![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/Stephen_King_-_2011_%2528cropped%2529.jpg/640px-Stephen_King_-_2011_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Սթիվեն Քինգ
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Էդվին Քինգ (անգլ.՝ Stephen Edwin King, սեպտեմբերի 21, 1947(1947-09-21)[2][2][3][…], Փորթլենդ, Մեն, ԱՄՆ[4]), սարսափ, սասփենս, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի ամերիկացի գրող։ Նրա գրքերը վաճառվել են ավելի քան 350 միլիոն օրինակով[11], վեպերից շատերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր, մինի սերիալներ, հեռուստահաղորդումներ, կոմիքսներ։ Քինգը հրատարակել է 54 վեպ, որոնցից 7-ը` «Ռիչարդ Բախման» կեղծանունով։ Հեղինակել է նաև վեց գիտահանրամատչելի գիրք։ Այս ամենից բացի, գրել է մոտավորապես 200 պատմվածք, որոնց մեծ մասը զետեղվել է հեղինակի կազմած ինը ժողովածուներում։ Նրա շատ ու շատ ստեղծագործություններում գործողությունները տեղի են ունենում հայրենի Մեն նահանգում։ Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» վեպի հիման վրա նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը[12][13][14]։
Իր երկերի համար Քինգը բազմիցս արժանացել է Բրեմ Սթոքերի մրցանակի, ստացել է նաև Համաշխարհային ֆենթեզի մրցանակը և Բրիտանական ֆենթեզի ընկերության պարգևը։ Նրա Միջանկյալ կայարան վիպակը առաջադրվել է ամերիկյան ֆանտաստ գրողների ասոցիացիայի սահմանած Նեբյուլա մրցանակին[15]։ Գրքի ազգային հիմնադրամի կողմից նրան մեդալ է շնորհվել՝ ամերիկյան գրականության մեջ մեծ ներդրում կատարելու համար[16]։ «Սև կոստյումով տղամարդը» (1994) ստացել է Օ’Հենրիի մրցանակ։ Իր կատարած մեծ աշխատանքի համար մրցանակի է արժանացել Համաշխարհային ֆենթեզի ակադեմիայի «Կյանքում նվաճումների համար» (2004), Կանադացի գրքավաճառների «Կենսական նվաճումներ» (2007) և Ամերիկայի միստիկ գրողների «Մեծ վարպետ» (2007) մրցանակներին[17]։ 2015 թվականին Քինգը Միացյալ Նահանգների արվեստի ֆոնդի կողմից արժանացել է Արվեստի ազգային մեդալի՝ գրականության մեջ մեծ ավանդ ունենալու համար[18]։