From Wikipedia, the free encyclopedia
Վերջին դատաստան, եռապատկեր է, որ վերագրվել է ֆլամանդացի նկարիչ Հանս Մեմլինգին (ֆր.՝ Hans Memling) և նկարվել է 1467 և1471 թվականների ընթացքում։ Այն հիմա գտնվում է Լեհաստանի Գդանսկ քաղաքի ազգային թանգարանում։ Եռապատկերը պատվիրվել է Բրյուգգեի Մեդիչիների գործակալ Անջելո Տանիի[1] կողմից, բայց Գդանսկցի ծովահեն Փոլ Բենեկեն ծովում գրավել է այն։ Հանզայական միության դեմ երկարատև դատավարությունը պահանջել է վերադաձնել նկարն Իտալիա։ Այն տեղադրվել է Սուրբ Աստվածածնի բազիլիկում, սակայն քսաներորդ դարում տեղափոխվել է ներկայիս տեղը։
Վերջին դատաստան | |
---|---|
տեսակ | եռապատկեր, թևավոր խորան և գեղանկարների շարք |
նկարիչ | Հանս Մեմլինգ |
տարի | 1467 |
բարձրություն | 223,5 սանտիմետր |
լայնություն | 306 սանտիմետր |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Գդանսկի Ազգային թանգարան |
հավաքածու | Գդանսկի Ազգային թանգարան |
հիմնական թեմա | Day of Judgment? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Last Judgment (Memling) Վիքիպահեստում |
«Վերջին դատաստանը»- կամ «Յակոպո Տանիի զոհասեղանը» նկարված է յուղաներկով կաղնու տախտակի վրա։ Զոհասեղանի կենտրոնական մասն ունի 221 X 161 սմ (շրջանակված 242 X 180,8 սմ), իսկ երկու կողային փեղկերն ունեն 223,5 X 72,5 սմ (շրջանակված 242 X 90 սմ) չափեր[2]։ Նկարը հավանաբար նկարվել է 1467-1471 թվականներին։ Վերականգնվել է 1851 թվականին։ Ներկայումս եռապատկերի բնօրինակը պահվում է Ազգային թանգարանում (Գդանսկ, Լեհաստան), իսկ պատճենը[3] պահվում է Գդնասկի Սուրբ Մարիամի եկեղեցում։ Այն ստեղծվել է Գդանսկում և վերագրվում է Գդանսկի քաղաքային թանգարանի (այժմ՝ Ազգային թանգարան) նկարիչ, պահպանողական և համադրող Լուի Ֆրիդրիխ Սիին (Louis Friedrich Sy)[4]։
Տրիպտիխի պատվիրատուն «Մեդիչի» Բանկի Բրյուգե մասնաճյուղի կառավարիչ Անջելո դի Յակոպո Տանին է (): Նա իր կարիերան սկսել է որպես հյուպատոս Վենետիկում, այնուհետև ծառայել է Լոնդոնի Մեդիչի բանկում, Տանին կառավարիչ է եղել 1455-1469 թվականներին[5], երբ այդ պաշտոնում նրան փոխարինել է Տոմմասո Պորտինարին (իտալ.՝ Tommaso Portinari), ում թեկնածությունը պաշտպանել էր Պիերո Մեդիչին։ Յակոպո Տանին, սակայն, աշխատել է բանկի բրյուգյան մասնաճյուղում մինչև 1471 թվականը, որից հետո ուղարկվել է Անգլիա՝ Մեդիչի բանկի մասնաճյուղի հաշիվներն ստուգելու համար։ Քանի որ գրավոր աղբյուրներ չկան, ստեղծման ժամանակը որոշվել է մոտավորապես։ Եռապատկերը նախատեսված էր Ֆիեզոլեում (իտալ.՝ Fiesole) գտնվող Բադիա-Ֆիեզոլանա աբբայության վանական եկեղեցու համար, որտեղ Յակոպո Տանիին (ինչպես Մեդիչի բանկի մյուս տնօրենները) է պատկանել Միքայել հրեշտակապետին նվիրված մատուռը։ Տանին կապելլան կառուցել է ի պատիվ Կատերինա Տանալիի հետ իր ամուսնության։ Եռապատկերի վրա՝ կենտրոնական մասում, երկու անգամ հայտնվում է երկնային բանակի առաջնորդի պատկերը, որտեղ նա բաժանում է երանելիների հոգիներն անիծյալներից, իսկ աջ կողմի ետին մասում՝ նրա արձանի առջև, ծնկի է իջել Յակոպո Տանիի կինը՝ Կատերինա դի Ֆրանչեսկո Տանալին։
Խորանի կողային փեղկերի կենտրոնական մասը և ներքին կողմերն զբաղեցնում է մեկ մեծ բեմ, որը կառուցված է խիստ համաչափ։ Նկարիչը մեկնաբանել է Վերջին Դատաստանի թեման՝ օգտագործելով Հյուսիսային Եվրոպայի կերպարվեստում ընդունված պատկերային համակարգը և այն զուգակցել է Աստվածաշնչյան տեքստերի, այդ թվում Հովհաննեսի Հայտնության հետ։ Եռապատկերի կենտրոնական մասում Մեմլինգը մասամբ կրկնել է Ռոգիր վան դեր Վայդենի (ֆր.՝ Rogier van der Weyden) «Վերջին Դատաստան»-ը (Բոն քաղաքի (ֆր.՝ Beaune) հոսպիտալի եռապատկեր) ստեղծագործությունը։ Վան դեր Վայդենի օրինակով, Քրիստոս դատավորը նստել է ծիածանի վրա (նա, ըստ Հին Կտակարանի, Աստծո և մարդու միասնության խորհրդանիշն է)։ Կենտրոնական մասի ուղղահայաց առանցքն անցնում է Քրիստոսի և Միքայել Հրեշտակապետի կերպարներով, ովքեր կշռում են հոգիները։ Քրիստոսի բերանից դուրս եկող բոցավառ սուրն ու շուշանը խորհրդանշում են արդարությունն ու ողորմությունը, նրա ոտքերը հենվում են մոլորակի վրա։ Քրիստոսի աջ ձեռքը բարձրացվել է օրհնող շարժումով, իսկ ձախն իջեցված է դատապարտող շարժումով։ Նրան շրջապատում են տասներկու առաքյալները, Մարիամ Աստվածածինը և Հովհաննես Մկրտիչը, ովքեր բարեխոսում են մարդկային հոգիների համար։ Այս խմբի վերևում կան հրեշտակներ, ովքեր կրում են Քրիստոսի Չարչարանքների նշանները, ներքևում՝ հրեշտակներ, ովքեր փչում են Հովհաննեսի Հայտնության խողովակները։
Կոմպոզիցիայի ստորին մասում գերիշխում է ասպետական զրահով Միքայել հրեշտակապետի կերպարը։ Կշեռքի օգնությամբ նա բաժանում է երանելիներին և անիծյալներին, Միքայելն իր գավազանով ոտնահարում է դատապարտված հոգին։ Կշեռքի ձախ կողմում պատկերված մարդուն Մեմլինգը տվել է Թոմմասո Պորտինարիի դիմագծերը, ընդ որում դիմանկարն ավելացվել է նկարի ավարտից հետո։ Պորտինարիի պատկերի հայտնվելը բացատրվում է տարբեր կերպ. գուցե Տանին է խնդրել պատկերել նրան՝ ցանկանալով գոհացնել իր իրավահաջորդին, կամ Պորտինարին նույնպես վճարել է եռապատկերի ստեղծման համար կամ նույնիսկ գնել է այն[6]։
Միքայել հրեշտակապետի ոտքերի մոտ սավանների մեջ փաթաթված մահացածները դուրս են գալիս գերեզմաններից՝ վերջին դատաստանի համար։ Եռապատկերի կենտրոնական մասում գտնվող ոչ բերրի ամայի հողի վրա սարսափելի ամպերով լանդշաֆտն ընդգծում է աշխարհի վերջը կրող վերջին աղետի մոտեցումը։
Աջ փեղկի վրա պատկերված է մեղավորներին դժոխք գցելու Տեսարանը։ Արվեստի պատմաբաններն այստեղ նմանություն են տեսնում Լուվրում պահվող Դիրկ Բաուտսի (հոլ.՝ Dirk Bouts) զոհասեղանի հետ։ Ի տարբերություն այլ նկարիչների, ովքեր անդրադարձել են վերջին դատաստանի թեմային, Մեմլինգը չի տարվում դաժան տանջանքների նկարով կամ գրոտեսկային գազանանման սատանաների պատկերներով։ Նկարիչը փոխանցում է պահի ողբերգությունը և կրակի մեջ նետված դժբախտների միմիկաները դեմքի արտահայտությունների միջոցով (այստեղ նա լիովին օգտագործում է դիմանկարչի իր տաղանդը)։ Մեղավորների մարմինները, որոնք տառապանքի մեջ միահյուսված են իրար հետ, այնուամենայնիվ, հոյակապ ու նրբագեղ են։ Անկասկած, նկարիչն ուշադիր ուսումնասիրել է մերկ բնորդին։
Ձախ փեղկը ներկայացնում է Դրախտի ամենապայծառ նկարներից մեկը նկարչության մեջ։ Արդարները Պետրոս առաքյալի օգնությամբ բյուրեղյա սանդուղքով բարձրանում են Երկնային Երուսաղեմի դարպասների մոտ, որի գագաթին, ինչպես Ավետարանում է կանխագուշակված, նրանց հագցնում են ըստ այն աստիճանի, որը նրանք զբաղեցրել են իրենց կյանքի ընթացքում։ Երաժշտությամբ փրկվածներին դիմավորում են հրեշտակները։ Դրախտի ծածկված դարպասներից դուրս է ժայթքում շլացուցիչ պայծառ լույս։ Կերպարների շարժումները ներդաշնակ են, դեմքերը՝ հանգիստ, լուսավոր։ Դրախտի դարպասների ճարտարապետական համալիրը հիշեցնում է Բրյուգեի շենքերը։ Մուտքի ճակատային մասում կա Եվայի ստեղծման պատկերով խորաքանդակ։ Պորտալի որմնասյուների վրա կան Հին Կտակարանի մարգարեների և թագավորների արձաններ։ Տիմպանի տակ, Քրիստոսը նստում է գահին՝ շրջապատված չորս ավետարանիչների խորհրդանիշներով՝ ցուլ, առյուծ, արծիվ և հրեշտակ, ՝ ոտքերի մոտ՝ Աստծո Գառը։ Որոշ հետազոտողներ[7] կարծում են, որ Մեմլինգը վերաիմաստավորել է 1435 թվականին Շտեֆան Լոխների (գերմ.՝ Stefan Lochner) կողմից ստեղծված Քյոլնի «Վերջին դատաստանից» դրախտ մտնելու մոտիվները։
1473 թվականին «Վերջին դատաստան»-ն ուղարկվել է Ֆլորենցիա՝ «Մատեո» գալերայով (փայտե ռազմանավ, իտալ.՝ galera)։ Դա մեկն էր այն երկու գալերաներից, որոնք կապ էին հաստատում Մեդիչի բանկի և իր մասնաճյուղերի միջև, ինչպես նաև երթևեկում էին Բրյուգե-Պիզա-Կոստանդնուպոլիս երթուղով։ Ծովային ուղին ընտրվել է որպես ավելի արագ և անվտանգ ուղի։ Գալերան մտել է Սաութհեմփթոն (անգլ.՝ Southampton)՝ լրացուցիչ բեռ ընդունելու համար։ 1473 թվականի ապրիլի 27-ին գալերան, որն ուղևորվում էր Պիզա, հարձակման է ենթարկվել ծովահենների կողմից՝ Փոլ Բենեկեի (գերմ.՝ Paul Beneke) գլխավորությամբ, ով վարձվել էր Հանզայական միության կողմից Անգլիայի հետ մարտեր վարելու համար։ Բենեկեն եռապատկերը հանձնեց իր տերերին՝ Դանցիգ, իսկ վերջիններս էլ այն տվել են Սուրբ Մարիամ եկեղեցուն (գերմ.՝ Marienkirche). «Մատեո»-ն գնում էր չեզոք կողմի (Բուրգունդյան) դրոշի ներքո, բայց դա նրան չի փրկել թալանից։ Ոչ Մեդիչի բանկի բողոքները, ոչ էլ նույնիսկ Հռոմի պապ Սիքստոս IV-ի (լատին․՝ Sixtus PP. IV) պապական կնիքը (լատին․՝ bulla) չեն օգնել Յակոպո Տանիին ձեռք բերել եռապատկերը [6]։ 1474 թվականին Պորտինարիի ընկերը՝ Անսելմ Ադորնեսը, փորձել է փրկել եռապատկերը, բայց նրա դիվանագիտական առաքելությունը ձախողվել է[8]։ Այնուամենայնիվ Բրյուգե քաղաքը Տոմմասո Պորտինարիին փոխհատուցում է վճարել հասցված վնասի համար։
Եռապատկերը մնացել է Դանցիգում մինչև 1807 թվականը, երբ այն բռնագրավվել է նապոլեոնյան զորքերի կողմից։ Նրա նոր գտնվելու վայրը Փարիզում Նապոլեոնի թանգարանն էր (այսպես էր կոչվում Լուվրը առաջին կայսրության ժամանակ)։ Նապոլեոնի կործանումից հետո՝ 1815 թվականին, «Վերջին դատաստան»-ը տեղափոխվել է Բեռլին։ Բեռլինի արվեստների ակադեմիան Մեմլինգի ստեղծագործության փոխարեն առաջարկել է Ռաֆայելի «Սիքստինյան Մադոննա»-յի կրկնօրինակը և երեք կրթաթոշակ Դանցիգի երիտասարդ նկարիչների համար։ Գործարքը չի կայացել, իսկ հաջորդ տարի նկարը վերադարձել է Դանցիգ։
1945 թվականին, երբ գերմանական զորքերը նահանջել են, Գյորինգի (գերմ.՝ Hermann Wilhelm Göring) հրամանով եռապատկերը ուղարկվել է Թյուրինգիա։ Ավելի ուշ սովետական զորքերն այն տեղափոխել են Լենինգրադ։ Մինչև 1956 թվականը պահվել է Էրմիտաժում, ապա լեհական կողմի համառության շնորհիվ այն վերադարձվել է Գդանսկ՝ Սուրբ Երրորդության միջնադարյան վանքում գտնվող Ազգային թանգարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.