Սուլֆանիլամիդներ
From Wikipedia, the free encyclopedia
Սուլֆանիլամիդներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, հակամանրէային դեղամիջոցների խումբ, սուլֆանիլաթթվի ածանցյալները։ Հակամանրէային հատկությունը հայտնաբերել է գերմանացի գիտնական Գերհարդ Դոմագկը, 1934-1935 թվականներին Գերմանիայի Bayer քիմիական ընկերությունում[1]։ Քիմիական կառուցվածքով նման են պարաամինաբենզոյական թթվին (ՊԱԲԹ), որը մանրէների աճման և բազմացման անհրաժեշտ գործոն է։ Սուլֆանիլամիդների ազդեցության հիմնական մեխանիզմը ՊԱԲԹ-ի հետ մրցակցությունն է՝ մանրէային բջջի որոշակի ֆերմենտների հետ կապվելը, որի հետևանքով բակտերիաները կորցնում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ վիտամին Вс (ֆոլաթթու) սինթեզելու և նյութերի այլ փոխարկումներն իրականացնելու հատկությունը (նշված փոխարկումներն ընթանում են ՊԱԲԹ-ի ներկայությամբ)։
Սուլֆանիլամիդներ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Այլ անվանումներ | սպիտակ ստրեպտոցիդ պրոնտիզոլ (կարմիտ ստրեպտոցիդ) |
Ավանդական անվանում | հակաբիոտիկներ |
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Սուլֆանիլամիդները ազդում են ստրեպտակոկերի, պնևմոկոկերի, ստաֆիլակոկերի, գոնոկոկերի, մենինգոկոկերի, որոշ խոշոր վիրուսների և այլնի վրա։ Տարբերվում են կարճատև (ստրեպտոցիդ, էթազոլ, սուլֆադիմեզին) և երկարատև (սուլֆապիրիդազին, սուլֆադիմետոքսին) ազդեցություն ունեցող սուլֆանիլամիդներ։ Սուլֆանիլամիդների մեծ մասը լավ է ներծծվում ստամոքսաաղիքային համակարգում և արագ է կուտակվում արյան մեջ ու օրգաններում։ Օգտագործում են անգինայի, կարմիր քամու, միզապարկի բորբոքումների և այլ դեպքերում։ Որոշ սուլֆանիլամիդները (ֆթալազոլ, սուլգին և այլն) ստամոքսաաղիքային համակարգում վատ են ներծծվում, բարձր կոնցենտրացիաներով երկար են մնում աղիքներում և կիրառվում են աղիքային վարակիչ հիվանդությունների (օրինակ, դիզենտերիա) դեպքում։ Որոշ սուլֆանիլամիդները (օրինակ, բութամիդ) օժտված են արյան մեջ շաքարի քանակությունն իջեցնող հատկությամբ և օգտագործվում են շաքարային հիվանդության բուժման նպատակով։ Սուլֆանիլամիդները կարող են առաջացնել կողմնակի երևույթներ, ալերգիական ռեակցիաներ, սրտխառնոց, փսխում, լեյկոցիտաքչացում, նյարդաբորբեր, երիկամների գործունեության խանգարումներ և այլն։ Օգտագործվում են միայն բժշկի նշանակմամբ։