![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Tender_points_fibromyalgia.svg/langhy-640px-Tender_points_fibromyalgia.svg.png&w=640&q=50)
Ֆիբրոմիալգիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիբրոմիալգիա, վիճակ, որը բնորոշվում է քրոնիկ տարածուն ցավերով և դիտվում է ուժեղացած ցավային պատասխան ճնշման հանդեպ[3]։ Այլ ախտանիշները ընդգրկում են հոգնածություն այն աստիճանի,որը հանգեցնում է նորմալ ակտիվության իջեցմանը, քնի հետ կապված խնդիրների և հիշողության հետ կապված դժվարությունների[4]։ Ոմանք նշում են նաև անհանգիստ ոտքերի համախտանիշ, աղիների կամ միզապարկի հետ կապված խնդիրներ, թմրածություն և ծակծկոցներ, ձայների, ջերմության և լույսի հանդեպ գերզգայնություն[5]։ Ֆիբրոմիալգիան հաճախ կապված է դեպրեսիայի, տագնապի և հետվնասվածքային սթրեսային խանգարումների հետ[4]։ Քրոնիկ ցավի այլ դրսևորումները նույնպես ուղեկցում են հիվանդությանը[4]։
Ֆիբրոմիալգիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | անհայտ |
Հիվանդության ախտանշաններ | խրոնիկական տարածուն ցավ, allodynia?, հոգնածություն, քնի խանգարում, Դեպրեսիա և տագնապ |
Վնասում է | Մկանային համակարգ, Հոդ և կենտրոնական նյարդային համակարգ[1] |
Բուժաքննություն | ախտանիշ[1] և differential diagnosis?[1] |
ՀՄԴ-9 | 729.1 |
Բուժում | Բուժական սնունդ[2], alternative medicine?, քուն և հոգեթերապիա |
![]() |
Ֆիբրոմիալգիայի պատճառները անհայտ են, սակայն համարվում է որ այն ներառում է գենետիկ և արտաքին միջավայրի գործոնների համակցություն, որոնցից յուրաքանչյուրն ունի կարևոր դերակատարում[4][5]։ Այս վիճակը հանդիպում է ընտանիքներում և համարվում է, որ առաջացմանը մասնակցում են տարբեր գեներ[6]։ Արտաքին ազդեցությունները կարող են լինել հոգեբանական խանգարումների և տարբեր ինֆեկցիաների տեսքով[4]։ Ցավը կենտրոնական նյարդային համակարգում զարգացող պրոցեսների հետևանք է և այս վիճակը անվանվում է «կենտրոնական գերզգայնության սինդրոմ»[3][4]։ ԱՄՆ֊ի Ազգային առողջապահական ինստիտուտի և Ամերիկայի ռևմատոլոգիական քոլեջի կողմից ֆիբրոմիալգիան ընդունված է որպես խանգարում[5][7]։ Հատուկ ախտորոշիչ թեստ գոյություն չունի[5]։ Ախտորոշումն իր մեջ ընգրկում է նախ այլ հավանական պատճառների բացառումն ու որոշակի քանակով ախտանիշների առկայության ստուգումը[4][5]։
Ֆիբրոմիալգիայի բուժումը կարող է բարդ լինել[5]։ Խորհուրդ է տրվում քնել բավարար չափով, պահպանել առողջ սննդակարգ, կանոնավոր կերպով կատարել ֆիզիկական վարժություններ[5]։ Կոգնիտիվ֊վարքային թերապիան նույնպես կարող է լինել օգտակար[4]։ Դեղորայքներից կարող են օգտագործվել դուլոքսետինը, միլինցիպրանը և պրեգաբալինը[5]։ Օփիոիդային ցավազրկողների կիրառման հարցը վիճելի է, քանզի ցուցման դեպքում դրանց կիրառման արդյունավետությունը դժվար ապացուցելի է[5][8], սակայն կա մեկ այլ կարծիք ևս, ըստ որի թույլ օփիոիդները կարող են լինել արդյունավետ, եթե այլ դեղամիջոցները էֆեկտիվ չեն[9]։ Կենսաակտիվ հավելումների կիրառման արդյունավետությունը նույնպես հաստատված չէ[5]։ Չնայած նրան, որ ֆիբրոմիալգիան կարող է պահպանվել երկար ժամանակ, այն չի բերում մահվան կամ հյուսվածքների վնասման[5]։
Ըստ վիճակագրության, ֆիբրոմիալգիան տարածված է բնակչության 2֊8%֊ի շրջանում[4]։ Կանանց շրջանում այն հանդիպում է երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ[4]։ Աշխարհի տարբեր երկրներում և տարբեր մշակույթներում այն ունի հանդիպման նույն հաճախականությունը[4]։ Ֆիբրոմիալգիան առաջին անգամ նկարագրվել է 1990 թվականին, իսկ 2011 թ֊ին վերանայվել են ախտորոշման չափանիշները[4]։ Հիվանդության դասակարգման, ախտորոշման և բուժման հարցերը վիճելի են[10][11]։ Որոշները կարծում են, որ ֆիբրոմիալգիայի ախտորոշումը կարող է վատ անդրադառնալ անձի վրա իսկ այլ հետազոտությունները գտնում են, որ այն կարևոր նշանակություն ունի[4]։ Ֆիբրոմիալգիա տերմինը ծագել է լատիներեն՝ fibro- «ֆիբրոզ հյուսվածք», հունարեն՝ μυώ myo-, «մկանային» և հունարեն՝ άλγος algos, «ցավ» բառերից․ տերմինը բառացի թարգմանվում է որպես «ցավ մկանային և ֆիբրոզ հյուսվածքում»[12]։