Սահմանային օգտակարության տեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Սահմանային օգտակարության տեսություն, ըստ տեսության՝ ցանկացած սուբյեկտ բարիքը գնահատում է՝ ելնելով դրա օգտակարությունից։ Այն, որ ցանկացած բարիք արժեք ունի, պայմանավորված է սպառողի կամ գնորդի նախասիրություններով, ինչն իր հերթին կախված է բազմաթիվ գործոններից (տնտեսության ընդհանուր վիճակ, մշակութային զարգացման մակարդակ, ազգային հոգեբանություն, ճաշակ և այլն)։ Սահմանային օգտակարության տեսության համաձայն՝ արդյունքի իրացմամբ է պարզվում դրա իրական արժեքը (գնահատականը), որովհետև վերջնական որոշումը սպառողինն է՝ գնե՞լ, թե՞ չգնել։ Ելնելով այս ընդհանուր դատողություններից՝ սահմանային օգտակարության տեսությունը հանգում է այն եզրակացության, որ «արժեքը ենթադրում է առարկաների քանակի ուղղակի սահմանափակություն, և արժեքի բացակայությունը ենթադրում է դրանց առատություն»[1]։ Արդյունքի արժեքի մեծությունը նախևառաջ պայմանավորված է դրա սահմանափակության աստիճանով։ Սահմանային օգտակարության տեսությունը բարիքի արժեքի չափման միջոցի կամ միավորի ընտրության հարցում հենվում է գերմանացի տնտեսագետ Գ. Հոսենի սկզբունքի վրա։