From Wikipedia, the free encyclopedia
«Տառապանքի ուղիներով»[1] (ռուս.՝ «Хождение по мукам»), Ալեքսեյ Տոլստոյի վեպերի եռագրությունը, որը պատմում է ռուս մտավորականության ճակատագրի մասին 1917 թվականի հեղափոխական իրադարձությունների նախօրեին, ընթացքում և դրանից հետո։ Կազմված է «Քույրերը» (ռուս.՝ «Сёстры»», 1918-1922), «Տասնութ թիվը» (ռուս.՝ «Восемнадцатый год», 1927-1928) և «Մռայլ առավոտ» (ռուս.՝ «Хмурое утро», 1940-1941) վեպերից։ Եռագրությունը, որի ներքին թեման կորցրած ու վերադարձված հայրենիքն է, «տառապանքի ուղիներով» անցած անհատների կողմից սոցիալիստական նոր իրականության ընդունումը, արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1943)[1]։
Տառապանքի ուղիներով ռուս.՝ Хождение по мукам | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և ստեղծագործությունների շարք |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ալեքսեյ Տոլստոյ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1921 |
Հրատարակվել է | 1921 |
Եռագրության առաջին գլուխները ներկայացնում են 1914 թվականի սկզբի Պետերբուրգը՝ «տանջված անքուն գիշերներից, իր կարոտը գինով խլացնելով, ոսկով, անկոտրում սիրով, տանգոյի՝ մահվան հիմնի պատռող և անզոր-զգայական հնչյուններով», ապրելով «ասես ճակատագրական և սարսափելի օրվա սպասումով»։ Դաշա և Կատյա Բուլավիններ քույրերը, որոնք ծագումով Սամարայից են, տարված են դեկադենտ բանաստեղծ Բեսոնովով[2]։ Կատյան նրա հետ դավաճանում է ամուսնուն՝ փաստաբան Նիկոլայ Սմոկովնիկովին։ Երգիծական գույներով ներկայացված են ֆուտուրիստների «հոյակապ սրբապղծությունները» և «արծաթե դարաշրջանի» այլ չափազանցություններ։
Ժամանակի ընթացքում Եկատերինա Դմիտրիևնան սիրահարվում է սպա Վադիմ Ռոշչինին, իսկ Դաշան՝ Բալթյան գործարանի ինժեներ Իվան Տելեգինին։ Համաշխարհային պատերազմի, երկու հեղափոխությունների և քաղաքացիական պատերազմի հորձանուտները չորս գլխավոր հերոսներին տանում են երկրի տարբեր անկյուններ։ Նրանց ճանապարհները մեկ անգամ չէ, որ հատվում են և նորից բաժանվում։ Ռոշչինը միանում է Կամավորական բանակին, իսկ Տելեգինը՝ Կարմիր բանակին։ Պատերազմի ավարտին չորսն էլ հանդիպում են Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքում, որտեղ Լենինի և Ստալինի ներկայությամբ հրճվանքով լսում են Կրժիժանովսկու պատմական զեկույցը ԳՈԷԼՌՈ-ի պլանի մասին։
Ըստ Իվան Տոլստոյի՝ Ալեքսեյ Տոլստոյը «Քույրերը» վեպի առաջին մասին վրա սկսել է աշխատել Օդեսայում 1918 թվականի ամռանը։ Վեպն ի սկզբանե նախատեսված է եղել էմիգրանտ հանրության համար, սակայն ԽՍՀՄ վերադառնալուց հետո հեղինակն այն ենթարկել է գաղափարական էական վերամշակման[3][4]։ Այդ մասին հիշատակել է նաև Իվան Բունինը գրողի մասին իր էսսեում՝ դա համարելով Տոլստոյի՝ առավել շահավետ գրական միջավայրին հարմարվելու կարողության օրինակ[5]։
Ազա Ալիբեկովնա Տահո-Գոդին հիշել է, որ «Տասնութ թվի» առաջին մասի համար» «...կենդանի նյութը, վերցվել է իմ մոր և հոր պատմություններից։ Իմ մտերիմները հայտնվել էին ռազմաճակատի տարբեր կողմերում և, հանդիպելիս ձևացնում էին, թե իրար չեն ճանաչում» (1920-ական թվականների սկզբին նրա ծնողներին, որոնք վերադարձել էին արտասահմանից, այցելել է Ալեքսեյ Տոլստոյը)[6]։ «Նրա վեպերում հստակ երևում է, թե ինչպես են նույն ընտանիքի մարդիկ, որոնք բաժանվել են «սպիտակների» և «կարմիրների», նրանց միջև եղած բոլոր տարաձայնությունների հետ միասին, մնում ներքուստ կապված», — նկատել է Տահո-Գոդին[7]։
Առաջին անգամ «Քույրերը» վեպը լույս է տեսել Փարիզում՝ «Грядущая Россия» (1920, № 1-2, գլուխ 1-10) և «Современные записки» (1920-1921, № 1-6, ամբողջությամբ) էմիգրանտական ամսագրերում՝ «Хождение по мукам» վերնագրով։
«Քույրերը» վեպի առաջին առանձին հրատարակությունը լույս է տեսել 1922 թվականին Բեռլինում՝ «Մոսկվա» հրատարակչությունում[8]։ ԽՍՀՄ-ում առաջին անգամ հրատարակվել է «Хождение по мукам» (վեպ երկու մասով, հեղինակի հրատարակություն) 1928 թվականին։ «Քույրերը» վերջնական տեսքն ստացել է 1941 թվականին։
Եռագրության վեպերի գեղարվեստական արժանիքները անհավասար են։ «Քույրերը» առաջին վեպը, որը գրվել է արտագաղթի ընթացքում, օբյեկտիվ տոնով է և ներծծված է հայրենիքի հանդեպ կարոտի զգացումով։ Եռագրության վերջին գիրքը, որը գրվել է ԽՍՀՄ-ում, միտումնավոր կերպով պատկերում է «կարմիրների» բարոյական հաղթանակը «սպիտակների» նկատմամբ[9]։ Հեղինակը պատումի ոճը սահմանել է որպես «մոնումենտալ ռեալիզմ»։
«Չարչարանաց ճանապարհը» հեղինակի խղճի անցնելն է տառապանքների, հույսերի, հրճվանքների, անկումների, հուսահատության, վերելքների միջով՝ մի ամբողջ հսկայական դարաշրջանի ընկալում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Хождение по мукам» — это хождение совести автора по страданиям, надеждам, восторгам, падениям, унынию, взлётам — ощущение целой огромной эпохи.
— Ա. Տոսլտոյ
Գրելուց հետո հեղինակը փոփոխել է տեքստը՝ կախված սովետական իշխանության նկատմամբ իր ներկայի դիրքորոշումից և սովետական գրաքննությունից՝ կախված ներկայի քաղաքական իրավիճակից. «Տառապանքի ուղիներով» և «Лихие годы» եղել են արգելված և ոչնչացված գրքերի շարքում 1937 թվականին։ Հետագայում, երբ Տոլստոյը հանել և վերաշարադրել է խորհրդային իշխանության համար անցանկալի հատվածները և ավելացրել դրականը, գիրքը հրատարակվել է խորհրդային հրատարակչությունների կողմից և հասանելի է եղել լայն ընթերցողին[10]։
Իր եռագրության համար Ալեքսեյ Տոլստոյը 1943 թվականի մարտի 19-ին արժանացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի՝ 100 000 ռուբլու չափով, որը նա փոխանցել է Պաշտպանության հիմնադրամին՝ «Գրոզնի» տանկի կառուցման համար (T-34 № 310-0929)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.