Քաղաքացիական և քաղաքական իրավունքներ
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական և քաղաքացիական իրավունքներ, իրավունքների խումբ, որոնք պաշտպանում են անհատի քաղաքական ազատությունը՝ կառավարությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների ոտնձգություններից։ Դրանք ապահովում են անհատի՝ պետության և հասարակության քաղաքական և քաղաքացիական կյանքին մասնակցելու իրավունքը։
Քաղաքացիական իրավունքներն ընդհանուր առմամբ ընդգրկում են մարդկանց ֆիզիկական և մտավոր ամբողջականությունը, կյանքի իրավունքը և անվտանգության ապահովումը, խտրականությունից պաշտպանությունը՝ անկախ սեռից, ռասայից, սեռական կողմնորոշումից, ազգային ծագումից, մաշկի գույնից, տարիքից, քաղաքական պատկանելությունից, էթնիկ պատկանելությունից, դասակարգային կառուցվածքից, կրոնից և հաշմանդամությունից, ինչպես նաև ընդգրկում են խմբային իրավունքները, օրինակ՝ գաղտնիության իրավունքը, մտքի, խոսքի, հավատքի, մամուլի, հավաքների և տեղաշարժի ազատությունը[1][2][3]։
Քաղաքական իրավունքներն էլ ներառում են իրավունքի մեջ բնական արդարությունը (ընթացակարգային արդարություն), ինչպես օրինակ՝ քրեական դատավարությունը, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքը, պատշաճ իրավական ընթացակարգը, վնասի հատուցման կամ իրավական պաշտպանության դիմելու իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և քաղաքականության մեջ ներգրավվելու իրավունքները, ինչպիսիք են միավորումներ ձևավորելու ազատությունը, հավաքների ազատությունը, հանրագիր ներկայացնելու իրավունքը, անհրաժեշտ պաշտպանությունը և ընտրական իրավունքը։
Քաղաքական և քաղաքացիական իրավունքները մարդու իրավունքների հիմնարար և առաջնային բաղադրիչներն են[4]։ Դրանք կազմում են 1948 թվականին ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին մասը (տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներն էլ կազմում են երկրորդ մասը)։ Մարդու իրավունքների երեք սերունդների տեսությունը քաղաքական և քաղաքացիական իրավունքները դասակարգում է որպես «առաջին սերնդի իրավունքներ», իսկ նեգատիվ և պոզիտիվ իրավունքների տեսությունն ընդհանուր առմամբ համարում է նեգատիվ իրավունքներ։