ու որոշումները[1][13]։
Մինչև 1770-ական թվականներին հայաթափ լինելը բնակավայրի մասին գրավոր աղբյուրներում հիշատակություններ չեն հայտնաբերվել[1]։
1861 թվականին Կոթի, Ոսկեպար և Ղալաչա գյուղերից փոխադրված շուրջ երկու տասնյակ հայ ընտանիքներ բնակություն են հաստատում հայաթափ գյուղատեղիում[Ն 1][1][14][15]։
Գետաբեկը Գանձակի նահանգի հայաբնակ այն գյուղերից մեկն էր, որն ամբողջությամբ թալանվել, ավերվել ու հրկիզվել էր մերձակա գյուղերի թուրք բնակչության կողմից։ Խժդժությունները սկսվում են 1905 թվականի նոյեմբերի 17-ին, երբ Փարաքենդ գյուղի բնակիչները հրդեհում են գետաբակցի անտառապահ Աբբաս Հաջիևի 60 սայլ խոտը՝ տեղի հայերի վրա հարձակվելու պատրվակ ստեղծելու համար։ Մի քանի օր անց Ֆրեզևկա ռուսական գյուղի քահանան հայտնում է Սլավյանկայում գտնվող նորանշանակ պրիստավ (ոստիկան) Ալ. Շեպիլլոյին, որ թուրքերը պատրաստվում են հարձակվել Գետաբեկի վրա։ Նոյեմբերի 22-ին Սոգութլու, Միսկինլի և այլ գյուղերի թուրքերը շրջապատում են Գետաբեկը ու հանքերի շուկան։ Այդ ժամանակ արդեն հայերի խանութները փակված էին, իսկ ժողովուրդը՝ հավաքված եկեղեցու մոտ։ Շուկայի մոտ թուրքերի թվաքանակը կազմում էր շուրջ 500 հոգի[1][15]։
Գյուղի փոքրաթիվ երիտասարդությունը ինքնապաշտպանության նպատակով դիրքեր է զբաղեցում շուկայի և գերեզմանատան միջև՝ պաշտպանելով այդ երկու ուղղությունները շուրջ 1 օր։ Սակայն թուրքերի թվաքանակը անընդհատ ավելանում էր՝ դժվարացնելով հայերի ինքնապաշտպանությունը։ Գերեզմանատանը դիրքավորված հայ երիտասարդները, տեսնելով որ երկու տեղը միաժամանակ այլևս անհնար է պաշտպանել, տեղափոխվում են դեպի գյուղ։ Երիտասարդ հայերի հեռանալուց հետո թուրքերը ներխուժում են շուկայի տարածք՝ թալանելով ու ավերելով շրջակայքում գտնվող ամեն ինչ։ Ժամ առ ժամ շատացող թուրքերին, ի վերջո, հաջողվում է կոտրել շրջապատման մեջ հայտնված և որևէ տեղից օգնություն չստացող հայերի պաշտպանությունն ու մտնել գյուղ։ Բնակչության մի մասին հաջողվում է փախչել գյուղից ու ոտքով հասնել Չարդախլու)։ Գյուղում մնացած բոլոր հայերը սպանվում են[1][16]։
Պրիստավ Ալ. Ի. Շեպիլլոյի տվյալներով՝ տներում ողջակիզվում են շուրջ 50 հայեր՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ։ Թուրքերն ավերում ու կողոպտում են նաև հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին[Ն 2][1][17][18][19][20][21][22][23]։
Ջարդից փրկված հայերը ճանապարհին էլ ենթարկվում են թուրքերի հարձակումներին։ Սարսափելով թուրքերից՝ գետաբեկցի հայերին չեն օգնում Սլավյանկա ռուսական գյուղի բնակիչները, որոնք հրաժարվում են ոտքով դեպի Չարդախլու փախչող գյուղացիներին սայլեր տրամադրել[1][16]։
Ըստ «Արարատ» թերթի հրապարակման՝ Գետաբեկի ողբերգական իրադարձությունների կազմակերպիչներն ու ամենագործուն մասնակիցներն էին պրիստավի պաշտոնակատար Ալիևն ու Միսկինլի գյուղի տանուտեր Մահմեդը[1][22]։
Որոշ ժամանակ անց, երբ գետաբեկցի, բադեցի, չարդախլվեցի հայերը տեսնում են, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում ջարդերի կազմակերպիչներին և մասնակիցներին պատժելու համար, որոշում են վրեժ լուծել գոնե առավել վայրագ թուրքերից։ Հայտնի էր, որն Սոգութլու գյուղում էին թուրքերը կենտրոնացրել գետաբակցի հայերից խլված ողջ թալանը[1][16]։
1905 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը հայերի արշավախումբը, մոտենալով Սոգութլու գյուղի մատույցներին, կարևոր դիրքեր է զբաղեցնում։ Օժանդակ խմբերը դիրքեր են զբաղեցնում շրջակա ձորերում։ 1906 թվականի հունվարի 1-ի վաղ առավոտյան խմբապետի շեփորի ազդանշանից հետո հարյուրավոր կամավորներ հարձակվում և շրջապատում են թուրքական գյուղը։ Թուրքերը դիմում են ինքնապաշտպանության։ Հայկական արշավախմբի խմբապետը առաջ է նետվում և մտնում գյուղ։ Վերջինիս հետևից գյուղ են մտնում ղազախեցի Բեգլարը, բանանցեցի Մակիչը, փիփեցի Թավաքալյան Համբարձումը, ախալքալաքցի Պետրոսը, վանեցի ղասաբ Գրիգորը, վանեցի Կարապետ Մելքոնյանը, մշեցի Վարդանը՝ յուրաքանչյուրն իրենց զորախմբերով։ Մեկ ժամվա ընթացքում Սոգութլուն հայտնվեց հայերի վերահսկողության ներքո։ Թուրքերը, թողնելով իրենց բոլոր իրերը, ընտանի կենդանիները, փախչում են գյուղից։ Գյուղի տգրավման գործողության ընթացքում սպանվում են Սոգութլուի գրեթե բոլոր արական սեռի չափահաս ներկայացուցիչները։ Կանայք, ծերերն ու երեխաները չեն սպանվում։ Երեք ժամից հետո Սոգութլուն և հարակից տարածքները ամբողջությամբ հայերի հսկողության ներքո են հայտնվում[1][24][25]։
Գետաբակի հայ բնակչության թվի մասին վիճակագրական տվյալներն առկա են վերաբնակեցումից ի վեր[1]։
Ստորև ներկայացված վիճակագրական աղյուսակից հստակ երևում է, որ 1901-1902 թվականներին Գետաբակի հայերի բնակչության թվաքանակը կտրուկ նվազել է, որը արդյունք էր բնակչության մի մասի արտագաղթի։ Հարկ է նշել, որ վայրը հայտնի էր իր պղնձի հանքերով, բայց արդեն 19-րդ դարավերջին հանքանյութի սպառման հետևանքով շատ հանքավայրերում աշխատանքները դադարեցվել էին, հայ բնակիչներն էլ, առավելապես հանքագործներ լինելով, վերածվել գործազուրկների ու սկսել էին դիմումներ հղել կառավարությանը՝ այլ վայր փոխադրվելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Վերաբնակվելու համար գետաբակցիները նախընտրում էին իրենց բնակավայրից 3 կմ հեռու՝ Չարեք վանքի կալվածքի սահմաններում գտնվող Մոկոշանոց հին գյուղատեղին[1][14]։
Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ 1874, 1914 թվականների ներկայացված փոքր-ինչ ուռճացված տվյալները կառավարության իրականացրած մարդահամարի արդյունք են, ուստի դրանցում արտացոլված է Գետաբակի ողջ բնակչությունը[1]։
Թվական | Հայկական տուն | Հայ արական | Հայ իգական | Ընդամենը հայեր | Նշումներ | Աղբյուր |
---|---|---|---|---|---|---|
1861 | 18 | [1][30] | ||||
1866 | 18 | 96 | 58 | 154 | [1][31] | |
1870 | 106 | 64 | 170 | [1][32] | ||
1872 | 147 | 109 | 256 | [1][33] | ||
1873 | 197 | [1][34] | ||||
1874 | 653 | [1][35] | ||||
1875 | 208 | [1][36] | ||||
1876 | 225 | [1][37] | ||||
1877 | 135 | 101 | 236 | [1][38] | ||
1878 | 20-25 | 137 | 99 | 236 | [1][39][40] | |
1881 | 148 | 107 | 255 | [1][41] | ||
1882 | 151 | 110 | 261 | [1][42] | ||
1883 | 147 | 105 | 252 | [1][43] | ||
1885 | 23 | 150 | 125 | 275 | [1][44] | |
1886 | 44 | 178 | 149 | 327 | Գետաբակում թուրքերը կազմում էին 124 տուն՝ 878 շունչ։ Ի դեպ, նույն թվականին մեկ այլ աղբյուր վկայակոչել է միայն 23 տուն[5]։ | [1][45] |
1887 | 172 | 150 | 322 | [1][46] | ||
1888 | 183 | 159 | 342 | [1][47] | ||
1889 | 23 | 188 | 169 | 357 | [1][48][49] | |
1890 | 33 | 197 | 184 | 381 | [1][50][51] | |
1891 | 215 | 202 | 417 | [1][52] | ||
1892 | 230 | 214 | 444 | [1][53] | ||
1893 | 30 | 243 | 225 | 468 | [1][54][55] | |
1894 | 262 | 252 | 514 | [1][56] | ||
1897 | 309 | 297 | 606 | [1][57] | ||
1898 | 325 | 315 | 640 | [1][58] | ||
1899 | 33 | 329 | 318 | 647 | [1][59] | |
1900 | 337 | 339 | 676 | [1][60] | ||
1901 | 359 | 347 | 706 | [1][61] | ||
1902 | 248 | 228 | 476 | [1][62] | ||
1905 | 250 | 230 | 480 | [1][63] | ||
1906 | 165 | 163 | 328 | [1][64] | ||
1907 | 327 | [1][65] | ||||
1908 | 35 | 300 | 250 | 550 | [1][66] | |
1909 | 265 | 241 | 505 | [1][67] | ||
1910 | 70 | 60 | 130 | [1][68] | ||
1912 | 74 | 280 | 243 | 523 | [1][69] | |
1914 | 669 | [1][70] |
Գետաբեկի տարածքում գտնվել են հարյուրավոր հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնց մեծ մասը ոչնչացվել են[1]։
Գյուղում եղել են մի քանի հնագույն գերեզմանոցներ։ Բնակավայրի հարավային կողմում տեղակայված գերեզմանոցը պատմական մեծ արժեք ուներ, քանի որ տեղում թաղումներն անընդմեջ իրականացվել են բազում դարեր շարունակ առնվազն միջնադարից։ Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից ավերվել է 1960-1970 թվականներին՝ Գետաբեկի շրջանային հեռուստատեսության համար կայան կառուցելու պատրվակով։ Գյուղի տարածքում և հարևանությամբ գտնվող բոլոր վանքերի, եկեղեցիների ու մատուռների շրջակայքում նույնպես եղել են հնագույն գերեզմաններ[1]։
Գետաբեկի մերձակայքում գտնված կարևոր հնագիտական հուշարձաններից է նաև կիկլոպյան ամրոցը, որը տեսել և նկարագրել է հնագետ Լեհման-Հաուպտ[1][71]
Մի մեծ բլուր՝ այժմ ծածկված մութ անտառով ու խիստ մացառուտներով, շրջափակված է հսկա քարակտորներով կառուցված յոթնաշերտ կիկլոպյան շրջապարսպով. ժայռակտորներ, որոնք այնպիսի ծանրություն ունեին, որ, ինչպես նախապատմական կառույցների դեպքում հաճախ լինում է, անհնար էր ըմբռնել, թե ինչպես կարող էր մեկ, դեռ չասելով՝ հարյուրավոր այդպիսի քարակոշտերը վեր բարձրացվել և միմյանց կողքին կամ միմյանց վրա տեղադրվել։ Երկու կողմից պարիսպներով շրջափակված մի ճանապարհ հյուսիսից հարավ առաջնորդում է ամբողջ կառույցի միջով։ Բացի այդ արևելքից մի գաղտնի, մասամբ ստորգետնյա անցարան է ձգվում դեպի բերդի կենտրոնը, այնտեղ, որտեղ բլուրն ավելի զառիվայր է դառնում։ Նույնիսկ գլխավոր մուտքը խիստ դժվար էր գտնել։ Ձիերը սուզվում էին մինչև թամբերի բարձրությանը հասնող փարթամ խոտի մեջ, և բոլորապարիսպների ներսում առաջ գնալը խիստ դժվար էր։ Տպավորությունը, որ մենք վայրի անտառաթավուտում գտնվող այդ կառույցից ստացանք, մեծաշուք և գրեթե սոսկալի էր։ Վերադարձի ճանապարհին իմ ուղեկիցն ինձ առաջնորդեց իր կողմից նախկինում բացված՝ բրոնզի և նորասկիզբ երկաթի դարաշրջանից սերող մի շարք գերեզմանների մոտով։ Դրանցում էին գտնվել նաև այն կենդանական պատկերներով և որսի տեսարաններով պատված բրոնզե գոտիները, որոնք Վիրխովը դարձրել էր մի հատուկ ակադեմիական աշխատության նյութ։ - Հաուպտ Լեհման. [71] |
Գյուղի տարածքում էին գտնվում նաև Սուրբ Աստվածածին և Սուրբ Գևորգ եկեղեցիները, Սուրբ Սարգիս վանքը[1]։
Գետաբեկից ոչ հեռու՝ Շամխոր գետի մոտ են գտնվում հռչակավոր Չարեք բերդը (Սահակ Սևադայի բերդ), Չարեք վանքը, Հարանց մատուռը, Աշոտ Երկաթի կամուրջը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.