![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Maria_Petrova.jpg/640px-Maria_Petrova.jpg&w=640&q=50)
Մտավոր հետամնացություն
From Wikipedia, the free encyclopedia
Մտավոր հետամնացություն, սակավամտություն, օլիգոֆրենիա (հուն․՝ ὀλίγος «սակավ» + φρήν «միտք»), ի ծնե կամ վաղ տարիքում ձեռքբերովի հապաղում, կամ հոգեկանի ոչ լիարժեք զարգացում, որը դրսևորվում է ինտելեկտի խանգարմամբ՝ առաջացած գլխուղեղի ախտահարման հետևանքով և տանում է սոցիալական դեզադապտացիայի[2]։ Առաջին հերթին դրսևորվում է բանականությունում (այդտեղից էլ անվանումը), նաև՝ հույզերում, կամքում, խոսքում և մոտորիկայում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Maria_Petrova.jpg/320px-Maria_Petrova.jpg)
Մտավոր հետամնացություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն, հոգեբանություն և նյարդաբանություն[1] |
ՀՄԴ-9 | 317 |
ՀՄԴ-10 | F79 |
![]() |
«Օլիգոֆրենիա» տերմինն առաջարկել է Էմիլ Կրեպելինը[3]։ Շատ դեպքերոմ այն հոմանիշ է ժամանակակից մտավոր հետամնացության հասկացությանը։ Միևնույն ժամանակ վերջին հասկացությունն ավելի լայն է. ներառում է ոչ միայն հոգեկան զարգացման հապաղումը, այլ օրինակ՝ սոցիալ-մանկավարժական բացթողումները և առաջին հերթին ախտորոշվում է ինտելեկտի զարգացման հապաղումների աստիճանով՝ առանց նշելու էտիլոգիական և ախտածին մեխանիզմները[4]։
Մտավոր հետամնացությունը՝ որպես ի ծնե հոգեկան թերություն, տարբերակում են ձեռքբերովի սակավամտությունից կամ դեմենցիայից (լատին․՝ de- «նվազում, պակասեցում, շարժում դեպի ցած» + mens «խելք, միտք»)։ Ձեռքբերովի մտավոր հետամնացությունը՝ նորմալ մակարդակից ինտելեկտի նվազումն է, իսկ օլիգոֆրենիայի ժամանակ հասուն մարդու ինտելեկտը չի հասնում նորմալ մակարդակի։ Մտավոր ունակությունների անբավարարությունը գնահատվում է ստանդարտ հոգեբանական թեստերի ինտելեկտուալ քանակական գործակցով[4]։
Որոշ գիտնականներ օլիգոֆրենը սահմանում են որպես՝ «... անհատ, որը ընդունակ չէ անկախ սոցիալական ադապտացիայի»[5]։
Հիվանդությունների միջազգային դասակարգման տասնմեկերորդ վերանայման (ՀՄԴ-11) մեջ «մտավոր հետամնացություն տերմինը» (անգլ.՝ mental retardation) փոխվել է՝ դառնալով «disorder of intellectual development» (անգլ. թարգմանաբար՝ «ինտելեկտուալ զարգացման խանգարում»)[6]: Ամերիկյան դասակարգման մեջ (DSM-5) կիրառվում է համանման անվանում՝ intellectual disability (intellectual development disorder)[7]: