From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Յոզեֆ Ֆերդինանդ Յոդլ (մայիսի 10, 1890[1][2][3][…], Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4] - հոկտեմբերի 16, 1946[4][5][1][…], Nuremberg Court Prison[6]), գերմանացի գեներալ-գնդապետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պաշտոնավարում էր որպես Վերմախտի գերագույն հրամանատարության օպերատիվ ղեկավարության շտաբի պետ։
Ալֆրեդ Յոդլ գերմ.՝ Alfred Jodl | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1946[4][5][1][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Nuremberg Court Prison[6] |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Luise Jodl? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Alfred Jodl Վիքիպահեստում |
Եվրոպայում պատերազմական գործողությունների ավարտից հետո Յոդլին դաշնակիցների կազմակերպած Նյուրնբերգյան դատավարության ընթացքում առաջադրվել են խաղաղության դեմ դավադիր հանցագործություններ, ագրեսիվ պատերազմներ պլանավորելու, նախաձեռնելու և իրականացնելու, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքներ։
Նրա նկատմամբ հիմնական մեղադրանքները վերաբերում էին Կոմանդո և Կոմիսարների մասին հանցավոր հրամանները ստորագրելուն։ Յոդլը մեղավոր է ճանաչվել բոլոր մեղադրանքներում, մահվան է դատապարտվել և 1946 թվականին մահապատժի ենթարկվել Նյուրնբերգում։
Ալֆրեդ Յոդլը կրթություն ստացել է Մյունխենի ռազմական կադետական դպրոցում, որն ավարտել է 1910 թվականին։ Ֆերդինանդ Յոդլը՝ նրա կրտսեր եղբայրը, նույնպես բանակի գեներալ էր դառնալու։ Վիեննայի համալսարանի փիլիսոփա և հոգեբան Ֆրիդրիխ Յոդլը նրա հորեղբայրն էր[8]։ 1914-1916 թվականներին Արևմտյան ռազմաճակատում Յոդլը ծառայել է հրետանային մարտկոցում։ 1914 թվականի նոյեմբերին պարգևատրվել է խիզախության համար Երկաթե խաչով, վիրավորվել մարտական գործողության ընթացքում։ 1917 թվականին նա կարճ ժամանակ ծառայել է Արևելյան ռազմաճակատում, Արևմտյան ճակատ վերադարձել է որպես մարտական գործողությունների պլանավորման գործում պատասխանատու սպայի օգնական սպա։
1918 թվականին Յոդլը մարտական գործողության ժամանակ խիզախության համար կրկին ստացել է Երկաթե խաչ։ 1918 թվականին Գերմանական կայսրության կրած պարտությունից հետո նա շարունակել է իր կարիերան որպես պրոֆեսիոնալ զինվորական էականորեն կրճատված գերմանական բանակում՝ Ռայխսվերում[9]։
Յոդլն ամուսնացել է երկու անգամ՝ 1913 թվականին այրիանալուց հետո և 1944 թվականին[9]։
Վեյմարյան հանրապետության վերջին տարիներին բանակի Գլխավոր շտաբի Թրուպպենամտի օպերատիվ մասնաճյուղում Յոդլը մայոր էր գեներալ Լյուդվիգ Բեկի[փա՞ստ] ենթակայության ներքո։ 1939 թվականի սեպտեմբերին Յոդլն առաջին անգամ հանդիպել է Ադոլֆ Հիտլերին։ Անշլյուսից հետո մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը Յոդլն անվանապես 44-րդ դիվիզիայի հրամանատարն էր՝ 1938 թվականի հոկտեմբերից մինչև 1939 թվականի օգոստոս։
1939 թվականի օգոստոսի 23-ին Յոդլը Հիտլերի կողմից նշանակվել է նորաստեղծ Վերմախտի գերագույն հրամանատարությունում (ՕՔեյ Դաբլյու) օպերացիոն շտաբի պետի պաշտոնում, ինչը նախորդել է Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակմանը[10]։ Յոդլը Դանիա և Նորվեգիա կատարված սրընթաց ներխուժման ժամանակ հրամանատարության գլխավոր խորհրդականն էր։ Ֆրանսիայի անկումից հետո Յոդլը լավատեսորեն էր վերաբերվում Բրիտանիայի նկատմամբ Գերմանիայի հաղթանակին, երբ 1940 թվականի հունիսի 30-ին գրում էր. «Այժմ Գերմանիայի վերջնական հաղթանակը Անգլիայի նկատմամբ միայն ժամանակի հարց է»[11]։
Յոդլը 1941 թվականի հունիսի 6-ին ստորագրել է Կոմիսարների մասին հրամանագիրը, որը նախատեսում էր Սովետական կարմիր բանակի քաղաքական կոմիսարների գնդակահարությունը և 1942 թվականի հոկտեմբերի 28-ի Կոմանդո հրամանը, որով հակառակորդ դաշնակիցները, ներառյալ պատշաճ համազգեստավորված զինծառայողները, ինչպես նաև քաղաքացիական հագուստ կրող զինյալները, օրինակ՝ ֆրանսիական դիմադրության շարժման ընդհատակյա Մաքիզ մարտիկները և պարտիզանները, առանց դատվելու գերմանական դիրքերից ներս բռնվելու դեպքում պետք է անմիջապես մահապատժի ենթարկվեին։
Պատերազմի մեծ մասը Յոդլն անցկացրել է Գայլի որջում՝ Արևելյան Պրուսիայում գտնվող Հիտլերի առաջատար հրամանատարական կետում։ 1944 թվականի փետրվարի 1-ին Յոդլն արժանացել է գեներալ-գնդապետի կոչման։ 1944 թվականի հուլիսի 20-ին Հիտլերի դեմ իրականացված դավադրության ժամանակ Յոդլը պայթյունից թեթև վիրավորվածների թվում էր. ցնցում էր ստացել[12]։ Հիտլերի իրավահաջորդ ծովակալ Կարլ Դյոնիցի կողմից 1945 թվականի մայիսի 6-ին Յոդլը պարգևատրվել է Երկաթե խաչի շքանշանի Ասպետի խաչով[13]։
Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական գործողությունների ավարտին Դյոնիցի ներկայացուցիչ Յոդլը 1945 թվականի մայիսի 7-ին Ռեյմսում ստորագրել է զինադադար՝ «Անձնատվության գերմանական փաստաթուղթը[14]»։
Յոդլը ձերբակալվել է բրիտանական զորքերի կողմից 1945 թվականի մայիսի 23-ին և տեղափոխվել Ֆլենսբուրգի ռազմագերիների ճամբար, այնուհետև կանգնել Նյուրնբերգյան դատավարությունում Միջազգային ռազմական տրիբունալի առջև։ Յոդլին առաջադրվել են խաղաղության դեմ դավադիր հանցագործություններ, ագրեսիվ պատերազմներ պլանավորելու, նախաձեռնելու և իրականացնելու, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքներ։ Նրա դեմ ուղղված սկզբունքային մեղադրանքները վերաբերում էին Կոմանդո և Կոմիսարների մասին հրամանների ստորագրմանը։ Դրանք նախատեսում էին ռազմագերիների որոշակի դասերի անվերապահ գնդակահարություն։ 1941 թվականին Խորհրդային Միության կարմիր բանակի գերի ընկած զինվորականների զանգվածային գնդակահարությունների առիթով Յոդլը պնդում է, որ միայն այն գերիներն էին գնդակահարվում «ոչ նրանք, ովքեր չէին կարող, այլ նրանք, ովքեր չէին ցանկանում քայլել»[15]։
Նրան առաջադրված լրացուցիչ մեղադրանքներն էին անօրինական դեպորտացիան և սպանությունների խրախուսումը։ Որպես ապացույց ներկայացվել է նրա ստորագրությունը Դանիայի քաղաքացիներին, ներառյալ հրեաներին վերաբերվող այն հրամանի տակ, որով նրանց տեղափոխել են նացիստական համակենտրոնացման ճամբարներ։ Չնայած Յոդլի կողմից ռեժիմի կատարածին իր մեղսակցության ժխտմանը, դատարանը հաստատել է նրա հանցակցությունը՝ հիմնվելով իր կողմից քննված վկայությունների վրա, չհամաձայնելով ֆրանսիացի դատավոր Անրի Դոնեդյե դե Վաբրեի հետ։
Նրա կին Լուիսը իրեն կցել էր ամուսնու պաշտպանական թիմին[16]։ Այնուհետև, հարցազրույց տալով Գիտտա Սերենիին, ուսումնասիրելով նրա գրած Ալբերտ Շպեերի կենսագրությունը, Լուիսը պնդում էր, որ շատ դեպքերում Դաշնակցային դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Յոդլին հրաժարվելով պաշտպանական կողմին ներկայացնել դրանք հիմնավորող փաստաթղթերը։ Այնուամենայնիվ մեղադրյալը հաստատել է, որ իրեն առաջադրված որոշ մեղադրանքներ չեն համապատասխանում իրականությանը, ինչպես օրինակ այն, որ Հիտլերն իր օժանդակությամբ 1933 թվականին Գերմանիան վերահսկողության տակ է վերցրել[17]։
Յոդլը պնդել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում «Աստծո, պատմության և իմ ժողովրդի առջև»։ Բոլոր չորս մեղադրանքներով մեղավոր ճանաչված՝ նրան կախաղան են հանել Նյուրնբերգի բանտում 1946 թվականի հոկտեմբերի 16-ին[18]։ Յոդլի վերջին խոսքերն են եղել «Քե՛զ եմ ողջունում, հավերժական իմ Գերմանիա»[19]։
Նրա մնացորդները, ինչպես մնացած ինը մահապատժի ենթարկվածներինը, նաև՝ Հերման Գյորինգի, որն ինքնասպան էր եղել նախատեսված մահապատժից առաջ, դիակիզվել են Օստֆրիդհոֆում, և մոխիրը ցրվել էր Իսար գետի մի փոքր վտակ Վենցբախի վրա[20][21][22] կանխարգելելու համար ազգայնական խմբավորումների կողմից մշտական թաղման վայրի ամրագրումը։
1953 թվականի փետրվարի 28-ին Արևմտյան Գերմանիայի դենացիֆիկացման դատարանը հայտարարել է, որ մահացած Յոդլը չի խախտել միջազգային իրավունքը[23]։ Միացյալ Նահանգների բողոքների հետևանքով անպարտության վերաբերյալ այդ հայտարարությունը 1953 թվականի սեպտեմբերի 3-ին չեղյալ է հայտարարել Բավարիայի քաղաքական ազատագրության նախարարը[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.