Մարգինալ
From Wikipedia, the free encyclopedia
Մարգինալ' (լատին․՝ margo - ծայր, սահման, անգլ.՝ marginal - ծայրամասում գտնվող, սահմանային, նվազագույն, աննկատելի, սահմանագծային, անցումային վիճակում գտնվող), հասարակության շրջանում սոցիալական անկարողություն ու դեգրադացիա (լատին․՝ degradacja - աստիճանական անկում), օտարացում։
Այս տերմինը լայնորեն կիրառվել է Եվրոպայում և առաջին անգամ օգտագործվել է Ֆրանսիայում[1]։ Այն օգտագործվում է բոլոր բնագավառներում՝ կրթություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, քաղաքականություն և տնտեսագիտություն։
Մարգինալ մարդիկ կանգնած են տարբեր մշակույթների և ազգերի մեջտեղում, հին և նոր քաղաքական գաղափարների, ազգայնական և աշխարհաքաղաքացիական կողմնորոշումների, կրոնական և աթեիստական համոզմունքների, աշխատանքային և սպառողական դիրքորոշումների միջև։ Հասարակական գիտակցությունը հայտնվում է մարգինալ վիճակում, երբ նրանում տարօրինակ ձևով զուգակցվում են փոխադարձ տարբեր «եզրերը»։ Մարգինալ կարող են համարվել այն խմբերը, որոնք հասարակության մեջ հայտնվել են լուսանցքային գոտում։
Սոցիալական բացառումն այն գործընթացն է, որտեղ անհատները կամ ժողովուրդը պարբերաբար արգելափակվում են տարբեր իրավունքներից, հնարավորություններից և ռեսուրսներից, որոնք սովորաբար հասանելի են այլ խմբի անդամների համար և որոնք հիմնարար են սոցիալական ինտեգրման և մարդու իրավունքների պահպանման համար տվյալ խմբի շրջանակներում (օրինակ՝ բնակարանային ապահովություն, զբաղվածություն, առողջապահություն, քաղաքացիական ներգրավում, ժողովրդավարական մասնակցություն և պատշաճ գործընթաց)։
Սոցիալական բացառման հետևանքով առաջացած օտարացումը կամ իրավունքների ոտնահարումը կարող է կապված լինել մարդու սոցիալական դասի, ռասայի, մաշկի գույնի, կրոնական պատկանելության, էթնիկ ծագման, կրթական կարգավիճակի, մանուկ հասակում ունեցած հարաբերությունների[2], կենսամակարդակի կամ արտաքին տեսքի հետ։ Խտրականության այս բացառիկ ձևերը կարող են կիրառվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց, փոքրամասնությունների, LGBTQ + մարդկանց, թմրամիջոցներ օգտագործողների[3], ինստիտուցիոնալ խնամքի տակ գտնվողների[4], տարեցների և երիտասարդների նկատմամբ։ Ցանկացած մարդ որևէ կերպ հայտվում է բնակչության ընկալման նորմերից դուրս, կարող է դառնալ այսպիսի կոպիտ կամ հստակ սոցիալական բացառման ձևի օբյեկտ։