Շուշիի շրջան (Արցախ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Շուշիի շրջան, Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շուշիի շրջանի մակերեսը կազմում է 381 կմ², բնակչությունը՝ 4.324 մարդ (2005 թ.[4])։ Շրջկենտրոնը Շուշի քաղաքն է՝ 1918-1920 թթ. Արցախի ինքնահռչակ պետության մայրաքաղաքը։ Մակերևույթն ամբողջապես լեռնային է և ծածկված անտառներով և թփուտներով։ Նրա հարավային՝ Հադրութի շրջանին սահմանակից հատվածում վեր է խոյանում Քիրս լեռը, որի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Քիրսը, ունի 2748 մ բարձրություն[5]։ Շրջանի տարածքով են անցնում Կարկառ գետի արևելյան վտակը՝ Շուշինկան և արևմտյան վտակ Ղայբալին։ Շրջանի գեղատեսիլ վայրերից է Հունոտի կիրճը։
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Մտնում է | Արցախ |
Վարչկենտրոն | Շուշի |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 5189 մարդ (2015)[1] |
Տարածք | 383 կմ² |
Ժամային գոտի | UTC+4[2] |
Հեռախոսային կոդ | 26 |
Ավտոմոբիլային կոդ | 58 |
Շուշիի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակցում է Ասկերանի, հարավ-արևելքում Հադրութի, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջաններին, հյուսիս-արևելքում՝ Ստեփանակերտ քաղաքին։
2009 թվականի տվյալներով Շուշիի շրջանում կա 8 գյուղական բնակավայր, որոնք միավորված են 6 համայնքներում և մեկ քաղաքային համայնք՝ Շուշի քաղաքը[6]։ 2020-ի Արցախյան 2-րդ պատերազմի արդյունքում Շուշի քաղաքն ու Քարին-Տակ գյուղը անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ 2023-ի ադրբեջանական հարձակման հետևանքով Բարդաձոր, Եղծահող, Կանաչթալա, Հինշեն, Տասը-Վերստ և Լիսագոր գյուղերն ընկան պաշարման մեջ, կտրվելով Արցախի մնացած մասից և Հայաստանից, և զրկվելով գազից, ջրից ու էլեկտրականությունից։
Շուշին 1752 թվականից սկսած եղել է հանրահայտ բերդ-ամրոց, իսկ 1840 թվականից՝ քաղաք։ 1916 թվականին Շուշիի բնակչությունը կազմել է 43,5 հազար, որի գերակշիռ մասը հայեր էին։ Հետագայում բնակչությունը շեշտակիորեն նվազել է, և 1920 թվականին կազմել 35 հազ․ մարդ։ 1988-1990 թթ․ Ադրբեջանի կողմից քաղաքը բնակեցվել է զգալի թվով ադրբեջանցիներով։ Շուշին հայ ազատամարտիկների կողմից ազատագրվեց 1992 թվականի մայիսի 9-ին։
Շուշիի շրջանը զբաղեցրել է ԼՂԻՄ հարավարևմտյան հատվածը՝ Ղարաբաղի լեռնաշղթայի կենտրոնական մասում։ Եղել է մարզի ամենափոքր շրջանը և զբաղեցրել է 0,3 հազար կմ2։ Եթե Շուշիի շրջանի հողային ֆոնդը 1988-ին կազմել է շուրջ 30 հազար հա, որից վարելահողեր՝ 3,7 հազար հեկտար, այգիներ՝ 103 հեկտար, խոտհարքեր՝ 330 հեկտար, արոտավայրեր՝ 16,7 հազար հեկտար, անտառներ՝ 8,3 հազար հեկտար[5]։ Ապա 2016 թ. տվյալներով Շուշիի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 12484,83 հա, որից 133,0 հա վարելահողեր են, 26,80 հա բազմամյա տնկարկներ, 548,56 հա խոտհարքեր, 11188,15 հեկտար արոտավայրեր և 588,34 հեկտար այլ հողեր։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղն էր անասնապահությունը։ Արդյունաբերական ձեռնարկներ կային Շուշի քաղաքում և Քարին տակ գյուղում։ 1987 թ. տվյալներով Շուշիի շրջանում կար 27 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Գյուղական բնակավայրերից կարելի էր թվարկել Քարին տակը, Մեծ Շենը, Հին Շենը, Տասը Վերստը, Լիսագորը, Կանաչ Թալան, Մեծ և Փոքր Խերխանները, Խալֆալին, Ղայբալուն, Շռլանը, Մալի Բեյլուն, Նաբիլար և այլն։ Այլազգիներով բնակեցված վերոհիշյալ գյուղերի մեծ մասն ուներ 5-7 տուն։
Շուշիի շրջանը կազմված է քաղաքային և գյուղական համայնքներից[7][8]։ Ներկայում շրջանի 3 բնակավայր, այդ թվում՝ Շուշի քաղաքը, գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[9][10][11][12]։
Շուշիի շրջանն ունի 7 համայնք, որոնք իրենց մեջ ներառում են 11 բնակավայրեր։ Դրանք են[7]՝
Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային փոքր սարահարթի վրա, ծովի մակարդակից 1350-1500 մ բարձրության վրա։ Ընդհանոր առմամբ Շուշին բնութագրվում է մեղմ կլիմայական պայմաններով։ Օդի հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է +19 °C, իսկ հունվարյանը՝ —1,5 °C։ Մեղմ կլիման, լեռնային մաքուր օդը, շրջապատի գեղեցկությունն ու հանքային ջրերի պաշարները Շուշին դարձրել են առողջարանային, հանգստյան ու զբոսաշրջության կենտրոն[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.