Պարեկող զինամթերք
From Wikipedia, the free encyclopedia
Պարեկող զինամթերք (անգլ.՝ loitering munition), ինչպես նաև դռոն-կամիկաձե (անգլ.՝ kamikaze drone) ինտեգրված մարտագխիկով անօդաչու թռչող սարքի տեսակ, որն ունակ է երկար ժամանակ օդում մնալ թիրախի գտնվելու հատվածում սպասողական ռեժիմում և օպերատիվորեն հարձակում իրականացնել նրա վրա՝ օպերատորից համապատասխան հրաման ստանալուց հետո կամ խնդիրներ կատարել ներկառուցվածով նախատեսված ալգորիթմով[1][2][3]։
Այս տեսակի համալիրներն, ըստ իրենց բնույթի, պետք է համատեղեն անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) և ավիացիոն ռումբի մարտական մասի առավելությունները։
Պարեկող զինամթերքի ստեղծման գաղափարը ծագել է 1970-ական թվականներին։
Ժամանակակից պարեկող զինամթերքը հաճախ պաշտպանված է հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի ազդեցությունից՝ արհեստական բանականության համակարգերի կիրառման շնորհիվ նրանք կարող են ինքնուրույն գտնել և ոչնչացնել տվյալ թիրախները, ինչը հատկապես արդյունավետ է հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը նրա պաշտպանության խորքում ոչնչացնելու համար։ Կամիկաձե անօդաչու սարքերի փոքր չափի, ցածր արագությամբ թռչելու հնարավորությունը, կոմպոզիտային նյութերը թույլ են տալիս շրջանցել հակաօդային պաշտպանության բազմաթիվ համակարգեր, որոնք նախատեսված են շատ ավելի մեծ մարտական ինքնաթիռների և թևավոր հրթիռների դեմ օգտագործելու համար։ Պարեկող զինամթերքի լրացուցիչ առավելությունն այն է, որ դրանք շատ ավելի էժան են, քան հակառադիոլակացիոն հրթիռները[4]։