Տարածություն
հեռավորություն և ուղղություն ունեցող միջավայր, տեղի երկրաչափական ընկալում / From Wikipedia, the free encyclopedia
Տարածություն, եռաչափ անսահման տարածք, որում ֆիզիկական մարմիններն ու իրադարձություններն ունեն հարաբերական դիրք և ուղղություն[1], իրական տարածության վերացարկումն ու ընդհանրացումը մաթեմատիկայում[2]։ Ֆիզիկական տարածությունը հաճախ վերագրվում է երեք գծային չափում, չնայած արդի ֆիզիկոսները սովորաբար այն ներկայացնում են ժամանակի հետ՝որպես անսահման քառաչափ տարածաժամանակ։ Մաթեմատիկայում «տարածություններին» վերագրվում են տարբեր չափողականություններ և տարբեր ներքին հատկություններ։ Տարածության գաղափարը հիմնարար կարևորություն ունի ֆիզիկական տիեզերքը հասկանալու մեջ։ Սակայն փիլիսոփաները դեռ վիճում են՝ այն ինքնին էությո՞ւն է թե՞ կապ էությունների միջև։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարածություն (այլ կիրառումներ)
Տարածության բնույթի, էության և գոյության ձևի մասին վեճերը թվագրում են անտիկ ժամանակներով։ Պլատոնի Տիմեոս տրակտատում Սոկրատեսը խոսում է հույների «խորա» (այսինքն՝ տարածություն) հասկացության մասին, Արիստոտելի Ֆիզիկայում (Գիրք IV, Դելտա) տրվում է տոպասի (այսինքն՝ «տեղի») սահմանոմը, 11-րդ դարի արաբ բազմագետ (էրուդիտ) Ալհազենը իր Դատողություններ տեղի մասին (Qawl fi al-Makan) աշխատության մեջ խոսում է «տեղի երկրաչափական ընկալման» մասին՝ որպես տարածության [3]։ Այս դասական փիլիսոփայական հարցերից շատերը քննարկվել են Վերածնունդի ժամանակներում և վերաձևակերպվել 17-րդ դարում, մասամբ դասական մեխանիկայի ձևավորման վաղ փուլում։ Իսահակ Նյուտոնի տեսակետից տարածությունը բացարձակ էր՝ այն իմաստով, որ գոյություն ուներ մշտապես, անկախ նյութի առկայությունից[4]։ Այլ բնափիլիսոփաներ, օրինակ՝ Գոթֆրիդ Լայբնիցը համարում էին, որ տարածությունը իրականում օբյեկտների միջև կապերի համախումբ է՝ տրված հեռավորություններով և ուղղություններով։ 18-րդ դարում փիլիսոփա և աստվածաբան Ջորջ Բերկլին փորձում էր ապացուցել «տարածական խորության տեսանելիության» գոյությունը իր «Տեսողության նոր տեսության փորձ» տրակտատում։ Ավելի ուշ մետաֆիզիկոս Իմանուել Կանտը միտք արտահայտեց, որ ոչ տարածությունը, ոչ ժամանակը չեն կարող փորձնականորեն ընկալվել, դրանք համակարգային ընկալման տարրեր են, որոնք մարդիկ սովոր են կազմել բոլոր փորձերում։ Իր «Զուտ բանականության քննադատություն» աշխատության մեջ Կանտը տարածությունը համարում է ինտուիցիայի մաքուր ապրիորի ձև, այդպիսով այն մեր մարդկային ընդունակությունների անշրջանցելի ընկալում է։
19-րդ և 20-րդ դարերում մաթեմատիկոսներն սկսեցին դիտարկել տարածություններ, որտեղ երկրաչափությունը էվկլիդեսյան չէ և որտեղ տարածությունը ոչ թե «հարթ» է, այլ՝ «կորացած»։ Համաձայն Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության՝ տարածությունը գրավիտացիոն դաշտի շուրջը շեղվում է Էվկլիդեսյան տարածությունից[5]։ Ընդհանուր հարաբերականությունը ստուգող փորձերը հաստատեցին, որ տարածության ձևի համար ոչ էվկլիդեսյան տարածությունն ավելի հարմար նկարագրություն է։