Հիշողության սպորտ
From Wikipedia, the free encyclopedia
Հիշողության սպորտ, երբեմն՝ մրցակցային հիշողություն կամ հիշողության մտային սպորտ, մրցույթ, որտեղ մասնակիցները որոշակի հրահանգների շրջանակներում փորձում են մտապահել, այնուհետև վերհիշել ինֆորմացիայի տարբեր ձևեր։ Սպորտը պաշտոնապես սկսել է զարգանալ 1991 թվականից։ Գոյություն ունեն ազգային և միջազգային առաջնություններ։
Տարածված մրցույթներից մեկը ներառում է խառնած խաղաքարտերի մտապահումը հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որից հետո մասնակցից պահանջվում է դասավորել այլ տուփերի խաղաքարտեր՝ նույն հերթականությամբ։
Մնեմոնիկայի տեխնիկաներն ընդհանրապես համարվում են մրցույթի կարևոր մասերից մեկը և բարելավվում են ինտենսիվ աշխատանքի շնորհիվ[1]։ Սրանք կարող են ներառել Լոկիի մեթոդը, մնեմոնիկայի կապակցման մեթոդի օգտագործումը և մասերի բաժանումը։ Օգտագործվում են նաև այլ տեխնիկաներ՝ ինֆորմացիայի պահեստավորման և վերհիշելու համար։