From Wikipedia, the free encyclopedia
Աքերոն (հին հունարեն՝ Ἀχέρων, տխրություն), Հադես ստորգետնյա թագավորությունում հոսող հինգ գետերից մեկը, ի թիվս Ստիքս (ատելության), Լեթա (մոռացության), Կոկիտոս (ողբի) և Ֆլեգետոն (բոցեղեն) գետերի[1]։ Աքերոն գետի դիցաբանական մարմնավորում։
Աքերոն | |
---|---|
«Ոգիներն Աքերոնի ափին» (1898)
նկարիչ՝ Ադոլֆ Հիրեմի Հիրշլ | |
Տեսակ | գետերի հունական աստվածներ |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Acheron? |
Հայր | Օվկիանոս |
Ամուսին | Orphne? |
Զավակներ | Ascalaphus? |
Ասպարեզ | Ախերոն և Acheron? |
Acheron Վիքիպահեստում |
Իռլանդական բանահյուսության մեջ (Թունդալի տեսիլք) Աքերոնը բոցավառ աչքերով հրեշ է․ այն ժամանակի ընթացքում ասոցացվել է Դժոխքի հետ։
Հստակ հայտնի չէ Ἀχέρων հին հունական տերմինի ծագումը։ Ժողովրդական ստուգաբանությամբ այն առաջացել է հունարեն ὁ ἄχεα ῥέων «տխրության հոսք» կամ «տխրություն» բառերից[2] կամ ἄχος - ցավ բառից։ Հետևաբար, Աքերոնը համարվում է տառապանքի, ցավի, ինչպես նաև մահացածների գետ, որով անցնում են կամ որով պետք է լողան մահացածների հոգիները։ Երբեմն այս անունն օգտագործվում է որպես Հադեսի՝ ստորգետնայ աշխարհի հոմանիշ, հատկապես ալեքսանդրիական և հռոմեական բանաստեղծների կողմից։
Ոդիսականի իններորդ երգում Աքերոնը Հադես ստորգետնյա թագավորության գետերից մեկն է[3], որով Քարոնն իր նավակով տեղափոխում է մահացածների ժամանած ստվերները (ըստ այլ տարբերակի, նա ստվերները տեղափոխում է Ստիքս գետով)։ Նրա դարպասների մոտ Հերակլեսը գտել է Կերբերոսին[4]։ Չորս գետերից Աքերոնը համապատասխանում է օդին և հարավին[5]։ Համարվել է, որ Աքերոն են թափվում ստորգետնյա աշխարհի երկու գետերը՝ Պիրիֆլեգետոնը (կամ Ֆլեգետոնը) և Կոկիտոսը։ Աքերոնը հիշատակվում է Վերգիլիոսի «Էնեականում», Լուկանոսի «Փարսալոսում» և Օվիդեոսի «Մետամորֆոզներում» (Կերպարանափոխություններ)։ Դանթեն նկարագրել է գետը իր« Տխուր Աքերոնի ափին» (Su la trista riviera d’Acheronte) բանաստեղծության մեջ։
Թեսպրոտիայով հոսող Աքերոն գետի վայրի և վախեցնող տեսարանը, որը հոսում էր կախված ժայռերի արանքում և երբեմն կորում է գետնի տակ, ինչպես նաև Աքերոնյան լճի խորությունն ու գոլորշիացումը, պատճառ են հանդիսացել հույների ժողովրդական տարածված համոզմունքի, որ այստեղ կա ստորերկրյա մուտք, և, որ հին ժամանակներից ի վեր լճի մերձակայքում եղել է օրակուլ։ Որոշ այլ երկրներում նույնպես այս անվանով լճեր են եղել, որոնց տեսքն առաջացնում էր նման պատկերացումներ, մասնավորապես Արկադիայում և Կամբանիայում (Սալոնիկի հարթավայր)։
Աքերոնը նաև գետի աստվածն է[6], Ասկալաֆի հայրը[7]։
Էտրուսկներն ունեին գուշակություն անելու հրահանգների համար «ճակատագրի գրքեր», և մարմնի մահից հետո ոգուն տրվող ցուցումների համար «Աքերոնի գրքեր»։
Ժամանակի ընթացքում Աքերոնը դարձել է դժոխքի անվանում, և «Աքերոն» և «Աքերուսյան» բառերը օգտագործվել են ստորգետնյա աշխարհի խորությունն ու սարսափները նշելու համար։ Այս ըմբռնումը մտել է միջնադարի մշակույթ։ Այսպիսով, ըստ հին իռլանդական բանահյուսության լեգենդներից մեկի, իռլանդական Կորկ քաղաքում ապրում էր Թունդալ անունով մի ազնվական։ Նա դաստիարակված ու համարձակ մարդ էր, բայց ոչ կատարյալ անթերի։ Մի անգամ (1148) իր ընկերուհու տանը խնջույքի ժամանակ նա հիվանդանում է, երեք օր և երեք գիշեր նա համարվում էր մահացած, միայն մի փոքր ջերմություն էր զգացվում սրտի շրջանում։ Երբ նա ուշքի է գալիս, ասում է, որ իր պահապան հրեշտակն իրեն ցույց է տվել է անդրաշխարհ և դուրս է բերել այնտեղից։ Նրա տեսած բազմաթիվ հրաշքներից էր Աքերոն հրեշը[8]։
Աքերոնը բարձր է ցանկացած սարից։ Նրա աչքերը կրակ են ժայթքում, իսկ բերանն այնքան հսկայական է, որ կտեղավորի ինը հազար մարդու։ Անեծքից դատապարտված երկու մարդ՝ որպես սյուներ կամ ատլանտներ, օգնում են, որ նրա բերանը բաց մնա․ նրանցից մեկը կանգնած է ոտքերի վրա, մյուսը՝ գլխի։ Երեք կոկորդ է տանում դեպի աղիքները, որոնք երեքն էլ անշեջ կրակ են որձկում։ Հրեշի որովայնից արձակվում են նրա կողմից կուլ տված անթիվ անիծյալ հոգիների անդադար ճիչերը[9]։ |
Դևերը Թունդալին ասում են, որ այդ հրեշի անունն Աքերոն է։ Պահապան հրեշտակը թողնում է Թունդալին, և նա այլ հոգիների հոսքով տեղափոխվում է Աքերոնի որովայն։ Նրա շուրջը արցունքներ են, խավար, ատամների կրճտոց, կրակ, անտանելի շոգ, սառցե ցուրտ, շներ, արջեր, առյուծներ և օձեր։ Այս լեգենդում դժոխքը մի տեսակ գազան է, որը կազմված է այլ գազաններից։ Գելերենով գրված այս պատմության նախնական տարբերակն այժմ կորած է, բայց Ռեգենսբուրգից (Ռատիսբոն) Մարկուս անունով մի բենեդիկտյան վանական այն թարգմանել է լատիներեն, և դրա շնորհիվ լեգենդը թարգմանվել է շատ լեզուներով՝ ներառյալ շվեդերեն և իսպաներեն։ Լատինական տարբերակի ավելի քան հիսուն ձեռագիր է պահպանվել, որոնք հիմնականում համընկնում են։ Այն վերնագրված է «Թունդալի տեսիք» («Visio Tundali»)[10] և համարվում է Դանթեի Աստվածային կատակերգության աղբյուրներից մեկը[8]։
1758 թվականին Էմանուել Սվեդեբորգը գրել է. «Ինձ տրված չէր տեսնել Դժոխքի ընդհանուր ուրվագծերը, բայց ասվել է, որ, ճիշտ այնպես, ինչպես Դրախտը տղամարդու կերպարանք ունի, Դժոխքը Հրեշի ձև ունի»[11]։
Դանթեի «Աստվածային կատակերգությունում» Աքերոն գետը բոլորում է Դժողխքի առաջին օղակը և, հետևաբար, բոլոր մյուսները․ նրանից հոսող բոլոր վտակները հինգերորդ շրջանում դառնում են մուգ արնագույն-սև և թափվում են Ստիքսի ճահիճ (Ստիգյան ճահիճ), որում խոշտանգվում են ցասկոտները[12] և որով ողողվում են ստորին Դժոխքի անդունդը եզերող Դիտա քաղաքի պատերը[13]։ Դրանից ներքև Ֆլեգետոնն է (φλεγέθων- այրող)՝ եռացող արյունով լցված օղակաձև գետը, որի մեջ ընկղմվում են մտերիմների նկատմամբ բռնացողները[14]։ Դրանից հետո Ֆլեգետոնի արյունոտ հոսանքը հատում է ինքնասպանների անտառը և անապատը[15], որտեղ կրակե անձրև է տեղում[16]։ Այստեղից Ֆլեգետոնը աղմկոտ ջրվեժով խորը գահավիժում է[17], որպեսզի վերածվի երկրի կենտրոնում գտնվող Կոցիտոս սառցե լճի (հին հունարեն՝ κωκυτός -լատինացված ձևով, «ողբ»)[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.