![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/Venus_and_Adonis_quarto.jpg/640px-Venus_and_Adonis_quarto.jpg&w=640&q=50)
Վեներա և Ադոնիս (Շեքսպիր)
From Wikipedia, the free encyclopedia
«Վեներա և Ադոնիս» (անգլ.՝ Venus and Adonis), 1593 թվականին տպագրված Ուիլյամ Շեքսպիրի քնարավիպերգական պոեմ։ Հավանաբար Շեքսպիրի առաջին հրատարակումն է եղել։
Վեներա և Ադոնիս անգլ.՝ Venvs and Adonis | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1592 |
Կերպարներ | Վեներա և Ադոնիս |
Հրատարակվել է | 1593 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/shakespr/venusado/venusado.html |
![]() |
Պոեմը պատմում է սիրո աստվածուհի Վեներայի, նրա անպատասխան սիրո, անչափ գեղեցիկ Ադոնիսին գայթակղելու նրա փորձի մասին․ վերջինս նախընտրում էր որսի գնալ։ Պոեմը հովվերգական է, երբեմն էրոտիկ, զավեշտալի ու ողբերգական։ Պարունակում է զրույցներ սիրո բնույթի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկումներ բնության մասին։
Պոեմը գրված է ABABCC հանգավորմամբ յամբական հնգաչափ վեցտողանի ստանզաներով, և թեև բանաստեղծության այս տեսակը հայտնի է եղել նախքան Շեքսպիրը, պոեմից հետո անվանվել է «Վեներա և Ադոնիսի ստանզա» (Էդմունդ Սպենսերը և Թոմաս Լոջը նույնպես օգտագործել են բանաստեղծական այս ձևը)։ Պոեմը բաղկացած է 199 ստանզաներից կամ 1,194 տողից։
Սկզբնապես հրատարակվել է մեծ խնամքով որպես քառորդ ֆորմատի բրոշյուր։ Հավանաբար տպագրվել է՝ օգտագործելով Շեքսպիրի բնօրինակը։ Տպագրիչն Ռիչարդ Ֆիլդն էր, որն, ինչպես Շեքսպիրը, նույնպես Ստրադֆորդից էր։ «Վեներան և Ադոնիսը» տպագրության մեջ է հայտնվել նախքան Շեքսպիրի որևէ պիեսի հրատարակումը, բայց ոչ նախքան դրանց բեմականացվելը։ Որոշակի նմանություններ ունի «Միջամառային գիշերվա երազի», «Ռոմեո և Ջուլիետի» և «Սիրո անպտուղ ջանքերի» հետ։ Գրվել է, երբ ժանտախտի պատճառով մի պահ փակվել էին Լոնդոնի թատրոնները։
Պոեմն սկսվում է Սաութհեմփթոնի 3-րդ կոմս Հենրի Ռիզլիին ուղղված նվիրման համառոտ խոսքով, որտեղ գրողն իր գործը նկարագրել է որպես «իմ ստեղծագործությունների անդրանիկ զավակ»։
Պոեմը ոգեշնչվել ու հիմնվել է հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի (մ․թ․ա․ 43 - մ․թ․ 17/18) «Մետամորֆոզներ» պոեմում նկարագրված պատմություններից ու դրանց վրա։ Պատմության՝ Օվիդիուսի ավելի կարճ տարբերակը գրված է «Մետամորֆոզների» տասներորդ գրքում և մեծապես տարբերվում է Շեքսպիրի տարբերակից։ Օվիդիուսի Վեներան Ադոնիսին գոհացնելու համար նրա հետ որսի է գնում, սակայն այդ զբաղմունքը նրան չի հետաքրքրում։ Նա կրում է «քշտած» թիկնոցներ, անհանգստանում իր դեմքի գույնի համար և հատուկ ատելություն տածում վայրի կենդանիների հանդեպ։ Շեքսպիրի Վեներան մի տեսակ ինքն է նման վայրի կենդանու՝ նա մերկ է ման գալիս, որսով չի հետաքրքրվում, նրան հետաքրքրում է միայն Ադոնիսի հետ սիրով զբաղվելը։ Վերջում նա պնդում է, որ վարազի կողմից Ադոնիսին սպանելը պատահականության արդյունք է, քանի որ երիտասարդ որսորդի գեղեցկությամբ տարված կենդանին վնասել է նրան, երբ ցանկացել է համբուրել Ադոնիսին։ Վեներայի պահվածքը կարծես արտացոլում է Շեքսպիրի կողմից կենդանիների հանդեպ տածած կարեկցանքի զգացողությունը. պոեմում բազմաթիվ ստանզաներ են նվիրված հովատակի կողմից զամբիկին սիրահետելու, ինչպես նաև որսաշան կողմից հետապնդվող նապաստակի զգացողությունների նկարագրություններին․ վերջինս անհամատեղելի է Վեներայի՝ միայն նապաստակների պես անվնաս կենդանիներ որսալու խնդրանքի հետ։ Օվիդիուսի ստեղծագործության այլ պատմություններ աղբյուրներ են համարվում, դրանցից են՝ Սալմակիդայի ու Հերմաֆրոդիտի, Նարկիսոսի, Պիգմալիոնի մասին պատմությունները։
Պոեմը հրատարակվել է Քրիստոֆեր Մառլոյի՝ հետմահու հրատարակված «Հերո և Լեանդր» պոեմից մոտավորապես հինգ տարի առաջ, որը նույնպես արձակ սիրային պոեմ է՝ հիմնված դարձյալ Օվիդիուսի նկարագրած պատմության վրա։
Հրատարակումից հետո «Վեներա և Ադոնիս» պոեմը չափազանց սիրվել է ու նախքան 1640 թվականը տասնհինգ անգամ վերահրատարակվել։ Տարօրինակ է, որ սկզբնական բրոշյուրներից շատ քչերն են պահպանվել[1][2][3]։