Երուսաղեմ քաղաքի արևելյան հատվածը From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Երուսաղեմ (արաբ․՝ القدس الشرقية; եբրայերեն՝ מזרח ירושלים), Երուսաղեմի հատված, որը նվաճել էր Հորդանանը 1948 թվականին և առանձնացվել էր Իսրայելի կողմից վերահսկվող Արևմտյան Երուսաղեմից 1948-1949 թվականների Արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում։ Այն ընդգրկում է Երուսաղեմի հին քաղաքը և Հուդայականության, Քրիստոնեության և Իսլամի որոշ սրբավայրեր, ինչպիսիք են Ժայռի Գմբեթը, Լացի պատը, Ալ-Ակսա մզկիթը, Սուրբ Հարության տաճարը և բազմաթիվ այլ պատմամշակութային օբյեկտներ։ Հատվածի քաղաքական վիճակի վերաբերյալ Իսրայելի և Պաղեստինի մոտեցումները չեն համընկնում[1]։ Պաղեստինի տեսակետը պաշտոնապես հիմնված է 1949 թվականի հաշտության համաձայնագրերի վրա, իսկ Իսրայելի դիրքորոշումը հիմնված է ներկայիս Երուսաղեմի գործող սահմանների վրա, որոնք արդյունք են Իսրայելի կողմից որոշված մի շարք վարչատարածքային ընդլայնումների վրա, որոնք Իսրայելը իրականացրել է 1967 թվականի հունիսի Վեցնօրյա պատերազմից հետո։ Չնայած իր անվանմանը Արևելյան Երուսաղեմի մեջ են մտնում Հին քաղաքից դեպի հյուսիս, արևելք և հարավ ընկած թաղամասերը։
1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Երուսաղեմը վիճելի էր Հորդանանի և Իսրայելի միջև և հրադադարի ժամանակ երկու երկրները գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերում կիսել Երուսաղեմը երկու մասի, արևելյան հատվածը անցնում էր Հորդանանին, իսկ արևմտյանը` Իսրայելին։ Համաձայնությունը պաշտոնական ուժ ստացավ Հռոդոսի համաձայնագրով 1949 թվականի մարտին[2][3]։ Մեկ շաբաթ անց Դավիդ բեն Գուրիոնը իր կուսակցության ժողովում հայտարարեց, որ Հրեական Երուսաղեմը Իսրայելի անբաժանելի մասն է[4]։ Հորդանանին անցավ Արևելյան Երուսաղեմը[5]։ Այս համաձայնագիրը հաստատեցին համապատասխանաբար Քնեսեթը 1950 թվականի հունվարին և Հորդանանի խորհրդարանը 1950 թվականի ապրիլին[6]։
1967 թվականի Վեցնօրյա պատերազմից հետո Արևելյան Երուսաղեմը անցավ Իսրայելի վերահսկողության տակ[7]։ Այն օկուպացվեց Իսրայելի կողմից 1967 թվականի հունիսին։ 1967 թվականի հունիսի 27-ից 28-ին Արևելյան Երուսաղեմը Իսրայելի կողմից ճանաչվեց որպես Երուսաղեմի անբաժանելի մաս Իսրայելի վերահսկողության ներքո[8][9]։ Գլխավոր ասամբլեան բազմաթիվ հռչակագրերի միջոցով փորձեց փոխել քաղաքի կարգավիճակը, սակայն ապարդյուն[10]։
Պաղեստինի ազատության կազմակերպության 1988 թվականի Պաղեստինի անկախության հռչակագրով Երուսաղեմը հռչակվել է Պաղեստինի մայրաքաղաք։ 2000 թվականին Պաղեստինի իշխանությունները ընդունեցին օրենք, որով Երուսաղեմը ճանաչվում էր մայրաքաղաք, որը 2002 թվականին հաստատեց նախագահ Յասեր Արաֆաթը[11][12], չնայած Իսրայելը չի թույլատրում Պաղեստինին պետական հաստատություններ հիմնել Արևելյան Երուսաղեմում։ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը ճանաչեց Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք 2017 թվականի դեկտեմբերի 13-ին[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.