From Wikipedia, the free encyclopedia
«Ֆորսաժ 10» (անգլ.՝ Fast X, երբեմն անվանվում է Ֆորսաժ X), ռեժիսոր Լուի Լատերեի ամերիկյան մարտաֆիլմը՝ հիմնված Ջասթին Լինի, Զաք Դինի և Դեն Մազոյի սցենարի վրա, «Ֆորսաժ 9» (2021) ֆիլմի շարունակությունը, «Ֆորսաժ» ֆիլմաշարի տասներորդ հիմնական մասը և տասնմեկերորդ լիամետրաժ ֆիլմը։ Կինոնկարում գլխավոր դերերը մարմնավորել են Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, Թայրիզ Գիբսոնը, Լուդաքրիսը, Ջեյսոն Մոմոան, Նատալի Էմանուելը, Ջորդանա Բրյուստերը, Ջոն Սինան, Ջեյսոն Սթեթհեմը, Սոն Կանը, Ալան Ռիտչսոնը, Դանիելա Մելշիորը, Սքոթ Իսթվուդը, Հելեն Միրենը, Շարլիզ Թերոնը, Բրի Լարսոնը և Ռիտա Մորենոն։
Ֆորսաժ 10 անգլ.՝ Fast X | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Ժանր | մարտաֆիլմ[1] |
Թվական | մայիսի 17, 2023[1][2], մայիսի 18, 2023[2][3] և մայիսի 19, 2023[4] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Լուի Լետերիե[1] |
Պրոդյուսեր | Ջասթին Լին |
Սցենարի հեղինակ | Գարի Սքոթ Թոմփսոն, Ջասթին Լին, Dan Mazeau? և Zach Dean? |
Դերակատարներ | Վին Դիզել[1], Միշել Ռոդրիգես[1], Տայրիզ Գիբսոն[1], Լուդաքրիս[1], Ջորդանա Բրյուստեր[1], Ջոն Սինա[1], Նատալի Էմանուել[1], Սոն Կան[1], Սքոթ Իսթվուդ[1], Մայքլ Ռուքեր[1], Շարլիզ Թերոն[1], Ջեյսոն Սթեթհեմ[1], Հելեն Միրեն[1], Քարդի Բի[1], Ջեյսոն Մամոա[1], Բրի Լարսոն[1], Դանիելա Մելխիոր[1], Ալան Ռիտչսոն[1], Ռիտա Մորենո[1], Ժոակիմ դի Ալմեյդա[1], Luis Da Silva?[1] և Փիթ Դևիդսոն[1] |
Օպերատոր | Սթիվեն Ֆ. Ուինդոն |
Երաժշտություն | Բրայան Թայլեր |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես, Լոնդոն, Հռոմ, Թուրին և Լիսաբոն |
Նկարահանման վայր | Հռոմ |
Տևողություն | 141 րոպե[1] |
Բյուջե | 340 000 000 $ |
Նախորդ | Ֆորսաժ 9 |
Հաջորդ | Ֆորսաժ 11 |
Պաշտոնական կայքէջ | |
Fast X Վիքիպահեստում |
Քանի որ տասներորդ ֆիլմը պլանավորված էր 2014 թվականից, իսկ երկու մասից բաղկացած ավարտը պլանավորված էր 2020 թվականի հոկտեմբերին, հաստատվեց, որ Լինը կվերադառնա որպես ֆիլմի ռեժիսոր՝ արդեն կցված հիմնական կազմով։ Պաշտոնապես ֆիլմի անվանումը հայտարարվեց, երբ 2022 թվականի ապրիլին սկսվեցին հիմնական նկարահանումները։ Ավելի ուշ նույն ամսում Լինը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով հեռացավ ռեժիսորի աթոռից, սակայն նա պահպանեց ֆիլմի հեղինակի և պրոդյուսերի պաշտոնը։ Մեկ շաբաթից Լատերեն եկավ նրան փոխարինելու և սցենարում մի քանի չգրանցված վերաշարադրումներ կատարեց։ Ֆիլմաշարի կոմպոզիտոր Բրայան Թայլերը վերադարձավ, որպեսզի գրի ֆիլմի երաժշտությունը։
Կինոնկարը թողարկվեց 2023 թվականի մայիսի 19-ին։ 340 միլիոն դոլար բյուջեով այն ամենաթանկ ֆիլմերի շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք գովաբանել են դերասանական կազմը (հատկապես Մոմոային), բայց քննադատել են ֆիլմի սցենարը։ Մշակման փուլում է նրա շարունակությունը՝ «Ֆորսաժ 11»-ը։ Այս ժապավենը նախատեսվում է թողարկել 2025 թվականին։
2021 թվականին Գործակալությունը Դոմինիկ Տորետտոյին և նրա թիմին խնդրում է համակարգչային կրիչ գողանալ, որը տեղափոխվում էր Հռոմ։ Դոմինիկը և իր կինը՝ Լետտի Օրտիսը, մնում են իրենց տղայի՝ Բրայանի հետ, որին անվանում են «Փոքրիկ Բի», իսկ թիմի մնացած անդամները ուղևորվում են Հռոմ։ Նույն օրը երեկոյան վիրավորված Սայֆերը գալիս է Դոմինիկի տուն և տեղեկացնում նրան, որ Դանթե Ռեյեսը՝ նարկոբարոն Էրնան Ռեյեսի տղան, իր խմբին իր դեմ է տրամադրել՝ անդամներին սպառնալով իրենց ընտանիքներով և նրանց օգտագործելով, որպեսզի թիրախավորի Դոմինիկին՝ ի պատասխան իր հոր մահվան և տասը տարի առաջ իր ընտանիքի ունեցվածքի կորստի։ Ոչ ոք կրտսերը Սայֆերին կալանավորում է և տեղեկացնում Դոմինիկին և Լետտիին, որ Գործակալությունը Հռոմում ոչ մի առաքելություն չունի։ Հասկանալով, որ Դանթեն իրենց խաբել է՝ Դոմինիկը և Լետտին գնում են թիմին փրկելու։
Հռոմում Դանթեն թիմին փակում է բեռնատարում, որի մեջ ռումբ է տեղադրված, իսկ Դոմինիկը և Լետտին նրանց հետապնդում են։ Ռումբը նետվում է փողոցներով, այդ պատճառով Դոմինիկը այն հրում է Տիբեր գետը՝ վնասը նվազագույնի հասցնելու համար։ Լետտին ձերբակալված է, իսկ գործակալ Էյմսը՝ պարոն Ոչ ոքի անհետանալուց հետո Գործակալության դե ֆակտո ղեկավարը, կարծում է, որ Դոմինիկը և նրա թիմը պատասխանատվություն են կրում պայթյունի համար, և սկսում է հետախուզումը՝ նշանակելով բազմամիլիոնանոց պարգև։ Զինված անձնակազմը ժամանում է Լոս Անջելես՝ վերցնելու Փոքրիկ Բիին, որը գտնվում էր հորաքույր Միայի՝ Տորետտոյի քրոջ խնամքի տակ։ Նրանց եղբայր Ջեյքոբը վնասազերծում է թիմին և եղբորորդուն տանում Պորտուգալիայում գտնվող գաղտնի վայրը, որտեղ նրանք պիտի սպասեն Դոմինիկին։ Պարոն Ոչ ոքի դուստրը՝ Թեսսը, համոզված լինելով թիմի անմեղության մեջ, օգտագործում է «Աստծո աչքը» և Դոմինիկին հայտնում, որ Դանթեն գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում։
Դոմը դեմ է դուրս գալիս Դանթե Ռեյեսին և համաձայնում է մասնակցել մրցավազքին, որում նրանց են միանում իր ընկեր Դիեգոն և Իզաբել Նիվեսը՝ Ելենայի՝ Դոմի նախկին ընկերուհու և Բրայանի մոր քույրը։ Մրցավազքի ժամանակ Դանթեն Դոմինիկին ասում է, որ Դիեգոյի և Իզաբելի մեքենաներում ռումբեր է տեղադրել։ Հնարավորություն չունենալով Դիեգոյին հասնել՝ Տորետտոն մեքենան մխրճում է Իզաբելի մեքենայի մեջ, որպեսզի դուրս շպրտի ռումբը, իսկ Դիեգոյի մեքենան պայթում է, և Ռեյես կրտսերը հաղթում է մրցավազքում։ Թեսսը Գործակալության գաղտնի կայանում այցելում է Լետտիին և թաքուն վնասում նրան, որպեսզի ուղարկի բանտի բուժման կենտրոն, որտեղ նա հանդիպում է Սայֆերին։ Նրանք համաձայնվում են միասին գործել, որպեսզի փախուստի դիմեն, բայց հայտնաբերում են, որ գաղտնի կայանը գտնվում է Անտարկտիդայում։ Դոմինիկի թիմի մյուս անդամները Լոնդոնում հայտնաբերում են, որ իրենց բանկային հաշիվները դատարկված են, այդ պատճառով նրանք օգտագործում են Ռոման Պիրսի թաքցրած փողերը։ Նրանք գալիս են Ռամզիի գործընկերոջ՝ Բոուի մոտ, որպեսզի զենք, հանդերձանք և տրասպորտ ձեռք բերեն։ Սակայն Բոուին նրանց ժամանման մասին տեղեկացնում է օրինապահ մարմիններին, որպեսզի պարգև ստանա, ինչի արդյունքում թիմը օգնության է դիմում Դեկկարդ Շոուին։ Այդ ընթացքում Էյմսը հետապնդում և ձերբակալում է Դոմինիկին, բայց նրա թիմը Դանթեյի վարձկանների թակարդն է ընկնում։ Էյմսը միանում է Դոմինիկին՝ պայքարելու նրանց դեմ, մինչ Թեսսը օգնության է հասնում, բայց Դանթեն հայտնում է, որ առևանգել է Իզաբելին։ Ռեյես կրտսերը լուրջ վիրավորում է հասցնում Թեսսին, գողանում «Աստծո աչքը» և իմանում, որ Փոքրիկ Բին Պորտուգալիայում է։ Դոմինիկը փրկում է Իզաբելին, իսկ Դանթեն փախչում է։ Իզաբելը խոստանում է Դոմինիկին Թեսսին տեղափոխել հիվանդանոց, իսկ Էյմսը համաձայնում է օգնել Դոմինիկին հաղթել Ռեյես կրտսերին։ Դոմինիկի թիմը ստանում է տեղեկությունը և ուղևորվում Պորտուգալիա։
Այդ ընթացքում Դանթեն առևանգում է Բրայանին և իր վարձկաններին հրամայում է կանգնեցնել Տորետտո եղբայրներին։ Ջեյքոբն իրեն զոհաբերում է պայթյունի ժամանակ՝ ոչնչացնելով բոլոր վարձկաններին, որպեսզի Դոմինիկը կարողանա փրկել իր որդուն։ Բայց երբ նրանք հասնում են մոտակա ամբարտակը, Դանթեն շրջափակում է նրանց երկու հեռակառավարվող բեռնատարներով և պատրաստվում ջախջախել։ Այդ ժամանակ Դանթեյի համար աշխատող երկակի գործակալ Էյմսը վայր է գցում Դոմինիկի թիմը տեղափոխող ինքնաթիռը։ Դոմը դուրս է գալիս ամբարտակի եզրից և իջնում դրա լանջով՝ ապահով վայրէջք կատարելով ջրի մեջ, բայց Ռեյես կրտսերը, նախապես ականապատելով ամբարտակը, պայթեցնում է այն։ Անտարկտիկայում Լետտին և Սայֆերը փախչում են գաղտնի կայանից և ուղղվում դեպի ափ, որտեղ ջրի երես է դուրս գալիս սուզանավը Ժիզել Յշարի՝ Դոմինիկի թիմի անդամներից մեկի կառավարմամբ, որը համարվում էր մահացած։
Թիտրերի արանքում ցույց է տրվում ՝ ինչպես են Լյուկ Հոբսը և նրա գործակալները գրոհում հին թատրոնը, որտեղ Հոբսը գտնում է հեռախոս և զանգ ստանում Դանթեից, որը խոստանում է, որ կգա Հոբսի հետևից, սակայն վերջինս պատասխանում է. «Իսկ ես չեմ էլ թաքնվում, սատանի վիժուկ» և փշուր-փշուր անում հեռախոսը։
Դերասան | Դեր |
---|---|
Վին Դիզել | [5] | Դոմինիկ Տորետտո
Միշել Ռոդրիգես | [5] | Լետտի Օրտիս
Ջեյսոն Մոմոա | [6] | Դանթե Ռեյես
Ջորդանա Բրյուստեր | [5] | Միա Տորետտո
Ջոն Սինա | Ջեյքոբ Տորետտո |
Ջեյսոն Սթեթհեմ | Դեկկարդ Շոու |
Շարլիզ Թերոն | [5][7] | Սայֆեր
Թայրիզ Գիբսոն | [5] | Ռոման Պիրս
Լուդաքրիս | [5] | Տեջ Փարքեր
Նատալի Էմանուել | [5] | Ռամզի
Սոն Կան | [5][7] | Հան Լյու
Սքոթ Իսթվուդ | [9] | Էրիկ Ռեյսներ / Ոչ ոք կրտսեր
Դանիելա Մելշիոր | [10] | Իզաբել Նիվես
Բրի Լարսոն | Թեսս |
Ալան Ռիտչսոն | [11][12] | Էյմս
Հելեն Միրրեն | Մագդալինա Շոու |
Ռիտա Մորենո | [14] | Աբուելա
Ժոակիմ դի Ալմեյդա | Էրնան Ռեյս |
Լեո Աբելո Փերրի | Բրայան Տորետտո |
Մայքլ Իրբի | Զիզի |
Գալ Գադոտ | (կամեո) | Ժիզել Յաշր
Դուեյն Ջոնսոն | (կամեո) | Լյուկ Հոբս
Լյուդմիլա Օլիվյերա դԵ Սիլվա | մարցավազքին մասնակցող աղջիկ (կամեո) |
Միդոու Ուոքեր | բորտուղեկցորդուհի (կամեո) |
Դեբի Ռայան և Ջոշ Դան | զույգ օդանավակայանում (կամեո) |
2014 թվականի նոյեմբերին Universal Pictures-ի նախագահ Դոնա Լենգլին ասաց, որ «Ֆորսաժ 7» ֆիլմից հետո ֆիլմաշարում կլինեն ամենաքիչը ևս երեք ֆիլմ[15]։ 2017 թվականի ապրիլին պրոդյուսեր Նիլ Մորիցը հայտարարեց, որ տասներորդ ֆիլմը կդառնա ֆիլմաշարի վերջին ֆիլմը, իսկ սցենարը կգրի Կրիս Մորգանը[16]։ 2017 թվականի հոկտեմբերին Ջասթին Լինը ֆիլմաշարում նախորդ չորս ֆիլմերը նկարահանելուց հետո բանակցությունների մեջ մտավ իններորդ և տասներորդ մասերում ռեժիսորի աթոռը զբաղեցնելու համար[17]։ 2020 թվականի փետրվարին Վին Դիզելը ակնարկեց, որ ֆիլմը կարող է բաժանված լինել երկու մասի[18]։ Արդեն 2022 թվականի ապրիլին Լինի և Դեն Մազոյի կողմից գրված էր նոր նախնական սցենարը[19]։
Վին Դիզելը 2023 թվականի մայիսի 12-ին Հռոմում «Ֆորսաժ 10»-ի առաջնախաղի ժամանակ ակնարկեց «Ֆորսաժ 12»-ի մասին[20]։
2021 թվականի հունիսին Դիզելը տեղեկացրեց, որ Քարդի Բին տասներորդ ֆիլմում կվերադառնա Լեյսայի դերով կերպարի՝ «Ֆորսաժ 9»-ում առաջին անգամ հայտնվելուց հետո[21]։ Ավելի ուշ նույն ամսում Դիզելը հայտարարեց, որ ֆիլմը բաժանված կլինի երկու մասի, իսկ նկարահանումները կսկսվեն 2022 թվականի հունվարին և կընթնանան տասնմեկերորդ ֆիլմին զուգահեռ[22][23]։ 2021 թվականի դեկտեմբերին Դուեյն Ջոնսոնը բացառեց «Ֆորսաժ 10»-ում իր հայտնվելու հավանականությունը, իսկ Instagram-ում Դիզելի՝ վերադառնալու խնդրանքով իրեն ուղղված հրապարակումը անվանեց «մանիպուլյացիա»[24]։ 2022 թվականի սկզբին Ջեյսոն Մոմոան հրավիրվեց չարագործի դերը մարմնավորելու համար[6], իսկ Դանիելա Մելշիորը[10], Բրի Լարսոնը[11] և Ալան Ռիտչսոնը[12] նույնպես միացան դերասանական կազմին։ 2023 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ ֆիլմում նկարահանվել է դերասան Փոլ Ուոքերի դուստրը՝ Միդոու Ռեյն Ուոքեր Թորնթոն-Ալլանը[25]։
Նկարահանումները սկսվեցին 2022 թվականի ապրիլի 20-ին, երբ հաղորդվեց ֆիլմի անվանումը, իսկ Միշել Ռոդրիգեսը, Թայրիզ Գիբսոնը, Լուդաքրիսը, Ջորդանա Բրյուստերը, Նատալի Էմանուելը, Սոն Կանը և Շարլիզ Թերոնը հաստատեցին, որ կվերադառնան իրենց դերերին[5][7]։ Դիզելի խոսքով, նախնական սցենարում Բրյուստերի կերպարը չէր հայտնվելու, և նա չեղարկեց այդ որոշումը[26]։ Հաջորդ օրը հաստատվեց, որ Մայքլ Ռուքերը նորից կմարմնավորի Բադիի դերը, որն առաջին անգամ հայտնվել էր իններորդ մասում[27]։ Հաղորդվում է, որ ֆիլմի արտադրության բյուջեն կազմում է 300 միլիոն դոլար, ընդ որում, ավելի քան 100 միլիոն դոլար է հատկացվում դերասանների աշխատավարձերին[28]։
Նկարահանումների մեկնարկից մեկ շաբաթ անց Լինը լքեց ռեժիսորի աթոռը «ստեղծագործական տարաձայնությունների» պատճառով, ինչի արդյունքում ֆիլմի հիմնական արտադրությունը դադարեցվեց։ Այնուամենայնիվ, Լինը մնաց նախագծում որպես պրոդյուսեր և սցենարի համահեղինակ[29]։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Լինը նկարահանման հրապարակում ընդհարվել է Դիզելի հետ, որը իբրև թե ետ էր վարժվել դերին, հաճախ ուշանում և չէր հիշում իր տողերը[30]։ Լինը նաև վրդովված էր իր սցենարի վերաշարադրումից, նկարահանման վայրի փոփոխությունից և այն փաստից, որ ֆիլմի չարագործներից մեկը դեռ չէր ընտրվել[28]։ Տարաձայնությունները Դիզելի հետ, ինչպես հաղորդվում է, սրվեցին այն աստիճանի, որ Լինը բղավեց․ «Այս ֆիլմը արժանի չէ իմ հոգեկան առողջությանը»[31]։ Երկրորդ խումբը շարունակում էր նկարահանումները Մեծ Բրիտանիայում, մինչդեռ ընկերությունը ռեժիսորին փոխարինող էր փնտրում[32]։ Հաղորդվում է, որ Universal Pictures-ը ծախսել է օրական մոտ 1 միլիոն դոլար, որպեսզի դադարեցնի արտադրությունը[33]։ Ֆելիքս Գրեյը և Դևիդ Լինչը, որոնք նախկինում նկարահանել են համապատասխանաբար «Ֆորսաժ 8» և «Ֆորսաժ․ Հոբս և Շոու» ֆիլմերը, ընկերության կողմից դիտարկվեցին որպես Լինին հնարավոր փոխարինողներ, սակայն նրանցից ոչ ոք չէր կարող մասնակցել նախագծին համապատասխանաբար «Lift» և «Fall Guy» ֆիլմերում ունեցած պարտավորությունների պատճառով[34]։ «Ֆորսաժ 7» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Վանը, որը ժամանակին դիտարկվում էր որպես «Ֆորսաժ 8» ֆիլմի ռեժիսոր, սակայն հրաժարվեց յոթերորդ մասի վրա կատարած լարված աշխատանքի պատճառով, նույնպես համարվում էր «կենսունակ տարբերակ», բայց զբաղված էր «Ակվամենը և կորած թագավորությունը» ֆիլմի նկարահանումներով[34][35]։ Variety-ն հաղորդեց, որ «A-list»-ի ռեժիսորին վարձելը քիչ հավանական էր առանց սցենարի կտրուկ փոփոխությունների, և որ Universal-ը, ամենայն հավանականությամբ, կդիմի երկրորդ խմբի ռեժիսորին, որը «լավ է տիրապետում» մեծ բյուջե ունեցող մարտաֆիլմերին[34]։ 2022 թվականի մայիսի 2-ին Լուի Լատերեն նշանակվեց ֆիլմի ռեժիսոր[36]։ Լատերեն մինչ այդ արդեն համագործակցել էր ընկերության հետ՝ նախկինում նկարահանելով «Անհավանական Հալքը» ֆիլմը (2008)։ Նա սկսեց նկարահանումները Լոնդոնում ՝ ժամանակացույցի և պայմանագրային պայմանների հաստատումից հետո[37][38]։
Նկարահանման վայրերը գտնվում էին Հռոմում[39]։ 2022 թվականի մայիսի 16-ին սկսվեցին Մոմոայի մասնակցությամբ տեսարանների նկարահանումները[39]։ Ինչպես և նախորդ ֆիլմերում, Դիզելը վերահսկում էր ֆիլմի մարտական տեսարանների սցենարը և ձևավորումը․ ըստ The Hollywood Reporter-ի անանուն աղբյուրների, Դիզելի ստեղծագործական վերահսկողությունը և վերջին րոպեին կատարված հաճախակի փոփոխությունները արտացոլում են «խճանկարի նման գործընթաց, որը չի դադարում շարժվել»՝ նրան անվանելով «պահանջկոտ» և պերֆեկցիոնիստ[31]։ 2022 թվականի հունիսի 27-ին հաղորդվեց, որ «Ֆորսաժ 10»-ում կվերադառնա երկրպագուների կողմից սիրված նարնջագույն և սև Veilside Mazda RX-7 FD Fortune ավտոմեքենան, որն առաջին անգամ ցուցադրվել է «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» ֆիլմում (2006)[40]։
Ֆիլմի առաջնախաղը պլանավորված էր 2023 թվականի ապրիլի 7-ին, սակայն ավելի ուշ այն տեղափոխվեց մայիսի 19-ին[41]։
2023 թվականի փետրվարին համացանցում հայտնվեց ֆիլմի առաջին թրեյլերը[42], իսկ երկրորդը՝ ապրիլին[43]։
2023 թվականի փետրվարին Դիզելն ասաց, որ ցանկանում է՝ Ռոբերտ Դաունի կրտսերը նկարահանվի տասնմեկերորդ ֆիլմում որպես գլխավոր հակառակորդ՝ ցույց տալով, որ մշակվել է կերպար, որը «Դոմի հակապատկերն» է։ Ռոդրիգեսն ասաց, որ ցանկանում է, որ Մեթ Դեյմոնը ներառվի տասնմեկերորդ ֆիլմի դերասանական կազմում։ Ավելի ուշ նույն ամսում Դիզելը նաև հաստատեց, որ տասնմեկերորդ ֆիլմը կդառնա վերջին հիմնական մասը՝ ասելով․ «Ֆիլմերում ավելի դժվար է դառնում կադրից դուրս աշխատելը։ Մտածողություն, ընդլայնում... դժվար է շարունակել։ Պատճառ կա, որ Թոլքինը որոշ ժամանակ անց դադարեց գրել»։ Ապրիլի 19-ին Լատերեն հայտարարվեց տասնմեկերորդ ֆիլմի ռեժիսոր, իսկ հինգ օր անց Քրիստինա Հոդսոնը և Օրեն Ուզիելը հաստատվեցին որպես սցենարիստներ։ Ապրիլի 26-ին CinemaCon-ի ժամանակ Դիզելը հաղորդեց, որ տասնմեկերորդ ֆիլմը էկրաններին կհայտնվի 2025 թվականին։
2023 թվականի մայիսին Հռոմում ֆիլմի առաջնախաղի ժամանակ Դիզելը հայտարարեց, որ Universal-ը խնդրել է ֆիլմաշարի ավարտը բաժանել երեք մասի, այդպիսով ընդլայնելով հիմնական սյուժեի շարանը մինչև տասներկու ֆիլմ։ Նույն ամսում հայտարարվեց, որ ֆիլմի շարունակության մեջ Դուեյն Ջոնսոնը կվերամարմնավորի իր կերպարին՝ Լյուկ Հոբսին։ Նույն օրը Ռիտչսոնը հաստատեց, որ խոսակցություններ են եղել, որ ինքը կվերամարմնավորի իր կերպար գործակալ Էյմսին՝ որպես տասնմերերորդ ֆիլմի գլխավոր կերպարներից մեկի[44][45][46][47][48][49][50][51][52][53][54]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.