ռոք խումբ From Wikipedia, the free encyclopedia
Փինք Ֆլոյդ (անգլ.՝ Pink Floyd), բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբ է։ Առանձնապես հայտնի է իր ստեղծագործություններում շոշափվող փիլիսոփայական և կոնցեպտուալ թեմաներով, ձայնային և լուսատեսողական էքսպերիմենտներով ու շքեղ համերգներով։ Հիմնադրվել է 1965 թվականին, վերջին ալբոմը՝ The Endless River, թողարկվել է 2014 թվականին։
Փինք Ֆլոյդ | |
---|---|
Բնօրինակ անուն | Pink Floyd |
Երկիր | Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք[1], փսիխոդելիկ ռոք[1], արտ ռոք, սպեյս ռոք, բլյուզ ռոք, էքսպերիմենտալ ռոք[2], acid rock?[2] և proto-prog?[2] |
Գործունեություն | 1964–present[3][4] (անորոշ դադար սկսած 1996) (միանգամյա վերամիավորում 2005-ին)[5][6] |
Լեյբլ | |
Կապված | Sigma 6 |
Պարգևներ | |
Կայք | pinkfloyd.com |
Pink Floyd Վիքիպահեստում |
Խումբը ստեղծվել է 1965 թվականին Քեմբրիջի քոլեջի շրջանավարտներ Սիդ Բարրեթի և Ռոջեր Ուոթերսի կողմից։ Բարրեթն այդ ժամանակ արդեն իսկ բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ էր, իսկ Ուոթերսը 1965 թվականից ռիթմ-էնդ-բլյուզ էր նվագում "SIGMA-6" խմբում, որի անդամներ Ռիք Ռայթն (ստեղնաշարային գործիքներ) ու Նիք Մեյսոնը (հարվածային գործիքներ) ևս ներգրավվեցին Փինք Ֆլոյդի կազմում։ Նրանց ցնցեց Բարրեթի անսովոր, սյուրռեալիստական պոեզիայի միախառնումը Ուոթերսի յուրահատուկ փսիխոդելիկ էֆֆեկտների հետ։ Կարճ ժամանակով նրանց միացավ կիթառահար Բոբ Քլոուզը, իսկ նախապես "The Screaming Abdabs" կոչված խումբը Բարրեթի առաջարկով վերանվանվեց "The Pink Floyd Sound" (բլյուզմեններ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քաունսիլի անունների համատեղումից)։ Խումբը ելույթներ էր ունենում լոնդոնյան ակումբներում, իսկ 1966 թ. դեկտեմբերին մենեջերներ Էնդրյու Քինգի ու Փիթեր Ջենների ղեկավարությամբ ձայնագրեց առաջին սինգլը՝ "Arnold Layne"։ Բրիտանական ազգային ռադիոն հրաժարվեց հեռարձակել երգը, այդուհանդերձ այն մտավ բրիտանական հիթ-շքերթ ու վերջին հաշվով նվաճեց 6-րդ հորիզոնականը։ Բարրեթի պոեզիան՝ համեմված Գրեմի և Քերոլի կերպարներով, լայն ճանաչում գտավ։ Այդ ընթացքում Բարրեթն ավելի ու ավելի էր տարվում թմրադեղերով (հատկապես LSD-ով) և ընկնում տեսիլքների մեջ, գնալով կտրվում շրջակա աշխարհից և ընկղմվում իր ներքին խնդիրների մեջ։
Ստեղծվեց խմբի առաջին մեծամասշտաբ շոուն - "Games for May", որը ինչ-որ չափով նշանավորեց խմբի հետագա ճանապարհը։ "See Emily Play"-ը ևս մտավ հիթ-շքերթ, խումբը գրավեց մամուլի ուշադրությունը։ Ինչպես հետագայում գրեցին քննադատները, երևան էր գալիս նոր՝ այսպես կոչված «Էլեկտրոնային պուլսացիայի» ոճը, որի շրջանակներում միախառնվում էին ինչպես՝ դասական և ջազ, այնպես էլ՝ հնագույն անգլիական և շոտլանդական մեղեդիները, իսկ մոտ ապագայում պետք է հայտնվեր հիփփիական պսիխոդելիկան։
1967 թվականին թողարկվեց խմբի առաջին ալբոմը՝ ի դեպ, ձայնագրված լեգենդար "Abbey Road" ստուդիայում և The Beatles-ի հավանական ազդեցությամբ՝ "The Piper at the Gates of Dawn" (Սրնգահարը արևածագի դարպասների մոտ), որտեղ Բարրեթի անդրաշխարհային տեքստերն ու խելագար ձայնային երանգավորումները թերևս իրենց գագաթնակետին էին։ Այն մեծ հռչակ բերեց խմբին, իսկ Սիդի արվեստի որոշ սիրահարների կարծիքով՝ դարձավ լավագույնը խմբի ողջ պատմության ընթացքում։
1967 թվականին տեղի ունեցավ Փինք Ֆլոյդի առաջին Բրիտանական համերգային շրջագայությունը, որ մեծ աղմուկ առաջացրեց։ Սակայն այն ունեցավ և բացասական երանգ՝ երբեմն Բարրեթը բեմի վրա դադարում էր նվագել, ու հայացքը հառած դահլիճին՝ ընկղմվում էր իր մեջ։ Ուժեղ թմրադեղերն իրենց քայքայիչ ազդեցությունն էին թողնում Բարրեթի գիտակցության վրա։ Վերջիվերջո, նրա փոխարեն խումբ հրավիրվեց Ուոթերսի ընկերը՝ արտակարգ կիթառահար ու նաև երգիչ Դեյվիդ Գիլմորը, որն էլ որոշ ժամանակ անց պաշտոնապես զբաղեցրեց Բարրեթի տեղը։ 1968 թվականին հայտնվեց խմբի նոր ծրագիրը - "A Saucerful of Secrets". կրկին մեծ հաջողություն, մասամբ շնորհիվ "Corporal Clegg" երգի, որ պատմում է փայտե ոտքով ու թագուհու շնորհած մեդալով հայրենիք վերադարձած զինվորի մասին։
Սիդի հեռացումից հետո Ուոթերսի քաղաքական ձախ հայացքները ու Գիլմորի սերը կատարյալ բլյուզի և զանգվածային աննկարագրելի շոուների նկատմամբ պետք է վճռորոշեին խմբի հիմնական ոճը։ Նույն 1968 թվականին Փինք Ֆլոյդը շրջագայեց ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ավստրալիայու՝ մեծապես խթանելով ձայնապնակների վաճառքը ու հետաքրքրությունը խմբի հանդեպ։ «Մեծ, լավագույն ու համապարփակ» շոու ստեղծելու ցանկությամբ խումբը համերգ կազմակերպեց լճի վրա՝ հրավառության, պայթյունների, վեր լողացող հսկայական փչովի ութոտանու և ձկների ուղեկցությամբ, ինչը հերթական սկանդալի պատճառը դարձավ։
1969 թ. թողարկվեցին "More" ծրագիրը և "Ummagumma" կրկնակի ալբոմը՝ երկու խիստ տարբեր աշխատանքներ։ Եթե առաջինը կազմված էր լիրիկական հանգիստ երգերից, ապա երկրորդը ներկայացնում էր էլեկտրոնային աղմկոտ մեդիտացիա (առաջին սկավառակին), ինչպես նաև՝ համերգային կատարումներ (երկրորդ սկավառակին)։
Հաջորդ ալբոմը - "Atom Heart Mother" (1970), մեծ հաջողություն ունեցավ։ Ալբոմի "If" երգում զգացվում է չիրականացած հույսերի և մենակության ցավը, անելանելության ճիչը։
Նույն թվին խումբը համերգներ է տալիս տարբեր երկրներում, ներկայացնելով հին երգերը ("Relics") և նոր ծրագիրը ՝ "Meddle", որ նկարահանվեց Պոմպեոսի ամֆիթատրոնում։ Միքելանջելո Անտոնիոնիի "Zabriskie Point" կինոնկարի համար խմբի գրած երաժշտությունը մրցանակի արժանացավ։
Հայտնի հնչյունային ռեժիսոր Ալան Պարսոնսի, սաքսոֆոնահար Դիկ Փերրիի և վոկալ խմբի մասնակցությամբ 1972 թ. հունիսին սկսվեց յոթամսյա աշխատանքը "The Dark Side of the Moon" (Լուսնի մութ կողմը) ալբոմի վրա, որը ռեկորդային նվաճումներ ունեցավ և անվանվեց բոլոր ժամանակների լավագույն ռոք-ալբոմներից մեկը։ Տասնյոթ տարվա ընթացքում այն մշտապես ԱՄՆ լավագույն ալբոմների ցանկում էր (1995 թվականի տվյալներով վաճառվել էր ալբոմի 28 միլիոն օրինակ)։ Քննադատներն այն կոչեցին «ձայնագրության մասին պատկերացումների հեղաշրջում»։ Այստեղ Ուոթերսի տեքստերը բարձրացնում են այնպիսի կարևոր պրոբլեմներ, ինչպես՝ հիասթափությունը կյանքից, մահվան վախը, կյանքը բարեփոխելու ձգտումները, երիտասարդության անտաղանդ վատնումը ("Time"), հակառակումը անձնասիրությանը և բռնությանը ("Money", "Us and them"), անհատի հիվանդագին օտարումը իրականությունից ("Brain damage")։
1974-1975 թթ. ձայնագրված "Wish You Were Here" ալբոմը նվիրված էր Բարրեթի տաղանդի վաղաժամ շիջմանը։ Ալբոմի երգերից հատկապես հիշարժան է "Shine on You Crazy Diamond" (Շողա այ խելագար ադամանդ)։
Հաջորդ ալբոմը ("Animals") վերադարձ էր դեպի դաժան իրականություն, դրամի և իշխանության անասնական տիրակալություն, որ խստորեն ծաղրվում էր Ուոթերսի պոեզիայում։ Նույնանուն շոուում սոցիումը հանդիսատեսի առջև հառնում է որպես ոչխարներով, խոզ-տիրակալներով, շուն-հսկիչներով բնակեցված աշխարհ։ "Pigs on the Wing"-ը հիթ է դառնում, իսկ թռչող հսկա փչովի խոզերը, որ ի վերջո պայթում են՝ խմբի համերգների մշտական ուղեկից։
1979 թ. հայտնվում է "The Wall"-ը։
“The Wall”-ը կրկնակի ձայնասկավառակն էր։ Այն իրենից էպիկական ռոք օպերա էր ներկայացնում՝ գրված մի շնչով։ Ինչպես և նախորդ ձայնասկավառակը, “The Wall”-ը մի ամբողջականություն էր և ստեղծագործությունները իրար հաջորդում էին առանց միջերգային դադարների։ Այս ձայնասկավառակը դառնում է Փինք Ֆլոյդի լավագույն աշխատանքներից մեկը, շատերի կարծիքով լավագույնը, գերազանցելով “The Dark Side of the Moon”-ին։ Թողարկումից հետո խումբը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների։
1980 թ. Ռոջեր Ուոթերսը առաջարկում է ռեժիսոր Ալան Փարկերին նկարահանել ֆիլմ՝ “The Wall” ձայնասկավառակի երգերի և իր՝ Ուոթերսի գրած սցենարով։ Գլխավոր դերում նկարահանվել է Բոբ Գելդոֆը՝ “Boomtown Rats” խմբից, ավելի հայտնի որպես “Live Aid” և “Live 8” բարեգործական համերգ-նախագծերի հեղինակ և կազմակերպիչ։
Ֆիլմը տպավորիչ էր և դրա արդյունքում “The Wall” ձայնասկավառակը է՛լ ավելի ճանաչում ձեռք բերեց խմբին։
Սիդ Բարրեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցնել Ռոջեր Ուոթերսը.այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս։ “The Wall” ձայնասկավառակից հետո այդ խնդիրները ավելի են սրվում և ի վերջո Ռիչարդ Ռայթը թողնում է խումբը։
1983 թ. Փինք Ֆլոյդը թողարկում է հերթական ձայնասկավառակը “The Final Cut” անվանմամբ, բայց արդեն առանց Ռայթի։ Այս հանգամանքը նկատելի էր։ Չնայած Ռայթին փոխարինող գտնվել էր ի դեմս Մայքլ Կամենի և Էնդի Բոուի, այնուամենայնիվ նրանք չկարողացան լիովին փոխարինել նրան։
Ձայնասկավառակի բոլոր ստեղծագործությունների հեղինակը Ռոջեր Ուոթերսն էր, այլ կերպ ասած, ձայնասկավառակը կարելի էր համարել Ուոթերսի անհատական նախագիծը՝ կատարված Փինք Ֆլոյդի մյուս երկու անդամների հետ։ Ձայնասկավառակը ընդգծված հակապատերազմական բնույթ էր կրում։ Շատերի կարծիքով Ուոթերսը չափից դուրս քաղաքականացրել էր այն և ոչ պատշաճ ուշադրություն դարձրել երաժշտությանը։ Չնայած ձայնասկավառակի մի քանի երգեր «հիթ շքերթ»-ում տեղեր զբաղեցրին՝ այնուամենայնիվ “The Final Cut” Փինք Ֆլոյդի վերջին տարիների թողարկած ամենաթույլ ձայնասկավառակը ստացվեց։
Սովորաբար ձայնասկավառակ թողարկելուց հետո խումբը մեկնում էր շրջագայությունների, այս անգամ խախտվեց այդ ավանդույթը, ավելին՝ ձայնասկավառակի թողարկումից հետո Ուոթերսը հայտարարում է խմբից հեռանալու մասին, այդպիսով վերջ դնելով Փինք Ֆլոյդի գոյությանը։
Չորս տարի անց՝ 1987 թ. Գիլմորը և Մեյսոնը որոշում են վերածնել Փինք Ֆլոյդը, բայց առանց Ուոթերսի։
Սկսվում են ձայնագրություններ նոր՝ “A Momentary Lapse of Reason” անվանմամբ ձայնասկավառակի համար։ Ձայնագրություններին մասնակցում էր նաև խմբի երրորդ անդամը՝ Ռիչարդ Ռայթը, բայց որպես հրավիրված երաժիշտ։
Ձայնասկավառակը ջերմորեն ընդունվեց Փինք Ֆլոյդի սիրահարների կողմից, այն պատրաստված էր դասական Փինք Ֆլոյդյան ոճով։ Այսպիսով խմբի անդամները ապացուցեցին, որ առանց Ուոթերսի էլ, որը Pink Floyd-ի երգերից շատերի հեղինակն էր, խումբը կարող է արդյունքի հասնել։
Ձայնասկավառակի թողարկումը անհետևանք չմնաց։ Թողարկումից հետո, Ուոթերսը Գիլմորին և Մեյսոնին դատի է տալիս "Pink Floyd" անունը օգտագործելու համար։ Երկարատև քաշքշուկներից հետո այնուամենայնիվ Գիլմորին և Մեյսոնին հաջողվում է պահպանել "Pink Floyd" անունը օգտագործելու իրավունքը։
Այնուհետև Փինք Ֆլոյդը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների, որը տևում է գրեթե երկու տարի։ Այս շրջագայությունները խմբի պատմության մեջ ամենաերկարատևն ու ամենահամերգաշատն էր։ Խումբը տվեց շուրջ 100 համերգ, որից 45-ը՝ Եվրոպայում։ Համերգները աչքի ընկան նաև հարուստ դեկորացիաներով՝ բեմային մեծ էկրանով, 300 ավելի թարթող լուսերով, լազերային էֆեկտներով և այլն։ Այս ամենը տեղից տեղ տանելու համար 45 բեռնատար մեքենաներ են պահանջվում։
Շրջագայությունների ընթացքում թողարկվում է “Delicate Sound of Thunder” ձայնասկավառակը, որի կեսից ավելին այս շրջագայությունների համերգային ձայնագրություններն էր, մի մասն էլ խմբի ավելի վաղ շրջանի դասական ստեղծագործությունները։
Երկամյա շրջագայություններից հետո տիրում է երկարատև դադար։ Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է 1994 թ. անվանվելով՝ “The Division Bell”։ Այս ձայնասկավառակում Ռայթը հանդես եկավ արդեն խմբի որպես լիիրավ անդամ։
“The Division Bell”-ը բավականին մեծ հաջողություն ունեցավ և շատ հիթ շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները։ Ձայնասկավառակի թողարկումից հետո, սովորության համաձայն, խումբը նորից մեկնում է շրջագայությունների։
1995 թ. թողարկվում է կրկնակի ձայնասկավառակ “P*U*L*S*E” անվանմամբ։ Այստեղ տեղ էին գտել խմբի հին և նոր համերգային ձայնագրությունները։
2005 թ. հուլիսի 2-ին, մի կողմ դնելով բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները, Փինք Ֆլոյդը հավաքվում է իր դասական կազմով՝ Ռոջեր Ուոթերս, Դեյվիդ Գիլմոր, Նիկ Մեյսոն, Ռիչարդ Ռայթ, և շատ ուրիշ հանրահայտ խմբերի հետ մասնակցում Բոբ Գելդոֆի կազմակերպած “Live 8” բարեգործական համերգ նախագծին։ Սակայն այս վերամիավորումը միայն մեկ համերգի համար էր։ Դրանից հետո Ուոթերսի հետ հետագա համագործակցություն չեղավ։
“The Division Bell”-ից հետո, խումբը նոր՝ "The Endless River" ձայնասկավառակը թողարկեց 2014 թվականին[9]։
2008 թվականի սեպտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում քաղցկեղից մահանում է Ռիչարդ Ռայթը՝ ի չիք դարձնելով Փինք Ֆլոյդի լիարժեք վերամիաորման հույսերը։
Թիվ | Անվանում | Ցանկ |
---|---|---|
1967 | The Piper at the Gates of Dawn | 1․ Astronomy Domine (Սիդ Բարրեթ)
2. Lucifer Sam (Սիդ Բարրեթ) 3. Matilda Mother (Սիդ Բարրեթ) 4․ Flaming (Սիդ Բարրե)) 5. Pow R. Toc H.(Սիդ Բարրեթ, Ռոջեր Ուոթերս, Ռիչարդ Ռայթ, Նիք Մեյսոն) 6. Take Up Thy Stethoscope and Walk (Ռոջեր Ուոթերս) _________________________________
|
1968 | A Saucerful of Secrets |
|
1969 | Music from the film More |
|
1969 | Ummagumma |
|
1970 | Atom Heart Mother |
|
1971 | Meddle |
|
1972 | Obscured by Clouds |
|
1973 | The Dark Side of the Moon |
|
1975 | Wish You Were Here |
|
1977 | Animals |
|
1979 | The Wall | Բոլոր երգերի հեղինակը Ռոջեր Ուոթերսն է
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.