Վենեսուելայի ծոց
From Wikipedia, the free encyclopedia
Վենեսուելայի ծոց (իսպ.՝ Golfo de Venezuela) կամ Մարակայբո (իսպ.՝ Maracaibo)[1], ծոց Կարիբյան ծովի հարավում, Վենեսուելայի ափերի մոտ, ծովից բաժանվում է Գուահիրա և Պարագուանա թերակղզիներով։ Ողողում է Վենեսուելայի Սուլիա և Ֆալկոն նահանգները, ինչպես նաև Կոլումբիայի Գուահիրա դեպարտամենտը։
Վենեսուելայի ծոց | |
---|---|
Տեսակ | ծովախորշ |
Երկիր | Վենեսուելա և Կոլումբիա |
Խորություն | 40 մետր |
Մասն է | Կարիբյան ծով |
Ծոցի երկարությունը 231 կմ է, մուտքի լայնությունը 98 կմ է։ Հարավային հատվածում ծոցը Տաբլասո ծովախորշով և 6,5-22 կմ լայնություն ու 11մ խորություն ունեցող նեղուցով միանում է Մարակայբո լճին[2]։ Ծոցի խորությունը 18-ից հասնում է 71 մետրի։ Արևելյան հատվածում՝ Պարագուանա թերակղզու ափին, Կորոյի ոչ մեծ ծովախորշն է։ Վենեսուելայի ծոցի ափերը ցածր են՝ չմշակված ավազե բնահողով։ 1 մետրից ցածր բարձրության վրա խառը մակընթացություններ են[3]։
Ծոցը բացվել է եվրոպացիների կողմից 1499 թվականին, երբ Ալոնսո դե Օջեդայի գլխավորությամբ և Ամերիգո Վեսպուչիի ուղեկցությամբ իսպանական արշավախումբը հետազոտում էր Հարավային Ամերիկայի ափերը, տեղեկություն էր հավաքում և նոր հողերին անուններ տալիս։ Այստեղ ցցերի վրա կառուցված հնդկացիական խրճիթների զբաղեցրած տարածքի տեսարանն Ամերիգո Վեսպուչիին, որը ծնունդով Վենետիկից էր, հիշեցրել է իր ծննդավայրը։ Այդ պատճառով էլ նա ծոցն անվանել է «Փոքր Վենետիկ» (Veneziola)[4]: Ծոցի ջրերը մերձսահմանային վեճի օբյեկտ են համարվում այն ժամանակից, երբ 19-րդ դարում Կոլումբիան և Վենեսուելան անկախացել են Իսպանիայից։ Իսպանական կայսրությունն այդ շրջանում սահմաններ չի գծել, քանի որ տեղի ժողովուրդն ընդդիմանում էր իրեն։ Սահմանը հաստատվել է 1941 թվականին, բայց տարածաշրջանային ջրի հարցը մնացել է չլուծված։
Ծոցը ստրատեգիական կարևորություն ունի՝ որպես նավարկելի ուղի դեպի Կարիբյան ծով, որով տեղափոխում են Մարակայբո լճի նավթահանքերի նավթը։ Ծոցի սահմաններին կան նաև նավթի և գազի հանքեր։ Ափերին տեղակայված են նավթի արտահանման խորջրյա Ամուայ, Պունտո Կարդոն, Պունտո Ֆիխո նավահանգիստները[5]։