From Wikipedia, the free encyclopedia
Տուլիո Լևի-Չիվիտա (իտալ.՝ Tullio Levi-Civita, մարտի 29, 1873[1][2][3][…], Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] - դեկտեմբերի 29, 1941[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[4][5]), հրեական ծագում ունեցող իտալացի մաթեմատիկոս, հայտնի է հիմնականում թենզորական հաշվարկներում, հարաբերականության տեսությունում կատարած իր աշխատանքների համար, բայց զգալի ներդրումներ է ունեցել նաև մաթեմատիկայի այլ ճյուղերում։ Թենզորային հաշվարկների գյուտարար Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտն է եղել։ Տուլիոյի հիմնական աշխատանքները նվիրված են մաքուր և կիրառական մաթեմատիկայի հիմնարար հոդվածներին, երկնային մեխանիկային (հատկապես երեք կամ ավելի մարմինների խնդիրների դեպքում) և հիդրոդինամիկային։
Պապական գիտությունների ակադեմիայի (1936 թվական)[11], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի (1904 թվական) անդամ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1934 թվական) պատվավոր անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության (1930 թվական)[12] և Փարիզի գիտությունների ակադեմիայի (1938 թվական, այնտեղ որպես մեկնաբան աշխատել է 1911 թվականին)[13] արտասահմանյան անդամ է եղել։
Տուլիո Լևի-Չիվիտան հայտնի իրավաբան Ջակոմո Լևի-Չիվիտայի որդին է եղել։ Հայրը կյանքի հետագա տարիներին աշխատել է նաև Իտալիայի Սենատում։ 1892 թվականին Տուլիոն ավարտել է Պադովայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ եղել է Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտը[14]։ 1894 թվականին Լևի-Չիվիտան ստացել է ուսուցչի որակավորում և դրանից հետո սկսել է աշխատել Պադուանի ֆակուլտետում (of Science teacher’s college)։
1898 թվականին սկսել է աշխատել Պադուանի համալսարանի ռացիոնալ մեխանիկայի ամբիոնում, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Լիբերա Թրևիսանիի հետ, որը նրա ուսանողուհիներից մեկն էր։ Տուլիոն և Լիբերան ամուսնացել են 1914 թվականին։ 1918 թվականին Տուլիոն հրավիրվել է Սապիենցա հռոմեական հնագույն համալսարանի բարձրագույն վերլուծության վարչություն, որտեղ էլ սկսել է աշխատել հետագայում։ Բացի այդ, ևս երկու տարի Տուլիոն դասավանդել է նույն ամբիոնի մեխանիկայի ֆակուլտետում[15]։
1900 թվականին Լևի-Չիվիտան և Ռիչի-Կուրբաստրոն հրապարակել են տենզորային հաշվարկման տեսության ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ «Méthodes de calcul differential absolu et leures applications»-ը, որը՝ որպես հիմք, Ալբերտ Էյնշտեյնը և Մարսել Գրոսմանը օգտագործել են հարաբերականության ընդհանուր տեսության համար։ Լևին-Չիվիտայի հոդվածների շարքը ստատիկ ձգողականության դաշտի խնդրի վերաբերյալ, ակտիվորեն քննարկվել է 1915-1917 թվականներին Այնշտեյնի հետ նրա նամակագրության մեջ։ Նամակագրությունը սկսվել է Լևին-Չիվիտայի կողմից, քանի որ նա բացահայտել է Այնշտայնի թենզորական հաշվարկի մաթեմատիկական սխալները հարաբերականության տեսության մեջ։ Նա ճշտապահորեն պահպանել է Այնշտեյնի բոլոր պատասխանները, այնպես որ, չնայած այն բանին, որ Այնշտեյնին ուղղված նրա նամակները չեն պահպանվել, նամակագրության ամբողջական բովանդակությունը հնարավոր է վերականգնվել Լևի-Չիվիտայի արխիվում։ Պահպանված նամակների համաձայն՝ դրանց հեղինակները միմյանց մասին բարձր կարծիք են ունեցել։ Նամակներից մեկում, Լևի-Չիվիտայի նոր աշխատանքին անդրադառնալով՝ Ալբերտ Այնշտայնը նշել է․ «Ես հիանում եմ Ձեր հաշվարկային մեթոդի նրբագեղությամբ. ինչպես կարող է հաճելի լինել այդ դաշտերի վրայով ձիավարելը զուտ «մաթեմատիկական ձիուն» հեծած, այն դեպքում, երբ մյուսները պետք է հոգնեցուցիչ քարշ տան ոտքերը»։
Լևի-Չիվիտայի գրած տենզորի հաշվարկման պարզունակ դասագիրքը՝ «The Absolute Differential Calculus»-ը (իտալերենով ընթերցված դասախոսությունների ելակետային գրառումները՝ Ռիչի-Կուրբաստրոյի համահեղինակությամբ), մինչ այժմ՝ առաջին անգամ հրատարակելուց ավելի քան 100 տարի անց, թեմային ծանոթանալու համար արդիական տեքստերից մեկն է։ Այս գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում ՝ ռուսերեն։ Նրա գրչին է պատկանում նաև այն առաջին գրքերից մեկը, որը նվիրված է շարժման մարմինների ընդհանուր հարաբերականության տեսությանը[16]։ 1933 թվականին Լևի-Չիվիտան զգալի ներդրում է ունեցել Դիրակի հավասարման տեսության մշակման գործում[15]։
1935 թվականին գիտական այցով հյուրընկալվել է Կենտրոնական աէրոհիդրոդինամիկ ինստիտուտում։
1938 թվականին Իտալիայի ֆաշիստական կառավարության ռասիստական օրենքների պատճառով Լևի-Չիվիտան կորցրել է պրոֆեսորի իր պաշտոնն ու հեռացվել Իտալիայի բոլոր գիտական կազմակերպություններից և մեկուսացվել համաշխարհային գիտական հանրությունից։ Շուտով՝ 1941 թվականին, մահացել է Հռոմում գտնվող իր բնակարանում, որտեղ միայնակ էր ապրում։
Նրա աշակերտների թվում էին Օկտավ Օնիչեսկուն և Գեորգե Վրենչանան։
Դիրկ Յան Ստրոյկի հիշողությունների համաձայն, երբ Լևի-Չիվիտայի մահից հետո Ալբերտ Այնշտայնին հարցրել են, թե ինչն է իրեն ամենից շատ դուր գալիս Իտալիայում, նա պատասխանել է. «Իտալական սպագետտին և Լևի-Չիվիտան»[17]։
1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Տուլիո Լևի-Չիվիտայի պատվին Լուսնի հակառակ կողմում հրաբխային խառնարան է անվանակոչել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.