From Wikipedia, the free encyclopedia
Հիբրիդային պատերազմ (անգլ.՝ hybrid warfare), ԱՄՆ-ում 20-րդ դարի վերջին ի հայտ եկած հասկացություն այն ռազմական ստրատեգիայի համար, որն իր մեջ որպես մի ամբողջություն ընդգրկում է սովորական պատերազմը (անգլ.՝ conventional war), փոքր պատերազմը (անգլ.՝ small war) և կիբերպատերազմը (անգլ.՝ cyberwarfare)[1] և մի քանի այլ տեսակի բախումներ։ Բացի այդ, «հիբրիդային պատերազմ» բառակապակցությունն օգտագործվում է՝ միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու սարքերի և տեղեկատվական պատերազմի միջոցների կիրառմամբ գործողությունների ամբողջությունը նշելու համար[2]։
Արդի պայմաններում զինված հակամարտությունների լուծման պատմականորեն նոր այդ մոտեցումը հանդիսանում է պատերազմի առաջատար տեսակներից մեկը[3]։
Արևմտյան տարածված սահմանումներից մեկի համաձայն՝ «հիբրիդային պատերազմը բացահայտ և քողարկված պատերազմական գործողությունների, սադրանքների և դիվերսիաների համակցությունն է, որը զուգորդվում է սեփական մասնակցության ժխտմամբ, ինչը զգալիորեն դժվարացնում է հիբրիդային ռազմական գործողություներին լիարժեք պատասխան տալը»[4]։
Համատեղելով կինետիկ գործողությունները դիվերսիոն ջանքերի հետ, ագրեսորը նպատակադրվում է խուսափել ագրեսիայի կատարման համար մեղադրանքներից կամ հատուցումից[5]։
Մեկ այլ մոտեցման համաձայն՝ հիբրիդային պատերազմ կամ հիբրիդային ռազմագործողություններ նշանակում է բացահայտ և քողարկված, կանոնավոր և անկանոն, համաչափ (սիմետրիկ) և անհամաչափ (ասիմետրիկ), ռազմական և ոչ ռազմական գործողությունների այնպիսի ճկուն հիբրիդային խառնուրդը, որն օգտագործվում է հակամարտությունն իրականացնելու նպատակի համար, ընդ որում երկու պետությունների միջև պատերազմի և խաղաղության շեմի խախտումը քողարկելով միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն[6]։
«Հիբրիդային պատերազմ» կամ «Հիբրիդային ռազմագործողություններ» տերմինները կարող են օգտագործվել նկարագրելու համար ռազմագործողությունների տարածքի ճկուն և բարդ դինամիկան, որը պահանջում է բարձր փոփոխելիության, համապատասխանեցման և տոկոնության մակարդակ ունեցող պատասխան[1][2]։
Եվրոպական որոշ մասնագետների կարծիքով հիբրիդային պատերազմը թշնամական գործողությունների մի տեսակ է, որի դեպքում հարձակվող կողմը չի դիմում դասական ներխուժմանը, այլ իր հետ հակամարտության մեջ գտնվող կողմին ոչնչացնում է համակցելով քայքայիչ գործողությունները, սաբոտաժը, կիբեռպատերազմը, ինչպես նաև հակառակորդի տարածքում գործող ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը[7]։
Ընդ որում, հարձակվող կողմը իրականացնում է ռազմավարական համադրումը, սակայն, միաժամանակ, պահպանում է պատերազմում իր ներգրավվածության (փաստացի՝ ներխուժման) ճշմարտանման ժխտման հնարավորությունը։ XX դարի վերջին — XXI դարի սկզբին մղված հիբրիդային ռազմական գործողությունների դասական օրինակներ են համարվում աֆղանական պատերազմները (առնվազն երեք անգամ. ԽՍՀՄ-ի կողմից՝ խորհրդա-աֆղանական պատերազմի սկզբին՝ 1979 թվականին, ԱՄՆ-ի կողմից՝ մոջահեդներին ցուցաբերած աջակցության ժամանակ և Թալիբանի տապալման ժամանակ)[7]։
Կա նաև բոլորովին այլ, տարբերվող մոտեցում, որ «Հիբրիդային պատերազմը հին ու նոր, կանոնավոր և դեռ անկանոն (դասական, պարտիզանական, դիվերսիոն և այլն) մարտական գործողությունների և կիրառված մեթոդների ու միջոցների ամբողջությունն է, որը տվյալ դեպքում կիրառվում է որպես ժամանակավոր լուծում։ Ժամանակավոր ինչպես մարտավարական իմաստով, այնպես էլ ռազմավարական՝ որպես սերնդային ձևավորման ճանապարհ։ Կիրառողը դա ժամանակավոր է իրականացնում, քանի որ դասականի ռեսուրսներ և/կամ ժամանակ չունի, հիմնական միջոցների փոխարեն երբեմն օժանդակ միջոցներ է օգտագործում, իսկ ռազմավարական առումով հետագայում այդ հին և նոր սերնդի դրսևորումներն էլ հղկվելով՝ միավորվում են և դառնում նոր սերնդի կանոնավոր պատերազմներ»[8]։ «Այսինքն՝ հիբրիդային պատերազմները լինում են ըստ կանոնների և բնույթի։ Ցավոք, տեսաբանների մեծ մասը կենտրոնանում է միայն բնույթի վրա և անտեսում է կանոնների հիբրիդայնության հարցը։ Սակայն նույն ժամանակ որոշակի իրավիճակներում դրանք կարող են կիրառվել առանձին կամ դրսևորման ցանկացած այլ շեղմամբ։ Ներկայումս այս միաձուլման, անկանոնի հղկումը դեպի կանոնավոր երևույթի խնդիրը ծնել է նոր գիտական վեճ։ Այս ամենը, ինչպես վերը նշեցինք, ունի նախևառաջ սոցիալական, քաղաքական ու կրթական հիմք։ Մարդկությունը ներկայումս ապրում է մեծ փոփոխությունների, արժեքային, կազմակերպչական, իրավական և տնտեսական փոփոխությունների ժամանակաշրջան։ Ինչպես նշում է Զիգմունդ Բաումանը իր հիմնական աշխատություններում. «Ներկան հոսող է»[9]։ Այսինքն՝ անցումային հոսող ժամանակ է, երբ հին համակարգերը, արժեքները գնում են, իսկ նորերը դեռ չկան։ Որոշ մասնագետներ, հիմնվելով այս ամենին, հնարել են «բարդակազմ պատերազմներ» տերմինը (compound)[10], սակայն կարծում ենք, որ դա ընդամենը ձուլման ժամանակատար գործընթացը, նոր սերնդի ձևավորումը չհասկանալու հետևանք է։ Այն մասնագետները, որոնք դա ընկալել են, մեզ նման համաձայն չեն այդ տեսակետների հետ։ Բարդ կազմությունը հենց այդ հին ու նոր մեթոդների, կանոնավորության և անկանոնության հարաբերություններն են, որ հզոր բանակները համատեղում են, իսկ անպատրաստ բանակները, չկարողանալով կիրառել դրանցից մեկը, տարանջատում[11]։ Ոչ ավանդական ռազմական մեթոդներն ու միջոցները, որոնց դերը այստեղ նշանակալի բարձրացել է, միևնույն է հիմնական որոշիչ ուժը չեն։ Տնտեսական, քաղաքական, տեղեկատվահոգեբանական և այլ միջոցները մեծապես կօգնեն գործին, սակայն վերջնական լուծում չեն ապահովի։ Այն պատերազմները, որոնց մասին որոշ մասնագետներ խոսում են որպես հիբրիդայինի կամ անկանոնի, իրականում ունեն մեկ հստակ նախապայման։ Դրանք որպես կանոն ցածր ինտենսիվությամբ պատերազմներ են, որոնց մասին մենք դեռ կանդրադառնանք։
Սերնդային անցումների ժամանակ ի հայտ եկող հիբրիդային պատերազմները ըստ էության ճգնաժամերի հետևանք են, ընդունված համակարգերի ճգնաժամի։ Հին համակարգերը, հին սերունդները, այլևս չկարողանալով դիմակայել նոր մարտահրավերներին, ընկնում են ճգնաժամի մեջ, որից դուրս գալու ելքերն էլ ծնվում են հիբրիդային իրավիճակում և դառնում նոր սերունդ։ Այդ ժամանակ, երբ ճգնաժամերը հասունանում են, արդեն հին ուժային համակարգերին կանգնեցնում են խնդիրների առաջ։ Դա նախևառաջ արտահայտվում է երեք հիմնական բաղադրիչներով՝ ժամանակի ճգնաժամ, կանոնների ճգնաժամ, միջոցների ճգնաժամ։ Սակայն այս ամենը հարկավոր է դիտարկել նաև գծային ու ոչ գծային տրամաբանությամբ, այսինքն՝ ժամանակավորության և ձևավորված համակարգերի երկարաժամկետության հարաբերակցությամբ։ Նախորդ սերունդների պատերազմները անցումների ժամանակ ևս ունեին հիբրիդային կազմություն, որը կարող էր կրկին տևել մի քանի տասնամյակ, սակայն նոր սերնդի ձևավորումից հետո այդ կանոնների երկարաժամկետությունը հստակ չափելի էր, այսինքն՝ ինչ-որ առումով գծային, իսկ ներկայումս փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ կանոնների ձևավորման փուլը ավելի կարճ է տևում, քան անցումային շրջանները՝ դրանով իսկ քանդելով սերնդափոխության ավանդական ամբողջ տրամաբանությունը։ Այսինքն՝ ժամանակի խնդիրը ոչ թե ցիկլային է, այլ մշտական։
Հին համակարգերը նախևառաջ խոցելի են դառնում արձագանքման ժամանակի պատճառով։ Դրանք սովոր են որոշակի գործողությունների՝ որոշակի հստակ ժամանակահատվածում կատարելով հակաքայլը։ Սակայն նոր համակարգերը սովորաբար կրճատում են այդ ժամանակը, որին այլևս հին համակարգերը չեն հասցնում արձագանքել։ Երկրորդը ձևն է, այսինքն՝ արձագանքների ընդունված որոշակի նորմերն ու կանոնները, որոնք փոխվելով՝ փաստի առաջ են կանգնեցնում դրանց անընդունակ համակարգերին։ Զինվորականները սովորաբար պահպանողական մտածելակերպի մարդիկ են, իսկ նմանօրինակ դեպքերը պահանջում են ճկունություն, մտքի, գործի ճկունություն, որն էլ նրանց չի բավարարում։ Ճկունությունը և անվտանգային համակարգերը սովորաբար պայքարի մեջ են։ Քիչ բանակներ ու շտաբներ կան, որոնք մշտապես ճկուն են գործում։ Ծանր խնդիր են նաև ռեսուրսները, սակայն ոչ թե դրանց բացարձակ չափելի քանակը, այլ ռեսուրսների կիրառման նոր մոտեցումները, նոր լուծումները, ավելի ճկուն ու նորարարական միջոցները, այսինքն՝ զենքից մինչև հանդերձանք։
Ինչպես ցույց է տալիս այս սխեման, նոր սերնդի պատերազմներն ավելի կարճ ժամանակում են սկսվում։ Այս անցումը երբեմն այնքան արագ է տեղի ունենում, որ պետական ու հասարակական մարմինները չեն հասցնում արձագանքել համապատասխան կարգով։ Ժամանակի առումով դրանց արտացոլանքը հորիզոնական գծի վրա այնքան մոտ է, որ տարբերությունն է շատ ժամանակ կորում։ Պատերազմն ու խաղաղությունը իրարից քիչ են տարբերվում այս դեպքում։ Անկանոն միջավայրը, մարտահրավերները ունեն ոչ հստակ ու ընկալելի տրամաբանություն, հետևաբար ավանդական ազգային անվտանգության կառույցների համար ընկալելի չեն: Նախկին սերնդի անվտանգային համակարգերն իրենց համապատասխան կառույցներով ի վիճակի չեն լինում պայքարել ո՛չ մեծ, անհստակ կազմակերպվածության, ո՛չ հստակ ղեկավարման ուղղահայաց ունեցող կառույցների դեմ։ Երրորդ, չորրորդ սերնդի պատերազմներին բնորոշ պաշտպանական համակարգերը հաճախ սպասում են մեծ, հզոր հակառակորդի, սակայն անվտանգության փոքր ճեղքեր են ներխուժում աննշան թվացող մարտահրավերները, որոնք ճկուն են, ոչ հստակ տրամաբանությամբ են գործում, և հզոր համակարգերը դրանց դեմ գործելու համապատասխան ճկունություն չեն ունենում։ Այսինքն՝ դասական կայծակնային մոդելի հաջողություններն են, ուղղակի այլ մասշտաբներով։ Անկանոն վտանգներն իրենց փոքր խայթոցներով պարզապես հյուծում են հզոր համակարգերը։ Նման իրավիճակներ եղան Սիրիայում, Ուկրաինայում։ Պատերազմների սերնդափոխության սկզբնական փուլում, որում և Հայաստանն ու Հայոց բանակն են գտնվում, դեռ անկանոն համարվող մարտահրավերները, որոնց վտանգավորության աստիճանը երբեմն լիովին գնահատված չէ անվտանգության համակարգերի կողմից, իրենց անկանոն տրամաբանությամբ կարող են պարտության մատնել անվտանգության այդ համակարգերը։ Սա վերաբերում է ինչպես վտանգներին իր բոլոր դրսևորումներով առհասարակ, այնպես էլ մարտական կոնկրետ գործողություններին, զինված ուժերի մարտավարությանը։
21-րդ դարի առաջին կեսը համընկնում է անցումային ժամանակի հետ։ Այն, ինչ տեսնում ենք, հինգերորդից վեցերորդ անցումային իրավիճակն է, որը կոչվում է հիբրիդային անցումային և այլն։ Խոսքը կանոնների հիբրիդային բնույթի մասին է։ Շատ տեսաբաններ առաջարկում են անկանոն մարտական գործողությունները դիտարկել որպես պատերազմ, մյուսները՝ որպես մարտերի առանձին տեսակ, մեկ ուրիշ խումբ այն դիտարկում է որպես ռազմական ու քաղաքական եզակի երևույթների բախման մոդել, այլ մասնագետներ առաջարկում են առավել անհավանական բնորոշումներ։ Սակայն դա այդպես չէ։ Այսօր լայնորեն շրջանառվող «Անկանոն պատերազմ» եզրույթը սխալ է կիրառվում։
Պետք է նկատի ունենալ, որ հիբրիդային պատերազմի հայեցակարգը նկարագրելու համար կարող են կիրառվել մի շարք տարբեր տերմիններ։ Օրինակ՝ հիբրիդային պատերազմ, հիբրիդային ռազմագործողություններ, հիբրիդային սպառնալիք կամ հիբրիդային հակամարտություն, ինչպես նաև ոչ գծային պատերազմ, ոչ ավանդական պատերազմ կամ հատուկ պատերազմ։ ԱՄՆ-ի զինված ուժերում սովորաբար հակված են խոսելու հիբրիդային սպառնալիքի մասին, իսկ ամերիկյան գիտական, այդ թվում՝ ռազմագիտական գրականությունում, խոսվում է հիբրիդային պատերազմի մասին։ Սույն հոդվածի նպատակների համար երկու տերմինները (բառեզրերը, եզրույթները կամ գիտաբառերը)՝ հիբրիդային սպառնալիք և հիբրիդային ռազմագործողություններ օգտագործված են որպես միմյանց համարժեք և միմյանց փոխարինող տերմիններ։
"Հիբրիդային պատերազմ" բառակապակցության առաջին հիշատակությունը, համացանցի ռուսալեզու սեգմենտում հայտնվել է 2009 թ. հունիսի 24-ին[12]. Սակայն ամերիկյան ռազմական տերմինաբանության մեջ հիբրիդային պատերազմը կիրառվել է ավելի վաղ։ Դեռ 2008 թ. ԱՄՆ-ի Շտաբների պետերի կոմիտեի հիբրիդային սպառնալիքը բացատրել է որպես այնպիսի հակառակորդ, որն ներառում է սովորական, անկանոն, ահաբեկչական և քրեական կարողությունների տարաբնույթ և դինամիկ համակցություններ[13]։ Համացանցի ռուսական սեգմենտում հիբրիդային պատերազմ բառակապակցությունը 2010 թվականին հիշատակվել է 1 անգամ[14],, իսկ 2011 թվականին՝ 5 անգամ. մարտին 1 անգամ[15], մայիսին 1 անգամ[16], հունիսին 2 անգամ[17] և[18], հուլիսին 1 անգամ[19]։ 2013 թվականին կիրառվել է 5 անգամ. փետրվարին 1 անգամ[20] раз; մարտին 1 անգամ[21], հոկտեմբերին 1 անգամ[22], դեկտեմբերին 2 անգամ[23] և[24]։ 2014 թվականին կիրառվել է 1 անգամ[25], իսկ այս բառակապակցության կիրառման հաճախականությունը կտրում բարձրանում է 2014 թ. ապրիլին, երբ ԱՄՆ-ն սկսեց Ռուսաստանին մեղադրել Ուկրաինայում հիբրիդային պատերազմ վարելու համար[26].
Ըստ որոշ աղբյուրների հիբրիդային պատերազմ ռազմագիտական տերմինն առաջին անգամ կիրառվել է և շարունակվել է օգտագործվել Ամերիկայի Միացյալ Նահանգների 2006 թ., 2009 թ. և 2014 թ. ՛՛Պաշտպանական տեսություններում՛՛։ Բացի այդ, այն հիշատակվել է Ֆրանկ Հոֆմանի[27] 2007 թ. ՛՛Կոնֆլիկտը 21-րդ դարում։ Հիբրիդային պատերազմի ի հայտ գալը՛՛ մենագրությունում և Մայքլ Այշերվուի 2009 թ. ՛՛Հիբրիդային պատերազմի օդային հզորությունը՛՛ մենագրությունում (ԱՄՆ Ռազմաօդային ուժերի Միտչելի ինստիտուտ)։
ԱՄՆ-ի ՛՛Պաշտպանական տեխնիկական տեղեկատվության կենտրոն՛՛ (Defense Technical Information Center) կայքում[28] 2007 թ. մարտի 30-ին տեղադրվել էր հաշվետվություն՝ "HYBRID WAR: A NEW PARADIGM FOR STABILITY OPERATIONS IN FAILING STATES" վերնագրով[29] (Հիբրիդային պատերազմ. նոր պարադիգմա՝ չկայացած պետություններում կայունության օպերացիաների համար" (թարգմանություն անգլերենից), որը կազմվել էր դոկտոր Ջանին Քլինգերի Doctor (Janeen Klinger) գլխավորությամբ։
Հարկ է ընդգծել, որ բոլոր երկրների և ռազմաքաղաքական միությունների համար միասնաբար կիրառվող տերմին՝ բառեզր, որը նշանակեր քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական-հոգեբանական, տնտեսական և ուժային այն գործիքները, որոնցով ձեռք են բերվում ռազմավարական նպատակները, ներկայումս գայություն չունի։ Օտարերկրյա մի շարք պետությունների կառավարական կառույցներում և վերլուծական հանրություններում լայնորեն կիրառվում են այնպիսի բնորոշումներ, ինչպիսի են՝ "ոչ բացահայտ ռազմական գործողություններ", "ոչ գծային ռազմական գործողություններ", "ասիմետրիկ ռազմական գործողություններ", "ոչ ավանդական ռազմական գործողություններ" և "հիբրիդային ռազմական գործողություններ":
Մասնավորապես, Հյուսիսատլանտյան Դաշինքի կամ ՆԱՏՕ-ի կառավարող և փորձագիտական շրջանակներում՝ հակամարտության այս նոր ձևի նշանակման համար, որպես կանոն, օգտագործում են "հիբրիդային պատերազմներ" (գործողություններ, օպերացիաներ) բառակապակցությունը՛՛[30].
Հիբրիդային պատերազմի նոր օրինակներից են Հզբոլլահ կազմակերպության գործողությունները 2006 թ. Լիբանանյան պատերազմում։ Այդ ռազմական կոնֆլիկտի ժամանակ Հզբոլլահը չեզոքացրեց Իսրայելական բանակի ջանքերը, օգտագործելով թաքուն դիրքերն ու ստորգետնյան անցուղիները (Վյետկոնգում պարտիզանների գործողությունների նման), նաև օգտագործելով հետևակի զորաշարժերը լիբանանյան գյուղերում։ Այդ մարտավարության արդյունքը դարձավ այն, որ Իսրայելի պաշտպանության բանակը Հզբոլլահի դիրքերի վրա երկշաբաթյա գրոհների ընթացքում այդպես էլ չկարողացավ գրավել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկայնքով տեղաբաշխված գյուղերից որևէ մեկը։ Իսրայելական բանակի բոլոր առավելությունները՝ արդիական և մարտունակ ցամաքային զորքերի և օդուժի՝ ավիացիայի առկայությունը զրոյի հավասարեցվեց Հզբոլլահի կողմից, որը օգտագործում էր բունկերները և արդիական ռուսաստանյան հակատանկային կառավարվող հրթիռները, որոնք ունակ էին ոչնչացնելու զրահատեխնիկայի բոլոր հայտնի տեսակները։ Նման մարտերից մեկում Հզբոլլահը օգտագործեց C-802 տեսակի հակառազմանավային հրթիռ, լրջորեն վնասելով իսրայելական ռազմածովային նավատորմի «Hanit» հետախուզանավը՝ կորվետը և սպանելով այդ նավի վրա գտնվող չորս նավաստիների։
Այդ ամենը լրացվում էր Հզբոլլահի հաջող փորձերով՝ «կոտրելու» իսրայելական ռազմական կապը և զինծառայողների բջջային հեռախոսակապը, նպատակ ունենալով թարմ տեղեկատվություն ստանալու թշնամական զորքերի գործողությունների, փոխգործակցության և մարտական կորուստների մասին։
Ըստ հայկական ռազմագիտական որոշ մեկնաբանությունների՝ Ադրբեջանական Հանրապետությունը հիբրիդային պատերազմ է վարում հայկական կողմի նկատմամբ[34][35]։ որի հիմնական նպատակը հակառակորդին հյուծելն է[34][35][36][37][38][38][39][40]։
Ըստ Հայաստանի որոշ քաղաքական գործիչների՝ աշխարհում ընթանում է գլոբալ հիբրիդային պատերազմ[40]։ Մասնավորարապես, քաղաքական գործիչ, Հայաստանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1994-1995 թթ. Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ շատ վաղուց մեր մոլորակի վրա սկսվել է Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը[41]։
Ռուսական պետությունը՝ ինքը հիբրիդային պատերազմ վարելով Ուկրաինայի և մի շարք այլ պետությունների դեմ, մեղադրում է ԱՄՆ-ին՝ թե՛ Ռուսաստանի[42], և թե՛ գլոբալ մասշտաբով ամբողջ աշխարհի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար[42]։
Հայկական մամուլում դեռևս 2015 թվականի հունիսից սկսած կարծիքներ են հայտնվել, որ «Ռուսաստանը Ուկրաինայում վարում է հիբրիդային պատերազմ»[43][44][45][46]։
Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն (ԻԼԻՊ) կոչված միջազգային ահաբեկչական կազմակերպությունը կամ քվազի-պետությունը համարվում է երբեմն միջազգային ասպարեզում ոչ պետական, երբեմն՝ քվազի-պետական քաղաքական դերակատար, որը հիբրիդային մարտավարություն է կիրառում Իրաքի և Սիրիայի սովորական զինված ուժերի դեմ։ ԻԼԻՊ-ը քաղաքական մեծ փոփոխությունների ձգտում ունի, և կիրառում է կանոնավոր և անկանոն զինված ուժեր, ավանդական և ոչ ավանդական մարտավարությունը, և այդ ամենի հետ միասին կիրառում է ահաբեկչությունը՝ որպես իր զինանոցի զենքերից մեկը[13][47][48]։ Ի պատասխան ԻԼԻՊ-ի նմանատիպ հիբրիդային ռազմագործողությունների, Իրաք և Սիրիա պետությունները իրենք էլ անցան հիբրիդային մարտավարության՝ կիրառելով ոչ-պետական և միջազգային դերակատարներին՝ հակազդելու ԻԼԻՊ-ի հարձակմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես, որպես Մերձավոր Արևելյան ում մղովող հիբրիդային պատերազմի մասնակից՝ սկսեց խառը՝ հիբրիդային ձևով կիրառել ավանդական սովորական ռազմաօդային ուժերը, Իրաքի կառավարական զորքերում ամերիկյան խորհրդատուներին, Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար պետական կազմավորման Փեշմարգա զինված ուժերը, առանձին պարտիզանական-ապստամբական ռազմական խմբավորումները Մերձավոր Արևելքում և ինչպես նաև իրականացնել Սիրիայում ընդդիմադիր ուժերի ռազմական ուսուցումը։ Իրաք-Սիրիայի հիբրիդային պատերազմը ռազմական բախման մի տեսակ է, որտեղ ներգրավված են մի կողմից՝ միմյանց ներքուստ կապված պետական ու ոչ պետական դերակատարները, որոնք հետապնդում են համընկնող նպատակներ, իսկ մյուս կողմից՝ տեղական թույլ պետական կազմավորումները[49]։
Նորավանք գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը դեռևս 2014 թվականի հունիսի 6-ին Լրատվական.ամ (Lratvakan.am, FM106.5) ռադիոկայանին տրված հարցազրույցում հայտնել է Սիրիայում հիբրիդային պատերազմի ընթանալու մասին[50]։ «Ազգ» շաբաթաթերթի միջազգային ռազմաքաղաքական հարցերի գծով աշխատակից, ռազմական պատմաբան, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ Մնացական Խաչատրյանի[51] կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ընթանում են հիբրիդային պատերազմական գործողություններ[52]։ Ընդ որում, նա կարծում է, որ Մերձավոր Արևելքում մղվող հիբրիդային պատերազմական գործողությունների ամենակարևոր նախաձեռնողներից մեկն ու մեղավորը Թուրքիան է.[52] Ըստ նրա՝ իրադարձություններն զարգացման արագությունը և թվացյալ անկանխատեսելիությունը թույ չի տալիս Մերձավոր Արևելքի և նրան հարակից տարածաշրջանների որևէ երկրի իրեն ապահովագրված համարել վատթարագույն իրավիճակներից[52]։ Ընդ որում, հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանն ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա է Միջին Արևելքում մի քանի ճակատով մղվող հիբրիդային պատերազմական գործողություններից[52], այդ պատերազմական գործողությունների ամենակարևոր նախաձեռնողներից ու մեղավորներից մեկի՝ Թուրքիայի հետ ունենալով 267 կիլոմետր ընդհանուր սահմանագիծ[52]։ Այնուհետև նա նշում է, որ աշխարհաքաղաքական հետագա զարգացումները, ամենայն հավանականությամբ, տանելու են դեպի աշխարհի նոր վերաբաժանումը[52], որի համար մղվող արյունահեղ պայքարի կարևորագույն ասպարեզն է դառնալու հենց Մերձավոր Արևելքը[52], որն էլ, ըստ հեղինակի՝ կարելի է դիտարկել որպես ապագա III համաշխարհային պատերազմի կարևորագույն ռազմաբեմերից մեկը[52]։ Հեղինակը նշում է, որ ըստ որոշ ուսումնասիրողների՝ III Աշխարհամարտն արդեն վաղուց սկսվել է, և մղվում է հիբրիդային պատերազմին հատուկ բոլոր ձևերով ու մեթոդներով[52]։
Դեռ 2015 թվականի փետրվարին հայկական լրատվամիջոցերում հաղորդում է հրապարակվել, որ Բալթյան երկրներում Ռուսաստանը կարող է հիբրիդային պատերազմ սանձազերծել[53]։ Ընդ որում, նման տեղեկատվության համար հիմք է ծառայել այն ժամանակվա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտնած կարծիքը[53]
2015 թվականի մայիսին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել Բուլղարիայում հիբրիդային պատերազմ ընթանալու մասին[54]։ Ընդ որում դրա համար հիմք է ծառայել «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալության տեղեկատվությունը՝ Բուլղարիայի պաշտպանության նախարարի կատարած հայտարարության վերաբերյալ[54]։ Ծանոթանալով հայտարարությանը, կարելի եզրակացնել, որ իրականում Ռուսաստանն է Բուլղարիայի դեմ հիբրիդային պատերազմ վարում՝ ի շարունակումն Ուկրաինայի դեմ ընթացող հիբրիդային պատերազմի[54]։
Հայկական որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հայտնվել, որ Եվրոպայում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունները հետևանք են վաղուց սկսված հիբրիդային պատերազմի, որի առաջին գծում քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցներն են՝ առանց իրենց գործունեության հետևանքները ընկալելու[55][55][55]։
Արևմտյան որոշ լրատվամիջոցների, այդ թվում ամերիկահայ ԶԼՄ–ների, մասնավորապես «Ամերիկայի հայկական մեդիա խումբ հեռուստատեսության» (AMGA TV, Armenian Media Group of America) հաղորդումների համաձայն՝ Ռուսաստանը հիբրիդային պատերազ է վարում Արևմուտքի, այդ թվում Ամերիկայի և Եվրոպայի երկրների դեմ[56][57]։
Հիբրիդային պատերազմի մասին լույս են տեսել մի շարք ուսումնասիրություններ և հրապարակումներ։ Դրանց հիմնական մասի վերաբերյալ կարելի է ասել, որ
Ստորև բերված են այդ ուսումնասիրություններից և հրապարակումներից մի քանիսը (տրված են նախ վերնագրերի հայերեն թարգմանությունները, այնուհետև բնագրերի անգլերեն վերնագրերը).
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.