Վահկա (բերդաքաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Վահկա, բերդաքաղաք Լեռնային Կիլիկիայում, Սարոս գետի վերին հոսանքի աջ ափին, Սիս քաղաքից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք, Բարձրաբերդից արևմուտք, Առյուծ և Կաստաղոն բերդերի մերձակա տարածքում[1]։ Բերդը կառուցված է մի բարձր լեռան կատարին[2]։ VII—VIII դարերում եղել է Բյուզանդական կայսրության կարևոր ռազմական հենակետ՝ Արաբական խալիֆայության դեմ պայքարում։ Այն 1080 թվականին Կիլիկիայում հաստատված Ռուբինյան իշխանների առաջին ու ամենակարևոր հենակետերից մեկն էր[2]։ 1097 թվականին Կիլիկիայի Հայոց իշխան Կոստանդին Ա բյուզանդացիներից ազատագրել է Վահկան և հռչակել իր իշխանապետության մայրաքաղաք։ Նրա հաջորդը՝ Թորոս Ա (1100—1129), վերակառուցել է Վահկայի ամրությունները, հիմնել դղյակ, պալատներ և այլ շինություններ։ 1137 թվականին Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսը խոշոր բանակով պաշարել է Վահկան, որի հայկական կայազորը և բնակչությունը՝ Կոստանդին զորավարի գլխավորությամբ մարտնչել են հերոսաբար։ Ի վերջո թշնամին գրավել է Վահկան և գերեվարել պաշտպաններին, այղ թվում Մեծ իշխան Լեոն Ա-ին ու նրա որդիներին՝ Ռուբենին ու Թորոսին։ 1145 թվականին Վահկան ազատագրել է գերությունից փախած Թորոս Բ Մեծ իշխանը։ Նրա եղբայրը և հաջորդը՝ Մլեհը, 1173 թվականին իշխանության մայրաքաղաքը հռչակել է Սիսը և գահանիստը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Այնուհետև Վահկան հիշատակվում է որպես ըմբոստ իշխանների ու պալատականների կալանատեղի։ Կիլիկյան Հայաստանի պետականության անկումից (1375) հետո Վահկան մնացել է Աջապահյանների գերդաստանի ձեռքում (մինչև XIX դար)։ XIX դարի վերջին Վահկան ավան էր (հայերն անվանում էին Վաքա, թուրքերը՝ Ֆեքե) և համանուն գավառակի (կազայի) կենտրոնը՝ մոտ 800 հայ բնակչությամբ։ Վահկայի միջնադարյան եկեղեցիներից XIV դարում հիշվում է Սուրբ Նշանը։ XIX դարում Վահկայում գործում էին Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Թորոս, Սուրբ Մինաս, Սուրբ Գևորգ եկեղեցիները և Սուրբ Հովհաննես մենաստանը, որի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրումը վերագրվում էր Ներսես Շնորհալուն։ Վահկայի հայերը բռնի տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց զգալի մասը զոհվել է գաղթի ճանապարհին, սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Վահկայի ամրոցը տեղադրված է բարձր լեռնագագաթին և ձգվում է հյուսիսից հարավ (երկարությունը 180 մ, լայնությունը մեջտեղում՝ մոտ 25 մ)։ Ռուստաձև մշակված բազալտե քարերից շարված բարձր պարիսպների հյուսիս և արևելք հատվածները ուժեղացված են հատակագծում կիսաշրջանաձև, սնամեջ և հոծ բուրգերով։ Արևմտյան կողմից մոտ 30 մ պարիսպների փոխարեն, որպես պատնեշ ծառայում են անանցանելի ուղղաձիգ ժայռերը։ Ամրոցը բաղկացած է երկու՝ ստորին և հիմնական՝ վերին մասերից։ Միակ մուտքը ստորին ամրոցի արևելյան աշտարակից է։ Բազմաստիճան միջանցքը մուտքի դարպասից ձգվում է պարիսպների երկայնքով՝ մինչև վերին ամրոցը, որը հնարավորություն է տալիս հսկողության տակ պահել այն և ոչնչացնել ամրոց թափանցած թշնամուն։ Վերին ամրոցում են գտնվում պալատական շենքերի, ջրամբարի, զինանոցների և այլ շինությունների ավերակները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահկա (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |