հայ արձակագիր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան, մարտի 1 (13), 1867[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 13, 1933[2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ գրող։
Նար-Դոս | |
---|---|
Ծննդյան անուն | Միքայել Զաքարի Հովհաննիսյան |
Ծնվել է | մարտի 1 (13), 1867[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] |
Վախճանվել է | հուլիսի 13, 1933[2] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Գերեզման | Խոջիվանք[1] |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ժանրեր | պատմվածք և Նովել |
Աշխատավայր | Նոր դար[1] |
Զավակներ | Նար Հովհաննիսյան |
Նար-Դոս Վիքիքաղվածքում | |
Նար-Դոս Վիքիդարանում | |
Nar-Dos Վիքիպահեստում |
Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյա դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 80-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ («Նեղ օրերից մեկը», «Ես և նա»), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։
Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում։ Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է ռեալիստական գրական մեթոդը շատ խիստ խոսելով նատուրալիզմի դեմ։ Գրական երկը պետք է առողջ զգացումներ արթնացնի մարդկանց մեջ, մինչդեռ Զոլայի նատուրալիզմն իր ժառանգության տեսությամբ, հիվանդացնում է ընթերցողի հոգին ու մարմինը, ջլատում նրա հոգեկան ուժերը, կյանքը մարդու համար դարձնում անտանելի պատիժ։ Գրականությունը բարոյական մեծ արժեքներ ունի հասարակության ու մարդկանց առջև, կոչված է դրականորեն ազդելու «մարդկանց մտքի ու սրտի վրա»։ Բայց այս ներգործուն ուժն ունենալու համար գրողը պետք է հասնի բարձր գեղարվեստականության։ Գրական երկը պետք է ամենից առաջ հարազատ լինի կյանքին և ճշմարտացի արտացոլի մարդկանց հոգեբանությունը։ Ինքնատիպ է ռեալիզմի մասին ունեցած նրա պատկերացումը, նա պետք է հոգեբանության միջոցով կյանքն արտացոլի այնպես, ինչպես որ է։ Սակայն նա կանգ չի առնում այդ աստիճանի վրա գտնում է, որ գրականությունը դաստիարակչական կարևոր անելիք ունի հասարակական կյանքում, մի յուրօրինակ դպրոց է, որը կոչում ունի գտնել արատների վերացման ուղիները։ Այստեղից էլ ծնվում են նրա գրական հայացքները`գրականությունը չի կարող անտարբեր մնալ մարդկանց ու ժողովրդի բախտի նկատմամբ։
Նար-Դոսը շատ բան է սովորել նախորդ շրջանի գրողներից` Սունդուկյանից, Րաֆֆուց, Պատկանյանից, բարձր է գնահատել Տուրգենևին, Գոնչարովին, Տոլստոյին, Դոստոևսկուն և Չեխովին, նրանցից սովորել կերպարների վարքագիծը հոգեբանորեն հիմնավորելու արվեստը։
Նար-Դոսի գրական հայացքները սերտորեն կապված են հասարակական իդեալների հետ։ Նա ամբողջովին կապված էր հայ դեմոկրատական տարերքների հետ, համոզված ժողովրդասեր էր, հավատում էր ժողովրդի ներքին ուժերին, հայրենիքի քաղաքական ու սոցիալական վերածնության հնարավորությանը։
Նար-Դոսը դատապարտում էր լիբերալների ազատամտությունը, գործի ու խոսքի հակասությունը և ցույց տալիս, որ գեղեցիկ խոսքի այս ասպետները կտրված են ժողովրդի կյանքից ու մտահոգված չեն նրա կարիքներով։ Մյուս կողմից, նա խոստովանում է, որ ինքը պատահականորեն է ընկել պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատունը։ Նար-Դոսը հիմնականում դեմ էր նաև պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը։
Նա քննադատաբար է նայել բուրժուական հասարակությանը, ստեղծելով մի շարք բացասական տիպեր ու բնավորություններ, մերժել է նյութապաշտությունը, դրամական շահատակությունը, եսամոլությունը ու կեղծիքը։ Նար-Դոսը խորապես է ցավում վաշխառուների ճիրաններում անծայր թշվառության ու տգիտության մեջ տառապող գյուղացիության համար, գյուղը պետք է փրկել ու լուսավորել, պետք է անձնվիրաբար հոգալ հասարակ ժողովրդի կարիքները։ Շատ է մտահոգվել նաև Արևմտյան Հայաստանի աշխատավորության քաղաքական ազատագրության խնդիրը։
Ժամանակակիցները Նար-Դոսին հիշում են իբրև համեստ, պարզ և համակրելի անձնավորություն։ «Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է», - գրել է Ավետիք Իսահակյանը։ «Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ... Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող», - գրում է Ավետիք Իսահակյանը։ Նար-Դոսի հմայքը զգալիորեն պայմանավորված էր նրա մարդկային նկարագրով։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.