From Wikipedia, the free encyclopedia
Ռիգոբերտա Մենչու Թում (իսպ.՝ Rigoberta Menchú Tum, հունվարի 9, 1959[1][2][3], Լա Չիմել, Ուսպանտան, Քիչե, Գվատեմալա[4]), Գվատեմալայի հիմնական բնակչության՝ կիչե ժողովրդի մայա խմբի ներկայացուցիչ։ Իրավապաշտպան, Գվատեմալայի բնիկ բնակչության իրավունքների պաշտպանության համար պայքարող մարտիկ, 1992 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի և 1998 թվականի Աստուրիայի արքայադստեր մրցանակի դափնեկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան։ «Ես, Ռիգոբերտա Մենչուն եմ» (1983) և «Անցնելով սահմանները» ինքնակենսագրական ստեղծագործությունների հեղինակ։
Ռիգոբերտա Մենչու | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1959[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Լա Չիմել, Ուսպանտան, Քիչե, Գվատեմալա[4] |
Քաղաքացիություն | Գվատեմալա |
Ազգություն | Կիչե |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, ինքնակենսագիր և իրավապաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Կուսակցություն | Winaq? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հռոմեական ակումբ և Նոբելյան կանանց նախաձեռնություն[9] |
Կայք | Fundación Rigoberta Menchú Tum |
Rigoberta Menchú Վիքիպահեստում |
Ռիգոբերտա Մենչու Թումը նախնական կրթությունը ստացել է մի քանի կաթոլիկ դպրոցներում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1960-1996 թվականների քաղաքացիական պատերազմի ընթացքում գվատեմալական զորքերի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ մղվող պայքարին։ 1981 թվականին փախել է Մեքսիկա։ 1982 թվականին հրապարակեց «Ինձ կոչում են Ռիգոբերտա Մենչու։ Ինչպես ծնվեց իմ խիղճը» (իսպ.՝ Me llamo Rigoberta Menchú y así me nació la conciencia) ինքնակենսագրական ստեղծագործությունը, որը գրել էր հարցազրույցների հիման վրա։ Գրքի խմբագիրը և կազմողը վենեսուելական ծագմամբ մարդաբան և լրագրող Էլիսաբեթ Բուրգոսն էր։ Գիրքը թարգմանվեց անգլերեն «I, Rigoberta Menchú» խորագրով և հեղինակին մեծ հաջողություն բերեց։
1991 թվականին Մենչուն մասնակցեց «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի նախապատրաստմանը։ Նրա մերձավոր օգնականը դարձավ Սեսար Մոնտեսը։
Գվատեմալայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Մենչուն Իսպանիայի դատարաններում գործընթաց սկսեց գվատեմալական խունտայի անդամներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ 1999 թվականին նա բողոք ներկայացրեց իսպանական դատարան գվատեմալական պատերազմի հանցագործների հետապնդումները դժվարացնելու վերաբերյալ։ Բողոքը մերժվեց այն հիմքով, որ դիմումատուն չի սպառել Գվատեմալայում արդարադատության վերականգնման բոլոր հնարավորությունները։ 2006 թվականի դեկտեմբերի 23-ին Իսպանիան պահանջեց Գվատեմալայից հանձնել երկրի նախկին իշխանության յոթ անդամների, որոնք մեղադրվում են ցեղասպանության և խոշտանգումների կազմակերպման համար, այդ թվում նախկին դիկտատորներ Էֆրաին Ռիոս Մոնտը և Օսկար Ումբերտո Մեխիա Վիկտորեսը։ Իսպանիայի Գերագույն դատարանը որոշեց, որ արտասահմանում իրականացված ցեղասպանության գործերը կարող են ընդդատյա լինել իսպանական դատարաններին, նույնիսկ եթե դրանք չեն վերաբերվում Իսպանիայի քաղաքացիներին։ Բացի Իսպանիայի քաղաքացիների մահից մեղադրանքները վերաբերվում էին ցեղասպանության զոհ դարձած մայա բնիկ ժողովրդին։
Մենչուն զբաղվում էր նաև գործարարությամբ բժշկության բնագավառում։ Նա ղեկավարում էր մեքսիկական Salud para Todos («Առողջություն բոլորի համար») և «Farmacias Similares» ընկերությունները, որոնց նպատակն էր բնակչության շրջանում էժան դեղամիջոցների տարածումը։
2007 թվականի փետրվարի 12-ին Մենչուն հայտարարեց, որ հիմնում է բնիկ բնակչության ձախ քաղաքական կուսակցություն Encuentro por Guatemala անվանումով և առաջադրում է իր թեկնածությունը Գվատեմալայի նախագահական ընտրություններում։ 2007 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում նա ստացավ ձայների 3,1 % -ը[10]։ 2009 թվականին Մենչուն մասնակցեց համանման մեկ այլ կուսակցության՝ «Ուինակի» (Winaq) ստեղծմանը։ 2011 թվականի ընտրություններում Մենչուն ձախերի Լայն ճակատի թեկնածուն էր և հավաքեց ձայների 3,3 %-ը։
«Ես Ռիգոբերտա Մենչուն եմ» գրքի լույս տեսնելուց ավելի քան 10 տարի անց մարդաբան Դևիլ Ստոլը կատարեց գրքում ներկայացված փաստերի ուսումնասիրություն՝ հենվելով կառավարական փաստաթղթերի, հաշվետվությունների, հողային պահանջներով հայցադիմումների վրա (որոնց մի մասը ներկայացվել էր Մենչու ընտանիքի կողմից), հարցազրույցներ էր վերցրել նախկին հարևաններից, տեղաբնակներից, ընկերներից և թշնամիներից, բայց Մենչուին նա չէր դիմել։
Ուսումնասիրության արդյունքները նա հրապարակեց 1999 թվականին «Ռիգոբերտա Մենչուն և բոլոր աղքատ գվատեմալացիների պատմությունը» (անգլ.՝ Rigoberta Menchú and the Story of All Poor Guatemalans) գրքում։ Ստոլլը հաստատում էր, որ Ռիգոբերտա Մենչուն իրոք մեծացել էր մայաներով բնակեցված գյուղում, որտեղ այցելում էին մարքսիստական պարտիզանները, որն էլ այնուհետև հարձակման ենթարկվեց գվատեմալական բանակի կողմից։ Մյուս կողմից Ստոլլը պարզել է, որ Մենչուն գրքում փոխել է իր և իր ընտանիքի կյանքին ու գյուղին վերաբերվող առանձին փաստեր, որպեսզի հասարակության ուշադրությունը բևեռի պարտիզանական շարժմանը, որին ինքը միացավ ծնողների սպանությունից հետո։
Իր գրքում Ռիգոբերտա Մենչուն հաստատում է, որ իր ընտանիքն ակտիվորեն մասնակցել է եվրոպական ծագումով հարուստ գվատեմալական խունտայի և հարստահարիչների դեմ մղվող պայքարին։ Նա պնդում էր նաև, որ իր հայրը՝ Վիսենտե Մենչուն, կազմակերպել էր գյուղացիական շարժում, որը հայտնի էր «Գյուղացիների միասնության կոմիտե» անվանումով («կամպեսինո»)։ Ստոլը և նրա գործընկեր Ռոտերը (Rohter) պարզել էին, որ Վիսենտե Մենչուն, չնայած աղքատ էր, բայց տեղացի մայաների չափանիշներով բավականին նյութապես ապահովված մարդ էր։ Որպես համայնքի ղեկավար՝ նա գվատեմալական կառավարությունից ստացել էր դրամաշնորհ 27,53 կմ² մակերեսով հողի տեսքով։ Սակայն նրա հաջողությունը երկար վեճի պատճառ դարձավ կնոջ հարազատների Տում ընտանիքի հետ, որոնք պահանջներ ներկայացրին հողի մի մասի նկատմամբ։ Ըստ նրա դստեր՝ 1970-ական թվականների վերջերին, երբ ինքը արմատական քաղաքական գործիչ էր, Վիսենտե Մենչուն բնակվում էր գյուղում գտնվող իր տանը և համագործակցում էր Խաղաղության կորպուսի կամավորների հետ։
Ինքնակենսագրությունում 1982 թվականին Մենչուն պնդում էր, որ ինքը և իր ընտանիքը ստիպված էին տարեկան ութ ամիս բատրակություն անել հեռավոր ափամերձ պլանտացիաներում, ինչը մինչ օրս անում են շատ աղքատացած մայաներ։ Սակայն հարևանների կարծիքով, Մենչուի ընտանիքը համեմատաբար ապահովված էր, որպեսզի խուսափեր այդ ճակատագրից։ Մենչուն պնդում էր նաև, որ հայրը իրեն թույլ չի տվել դպրոց գնալ այն պատճառով, որ դպրոցը նրան կդարձնի «լադինո», այսինքն կստիպի մոռանալ իր հնդկական արմատները, սակայն իրականում կաթոլիկ վանականները օգնեցին նրան ավարտել 8-րդ դասարանը։
Ինքնակենսագրության դրվագներից մեկում Մենչուն գրում է, որ իր կրտսեր եղբորը՝ Պետրոսինոին, գվատեմալական զինվորականները իրենց աչքի առաջ կենդանի այրեցին ավանի հրապարակում։ Ավանի մի շարք բնակիչների հարցումներից և այդ ժամանակվա իրավապաշպանների հաշվետվությունների ուսումնասիրությունից Ստոլը պարզել է, որ Պետրոսինոն գնդակահարվել է խունտայի կողմնակիցների ռազմականացված խմբի կողմից, քան այրվել, և ընտանիքը ականատես չի եղել նրա մահվանը։ Մյուս կողմից Ստոլը գրում է, որ Մենչուի կենսագրությունը չի կարելի ընկալել որպես կեղծիք, քանի որ նրա երկու ծնողները, երկու եղբայրները, եղբոր կինը և երեք բարեկամները իրականում սպանվել են խունտայի կողմնակիցների կողմից։
Ի պատասխան Ստոլի հրապարակման՝ Մենչուն սկզբում մեղադրում էր նրան գվատեմալական ռազմական խունտային օժանդակելու և բռնության զոհերին վարկաբեկելու մեջ, սակայն հետագայում խոստովանեց, որ ինքը որոշակի փոփոխություններ է կատարել իր ինքնակենսագրության մեջ։ Նոբելյան կոմիտեն մերժեց Նոբելյան մրցանակը փաստերի նենգափոխման պատճառով վերադարձնելու պահանջը, սակայն Կոմիտեի քարտուղար պրոֆեսոր Հեյր Լունդեստադը հայտարարեց, որ նրա մրցանակը «միայն իր ինքնակենսագրության վրա չէր հիմնված»[19]։ Նոբելյան կոմիտեի հայտարարության համաձայն, «Ստոլը համաձայն է նրան Նոբելյան մրցանակ շնորհելու հետ և կասկածի տակ չի առնում նրա կողմից նկարագրված և զինվորականների կատարած վայրագությունների տեսարանները։ Նրա խոսքերով իր պատմածի նպատակն այն էր, որ ինքը ցանկացել է միջազգային դատապարտման արժանացնել այն կազմակերպությանը, որին ծառայում էր գվատեմալական բանակը»[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.