![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/%25E8%25B2%25B4%25E8%2588%25B9%25E7%25A5%259E%25E7%25A4%25BE%25EF%25BC%2588%25E3%2581%25BF%25E3%2581%25A9%25E3%2582%258A%25E5%25B8%2582%25EF%25BC%2589.jpg/640px-%25E8%25B2%25B4%25E8%2588%25B9%25E7%25A5%259E%25E7%25A4%25BE%25EF%25BC%2588%25E3%2581%25BF%25E3%2581%25A9%25E3%2582%258A%25E5%25B8%2582%25EF%25BC%2589.jpg&w=640&q=50)
Սինտոիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Սինտոիզմ (ճապ.՝ 神道, «սինտո», թարգ.՝ «աստվածների ուղի»), ճապոնական հնագույն կրոն՝ արևապաշտություն։ Ի տարբերություն մյուս արևապաշտական կրոնների դիցարանը գլխավորում է արևի աստվածուհին՝ Ամաթերասուն, որից սկիզբ է առնում Ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։ Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից։ 1868 թվականին սինտոիզմը ճանաչվել է Ճապոնիայի պետական կրոն։ 1947 թվականին սահմանադրությամբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին և այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/%E8%B2%B4%E8%88%B9%E7%A5%9E%E7%A4%BE%EF%BC%88%E3%81%BF%E3%81%A9%E3%82%8A%E5%B8%82%EF%BC%89.jpg/640px-%E8%B2%B4%E8%88%B9%E7%A5%9E%E7%A4%BE%EF%BC%88%E3%81%BF%E3%81%A9%E3%82%8A%E5%B8%82%EF%BC%89.jpg)
Ի տարբերություն համաշխարհային կրոնների, սինտոիզմը չունի որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր և հեղինակություն։ Սինտոիստները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդ են այն ժամանակների, երբ մարդիկ երկրպագում էին բնության կույր ուժերին, հավատում տանը և գետերում, սարերում ծառերի մեջ բնակվող այլ ոգիների գոյությանը։ Սինտոիզմը ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք և բնության երկրպագում։ Սինտոիզմը չունի այլ պատվիրաններ, բացի մաքրություն պահպանելու և իրերի բնական կարգին հետևելու առօրյա հանձնարարականներից։ Այն ունի բարոյականության մի ընդհանուր կանոն. «Վարվիր բնության օրենքների համաձայն, պահպանելով հանդերձ հասարակական օրենքները»[1]։ Սինտոիստական պաշտամունքի մեջ շատ բան է պահպանվել նախնադարյան շամանական կախարդական ծեսերից, որոնք Ճապոնիայի տարբեր շրջաններում տարբեր են եղել։ Գոյության հազարամյակների ընթացքում սինտոիզմը կրել է բուդդայականության, կոնֆուցիանականության և այլ դավանանքների ազդեցությունը։ Այդ պատճառով սինտոիզմում չկա ոչ մի միասնական դավանաբանական ուսմունք։ Թեև երկարամյա պատմության ընթացքում ձևավորվել են որոշակի հատկանշական գծեր, որոնցով այդ կրոնը տարբերվում է մյուսներից։
5-6-րդ դարերի սինտոյական եկեղեցու ղեկավար է դարձել կայսերական տունը, կայսրը հայտարարվել է (VII դ․) սինտոյականության գերագույն քուրմ։ Բուդդայականության մուտքը Ճապոնիա (VI դ․) հետզհետե վերացրել է սինտոյականության մենաշնորհը, 10-16-րդ դարերում գերակշռող դեր է ունեցել բուդդայականությունը, շատ ճապոնացիներ դավանել են երկու կրոն՝ սինտոյականություն և բուդդայականություն։ 17-18-րդ դարերում գործունեություն է ծավալել «պատմական դպրոցը» նպատակ ունենալով ամրապնդել սինտոյականությունը, վերածնել կայսեր պաշտամունքը և լիիշխանությունը։ Սինտոյականությունը բուդդա յականության հետ միասին վայելել է պետության հովանավորությունը, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել ազգայնամոլական և ռազմատենչ տրամադրություններ բորբոքելուն։ Պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո սինտոյականության ազդեցությունը թուլացել է, այն անջատվել է պետությունից, որոշ ծեսեր արգելվել են։ Սակայն 1950-ական թվականներից սկսած սինտոյականությունը վերելք է ապրում, հռչակվել է գերկրոն՝ պարտադիր բոլոր ճապոնացիների համար։ Ճապոնիայի դեմոկրատական ուժերը հակահարված են տալիս կառավարող շրջաններին, որոնք փորձում են սինտոյականությունը կրկին օգտագործել ազգայնամոլություն հրահրելու համար։