Ալպեր
From Wikipedia, the free encyclopedia
Ալպեր կամ Ալպյան լեռներ (գերմ.՝ Alpen, իտալ.՝ Alpi, ֆր.՝ Alpes, հունարեն՝ Αλπεις, սլովեն.՝ Alpe), կելտական alp բառից, որը նշանակում է «բարձր լեռ», Եվրոպայի ամենաբարձր լեռնաշղթան է։
Ալպեր | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Գերմանիա Ավստրիա Շվեյցարիա Ֆրանսիա Իտալիա Սլովենիա Մոնակո Լիխտենշտայն |
Մասն է | Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ |
Նյութ | Մագմատիկ ապարներ, Ֆլիշ, Մոլասներ, փոխակերպված ապար և նստվածքային ապար |
Երկարություն | 1200 կմ |
Մակերես | 190 000 կմ² |
Մեծագույն գագաթ | Մոնբլան |
Ալպերը ուռուցիկ աղեղի նման ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք 1200 կմ։ Լեռներն ունեն սուր, ատամնաձև գագաթներ, որոնք ծածկված են հավերժական ձյունով։
Ատլանտյան օվկիանոսից փչող քամիներն առատ տեղումներ են բերում, ձմռանը լեռներում առատ ձյուն է գալիս։ Լեռներից, վիթխարի սառցային գետերի նման, դանդաղորեն դեպի ներքև են սահում սառցադաշտերը։ Նրանցից սկիզբ են առնում մի շարք վտակներ, որոնք աստիճանաբար դառնում են ջրառատ, արագահոս և սահանքավոր գետեր (Վերին Հռենոս, Ռոն և այլն)։ Լեռնային գետերն օգտագործվում են ջրաէլեկտրակայաններ կառուցելու համար։
Ալպերի արևմտյան մասում գտնվում է Մոնբլանը («Սպիտակ լեռ», 4810 մ)` Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը։
Չնայած այդպիսի բարձրությանը` Ալպերը դժվարանցանելի չէ։ Այն կտրտված է խոր հովիտներով` ինչպես լայնությամբ, այնպես էլ երկարությամբ։ Լեռների միջով փորված թունելներով անցնում են երկաթուղիներ։ Ալպերի շրջանի բնակչությունը բավականին խիտ է։ Վաղ ժամանակներից ի վեր ալպյան լեռնանցքներով են անցնում առևտրական ճանապարհները Միջերկրական ծովից դեպի Կենտրոնական Եվրոպա։ Այդ ճանապարհներին, գետահովիտներում և լճերի մոտերքում, առաջացել են հնադարյան քաղաքներ։
Լեռնային փարթամ մարգագետիններում զարգացած է կաթնատու անասնապահությունը։
Ալպերը հարուստ չէ օգտակար հանածոներով (ծայր հարավ-արևմուտքում կան բոքսիտներ, արևելքում՝ մի քանի մետաղների հանքեր)։
Ալպերը մտնում է 8 երկրի կազմության մեջ. փակագծերում ներկայացված են Ալպերի տոկոսը տվյալ պետության ընդհանուր տարածքից. Լիխտենշտայն (100%), Մոնակո (100%), Ավստրիա (65%), Շվեյցարիա (60%), Սլովենիա (40%), Իտալիա (17%), Ֆրանսիա (7%), Գերմանիա (3%)։