From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինայի տնտեսական ճգնաժամ, ճգնաժամ, որը տեղի է ունեցել Արգենտինայի տնտեսությունում 1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին։ Մակրոտնտեսական տեսանկյունից ճգնաժամային շրջանը սկսվել է իրական ՀՆԱ-ի անկմամբ 1999 թվականին և ավարտվել 2002 թվականին ՀՆԱ-ի աճի վերականգնումով, սակայն Արգենտինայի տնտեսության փլուզման պատճառները և դրանց ազդեցությունը բնակչության վրա դեռ տեսանելի են։ Երբեմն ճգնաժամի ժամկետները թվագրվում են 2001-2002 թվականներով[1]։
Ճգնաժամը գագաթնակետին է հասել 2001 թվականի դեկտեմբերյան անկարգություններով, որոնց ժամանակ դիակապտության ալիքը պատել էր երկիրը։ Միևնույն ժամանակ Արգենտինան հայտարարել է պատմության մեջ ամենամեծ դեֆոլտի մասին (80 միլիարդ դոլար)[2]։
Ճգնաժամի պատճառներից մեկը Դոմինգո Կավալոյի դրամավարկային բարեփոխումներն են, որոնց ընթացքում պետական գույքը սեփականաշնորհվեց, իսկ ազգային արժույթը կապակցվեց ԱՄՆ դոլարին[3]։ Բացի այդ, Արգենտինայում օտարերկրյա ներդրողների համար ստեղծվել էին հատուկ պայմաններ՝ նրանք 5-25 տարով ամբողջությամբ ազատվել էին հարկերից, ինչի արդյունքում, ըստ որոշ գնահատականների, օտարերկրյա միլիարդավոր դոլարների ներդրումներն ուղեկցվել էին նվազագույնը 280 միլիարդ դոլարի շահույթի կորուստով մեկ տասնամյակում[4]։
Կոշտ կապակցումը թանկարժեք արժույթին (դոլարին) արգենտինական ապրանքները դարձրեց անմրցունակ, ինչը հետագայում բացասաբար ազդեց արդյունաբերության զարգացման վրա[5]։ Բացի այդ, ամուր կապակցման պատճառով Արգենտինայի Կենտրոնական բանկը իրեն զրկեց իրավիճակի վրա իրապես ազդելու հնարավորությունից[5]։ Այն բանից հետո, երբ 1999 թվականին Բրազիլիայում տեղի ունեցավ արժեզրկում, նրա տնտեսությունն ավելի գրավիչ դարձավ ներդրողների համար, քան արգենտինականը, ինչը հանգեցրեց կապիտալի արտահոսքի[6]։
1990-ական թվականներին Արգենտինան սկսեց իր հին պարտքերը մարել նոր պարտքերով ավելի բարձր տոկոսադրույքներով[6]։ Միաժամանակ վարկեր էին վերցվել բյուջեի դեֆիցիտը փակելու նպատակով։ Կառլոս Մենեմի և Ֆերնանդո դե լա Ռուայի նախագահության տարիներին պետական պարտքն աճել է մինչև 132 միլիարդ դոլար[5], ինչը հետագայում հանգեցրել է վարկի սպասարկման զգալի ծախսերի։ Դեֆոլտից կարճ ժամանակ առաջ, սակայն, ԱՄՀ-ն հրաժարվեց Արգենտինային նոր վարկեր տրամադրել։ Այս կապակցությամբ ԱՄՀ-ին և ԱՄՆ-ին մեղադրում են Արգենտինայի նկատմամբ անհետևողականության մեջ, քանի որ ԱՄՀ-ն երկար ժամանակ պնդում էր կոշտ բյուջետային քաղաքականություն անցկացման վրա և մեծ վարկեր էր տրամադրում Արգենտինային դեֆիցիտը ծածկելու համար, սակայն 2001-ի վերջին փոխեց իր դիրքորոշումը[7]։
Արգենտինան, որը 1991 թվականից ֆիքսել էր իր պեսոն, վերացրեց հիպերինֆլյացիան և ապահովեց օտարերկրյա ներդրումների զգալի ներհոսք, այդ ժամանակաշրջանում Հիմնադրամի սիրելին էր և 2001 թվականի ամռանը ստացավ լրացուցիչ 8 միլիարդ դոլար վարկ։ Այնուամենայնիվ, ԱՄՀ-ն անմիջապես հասկացավ, որ լրացուցիչ վարկերը ոչնչով չեն օգնի Արգենտինային։ . <...> Արգենտինան անմիջապես դադարեց լինել ԱՄՀ-ի ֆավորիտը, և 2001 թվականի դեկտեմբերին Հիմնադրամը հրաժարվեց նրան տրամադրել վերը նշված վարկի հերթական մասնաբաժինը[8]։
Նշվում են նաև այլ պատճառներ, որոնք նպաստել են ճգնաժամի ավելի ծանր հետևանքների.
Կարճաժամկետ կտրվածքով Արգենտինայի ՀՆԱ-ն կտրուկ անկում ապրեց, բնակչության գնողունակությունը զգալիորեն նվազեց, աղքատության մակարդակը զգալիորեն ավելացավ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Արգենտինայում աղքատության շեմից ցածր ապրող բնակչության թիվը 2000 թվականին 28,9%-ից 2001 թվականին կազմել է 35,4%-ի, իսկ գագաթնակետին հասել է 2002 թվականին (54,3%), որից հետո սկսել է նվազել և արդեն 2010 թվականին հասել 9,9%-ի[23]։ 2001 թվականին արտաքին պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր ՀՆԱ-ի 56,9%-ը, սակայն դեֆոլտի և ՀՆԱ-ի անկման պատճառով 2002 թվականին այս ցուցանիշը հասավ 153,2%-ի, որից հետո սկսեց նվազել տարեկան 20-40%-ով[24]։ 2001 թվականից ի վեր Արգենտինայում գործազրկությունը սկսեց նվազել (2001 թվականին՝ 18,3%, 2002 թվականին կազմելով 17,9%, 2003 թվականին՝ 16,1%, իսկ արդեն 2009 թվականին՝ 8,6%)[24]։
Բնակչության վրա ճգնաժամի ազդեցությունը որոշակիորեն նվազեցնելու նպատակով Արգենտինայի կառավարությունը ներդրեց ավանդների փոխհատուցման տարբերակված մոտեցում, ինչի արդյունքում բանկերը կրեցին 6-10 միլիարդ դոլարի վնաս[7]։ Կառավարությունը նաև հրաժարվել է ենթակառուցվածքային մի շարք նախագծերի հետ կապված պարտավորություններից՝ միաժամանակ արգելելով կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումը[7]։ Գների վերահսկողությունը դարձել է հակաճգնաժամային ծրագրի կարևորագույն կետերից մեկը[7]։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ 2014 թվականի հուլիսին Արգենտինայի Հանրապետությունը 21-րդ դարի սկզբից երկրորդ անգամ հայտնվել է տեխնիկական դեֆոլտի վիճակում։ Պատճառը 2014 թվականի հուլիսի 30-ի ուշ երեկոյան, որոշ պարտատերերի, այդ թվում՝ NML Capital Limited և Aurelius Capital Management հիմնադրամների նկատմամբ պարտքային պարտավորությունների մարման ժամկետի ավարտն էր. պարտքերի չվճարման գումարը կազմել է 1,3 մլրդ դոլար[25]։ Fitch վարկանիշային գործակալությունը այս իրադարձության կապակցությամբ իջեցրել է Արգենտինայի սուվերեն վարկանիշը մինչև «ընտրովի դեֆոլտ»[26]։
Այնուամենայնիվ, նախագահ Քրիստինա Քիրշները հերքեց դեֆոլտի մասին հայտարարությունները[27][28], իսկ էկոնոմիկայի նախարար Ակսել Կիսիլոֆն հայտարարեց, որ մեդիա արշավ է սկսվել Արգենտինայի դեմ՝ կասկած, խուճապ և վախ սերմանելու նպատակով, որը «դեֆոլտ» բառն է առաջացնում[26]։
Տնտեսության փլուզման ժամանակ խոշոր գործարարներն ու օտարերկրյա ներդրողները իրենց կապիտալը տարան արտերկիր։ Արդյունքում ֆինանսական միջոցների սղության պատճառով փակվեցին բազմաթիվ փոքր ու միջին բիզնեսներ, աճեց գործազրկության մակարդակը։ Այդ ձեռնարկությունների աշխատողները կորցրեցին եկամուտը և որոշեցին ինքնուրույն վերագործարկել արտադրության միջոցները՝ որպես ինքնակառավարվող կոոպերատիվներ[29][30]։
Բանվորական կոոպերատիվներ դարձան Zanon կերամիկայի գործարանը (հայտնի է որպես FaSinPat, կրճատ՝ «Fabrica sin patrones», «Factory without սեփականատերեր»), չորս աստղանի Bowen հյուրանոցը, Brukman կարի գործարանը, տպագրական մեքենան Clarify Chilavert և շատ ուրիշներ։ Որոշ դեպքերում նախկին տերերը կանչում էին ոստիկանություն՝ բանվորներին քշելու համար, ակկայն հիմնականում աշխատողները կարողանում էին պաշտպանել զբաղեցրած աշխատատեղերը պետությունից, ոստիկանությունից և շեֆերից[30]։
Բուենոս Այրեսի թերթերից մեկի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ բնակչության մոտ 1/3-ը մասնակցել է ժողովրդական ժողովներին (համաժողովներին)։ Դրանք սովորաբար անցկացվում էին փողոցների խաչմերուկներում և հասարակական վայրերում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակարաններից վտարման, առողջական խնդիրների, ինչպես նաև սննդամթերքի կոլեկտիվ գնման և բաշխման ծրագրերում փոխօգնության հնարավորությունները։ Որոշ համաժողովներ հետագայում ստեղծեցին առողջապահական և կրթական նոր կառույցներ։ Շաբաթը մեկ անգամ տեղական ժողովները միավորվում էին մեծ համագումարի մեջ հմընդհանուր խնդիրները քննարկելու համար[31]։ Այս իրադարձությունների մասին «Գրավում» կանադական վավերագրական ֆիլմ է նկարահանվել 2004 թվականին[32]։
Որոշ ձեռնարկություններ ձեռք են բերվել օրինական, անվանական արժեքով, նույն ժամանակահատվածում մյուսները շարունակում էին զբաղված մնալ և չէին հանդիսանում իրավաբանական սուբյեկտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.