Օկկամի ածելի
From Wikipedia, the free encyclopedia
Օկկամի ածելի, Օկկամի սայր (լատին․՝ novacula Occami), կամ խնայողության, տնտեսման սկզբունք (լատին․՝ lex parsimoniae), խնդիրների լուծման սկզբունք, ըստ որի «Էությունները չարժե բազմացնել առանց անհրաժեշտության» (կամ «Մի ներգրավեք նոր էություններ առանց ծայրահեղ անհրաժեշտության»)[1][2], այլ կերպ ասած՝ ամենապարզ բացատրությունը սովորաբար ճիշտ է։ Գաղափարը վերագրվում է Ֆրանցիսկյան միաբանության անգլիացի վանական Ուիլյամ Օկկամին (մոտ 1287-1347)։ Ըստ այս փիլիսոփայական ածելու՝ նույն կանխատեսման վերաբերյալ տրված մի քանի հիպոթեզներից պետք է ընտրել այն լուծումը, որն ամենաքիչ ենթադրություններն ունի[3]։ Այս սկզբունքը տարբեր կանխատեսումներ անող հիպոթեզների միջև ընտրություն անելու համար չէ։
Գիտության մեջ Օկկամի ածելին օգտագործվում է որպես տեսական մոդելների մշակման աբդուկտիվ էվրիստիկա, ոչ թե որպես թեկնածու մոդելների միջև ընտրություն կատարելու խիստ մեթոդ[4][5]։ Գիտական մեթոդում Օկկամի ածելին չի համարվում տրամաբանության անհերքելի սկզբունք կամ գիտական արդյունք․ գիտական մեթոդում պարզության նախընտրությունը հիմնված է հերքելիության սկզբունքի վրա։ Երևույթի յուրաքանչյուր ընդունված բացատրության համար կարող է գոյություն ունենալ չափազանց մեծ թվով հնարավոր և ավելի բարդ այլընտրանքներ։ Քանի որ ad hoc հիպոթեզի միջոցով միշտ հնարավոր է կանխել բացատրության ժխտումը, հետևաբար պարզ տեսությունները ավելի նախընտրելի են, քանի որ դրանք ավելի փորձելի են[6][7][8]։