Սմիթսոնյան ինստիտուտ
գիտահետազոտական և կրթական ինստիտուտ ԱՄՆ-ում / From Wikipedia, the free encyclopedia
Սմիթսոնյան ինստիտուտ (անգլ.՝ Smithsonian Institution), գիտահետազոտական և կրթական խոշոր ինստիտուտ և նրան պատկանող թանգարանների համալիր ԱՄՆ-ում։ Հիմնադրվել է 1846 թվականի օգոստոսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի հատուկ որոշմամբ Վաշինգտոնում` անգլիացի քիմիկոս և հանքաբան Ջեյմս Սմիթսոնի (1765-1829)[9] կտակած միջոցներով, որը զավակ չուներ և իր ողջ ունեցվածքը կտակել է «գիտությունը ժողովրդի մեջ տարածելու և ընդլայնելու» համար[10]։
Տեսակ | institution? և ոչ առևտրային կազմակերպություն |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Հասցե | 20013 |
Անվանված է | Ջեյմս Սմիթսոն[2] |
Ղեկավար կազմակերպություն | ԱՄՆ դաշնային կառավարություն[3] |
Այցելողներ | 30 000 000 ± 500 000 մարդ (2012)[4] |
Հիմնադրված է | օգոստոսի 10, 1846[5][6][7] |
Հիմնադիր | Ջեյմս Սմիթսոն և Joel Roberts Poinsett? |
Տնօրեն | Lonnie Bunch?[8] |
Պաշտոնական կայք |
Ինստիտուտն ավանդաբար գլխավորում է ԱՄՆ-ի նախագահը, պատվավոր խորհրդի կազմում են նաև փոխնախագահը, պետական քարտուղարը, ֆինանսների, պաշտպանության, արդարադատության մինիստրները և պաշտոնական այլ անձինք։
Միավորում է Ազգային թանգարանը, Սմիթսոնյան աստղադիտարանը, Արվեստի ազգային պատկերասրահը, Ազգաբանական հետազոտությունների ինստիտուտը, Ազգային կենդանաբանական այգին և գիտական այլ հիմնարկներ։
Այն ի սկզբանե կազմակերպվել էր որպես «Միացյալ Նահանգների ազգային թանգարան», բայց այս անվանումը դադարել է գոյություն ունենալ 1967 թվականին[11]։
Սմիթսոնյան ինստիտուտն անվանվել է «ազգի ձեղնահարկ»[12], իր բազմաբնույթ պաշարների թվով` 154 միլիոն առարկաներով[9] տարբեր հաստատություններում. 19 թանգարան, 21 գրադարան, 9 հետազոտական կենտրոն և կենդանաբանական այգի, որոնք ներառում են պատմական ու ճարտարապետական տեսարժան վայրեր։ Հաստատությունների մեծ մասը գտնվում է Վաշինգտոնում[13]։ Լրացուցիչ օբյեկտները գտնվում են Արիզոնայում, Մերիլենդում, Մասաչուսեթսում, Նյու Յորքում, Փիթսբուրգում, Տեխասում, Վիրջինիայում և Պանամայում։ Ավելի քան 200 հաստատություններ և թանգարաններ 45 նահանգներում, Պուերտո Ռիկոյում, իսկ Պանամայում Սմիթսոնյան ինստիտուտի մասնաճյուղերն են[14][15]։
Տարեկան մոտ 30 միլիոն մարդ անվճար այցելում է ինստիտուտի հիմնարկներ[16]։ Պաշտոնապես համարվում է պետական հաստատություն, ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության, մասնավոր նվիրատուների, ինչպես նաև հրատարակչական և առևտրային գործունեության հաշվին (հիմնականում՝ զարգացնող և ուսուցողական խաղերի, ծրագրերի, տեսանյութերի թողարկում, հուշանվերների վաճառք)։ Նրա տարեկան բյուջեն կազմում է մոտ 1,2 մլրդ դոլար, ընդ որում երկու երրորդը կազմում են ամենամյա դաշնային հատկացումները[17]։ Եկամուտների մնացած մասը գալիս է մասնավոր և կորպորատիվ նվիրատվություններից, անդամավճարներից և մանրածախ առևտրից, կոնցեսիաներից և լիցենզիաներից ստացված եկամուտներից[9]։ Ինստիտուտը հրատարակում Smithsonian и Air & Space ամսագրերը։