From Wikipedia, the free encyclopedia
Հրդեհ ՀՀ ՊՆ N զորամասում (2023), խոշոր հրդեհ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ին, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր[2]։ Զորամասը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում։ Սա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատմության մեջ ոչ մարտական զոհերի ամենամեծ միջադեպերից է[3]։
Հրդեհ ՀՀ ՊՆ N զորամասում (2023) | |
---|---|
Տեսակ | աղետ |
Վայր | Ազատ, Գեղարքունիքի մարզ |
Տեղադրանք | Ազատ |
Երկիր | Հայաստան |
Տարեթիվ | հունվարի 19, 2023 |
Զոհվածներ | 15 զինծառայող |
Վիրավորներ | 3[1] |
Պատճառ | հրդեհային անվտանգության կանոնների խախտում (նախնական) |
Զորամասում հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին` ժամը 01:30-ի սահմաններում։ Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է զորամասի վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում, ինչն արգելված է ՀՀ զինված ուժերում։ Նույն նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ փորձ է արվել բացել և բենզինի 5 լիտրանոց տարայով բենզին լցնել վառարանի մեջ, որի հետևանքով հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որն էլ վառվող բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ։ Բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին։ Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)[4]։
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 պարտադիր ժամկետային զինծառայող, 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ[5]։
Հրդեհին հաջորդել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որի համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը[6][7], 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը[8]։
ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.