թույլ տալ անել որևէ բան կամ գաղափար, որը տվյալ մարդու համար խորթ է կամ ինքը չի խրախուսում այդ From Wikipedia, the free encyclopedia
Հանդուրժողականություն, տոլեռանտություն, հանդուրժել (լատին․՝ tolerantia, համբերություն, համբերատարություն, դժվարությունների ինքնակամ ընդունում), սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն։ Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ։ Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը։ Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել[1][2]։
Ենթակատեգորիա | • գործունեություն • կրոնական մեկնաբանություն • կամային քայլ | |
---|---|---|
Հակառակը | մոլեռանդություն, անհանդուրժողականություն, դոգմատիզմ |
Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բուդդան է հռչակել հանդուրժողականության սկզբունքը որպես կրոնական հանդուրժողականություն։ Ըստ որի՝ ոչ ոք չի կարող պարտադրել կրոնական գաղափարներ, որքան էլ բարձր և ազնիվ նրանք թվան[3][4]։
Ըմբռնողական վերաբերմունք ցուցաբերելով այլ հայացքների, բարքերի սովորույթների բազմազանության նկատմամբ հեշտությամբ է ընկալվում տարբեր ազգերի, ազգությունների և կրոնների առանձնահատկությունները։ Հանդուրժողականությունն ապահովում է ինքնավստահություն և անձնական դիրքորոշումների հուսալիության գիտակցություն, չվախենալով որևէ գաղափարական հոսանքների հետ շփումից, այլ տեսակետների հետ համեմատվելուց և չխուսափելով հոգևոր մրցակցությունից[1][5]։
Ամերիկացի սոցիոլոգներ Ջորջ Միդը և Հերբերտ Բլումերը հետազոտել են հանդուրժողականության խնդիրը միկրոսոցիոլոգիայի մակարդակով։ Այն նկարագրելու համար օգտվել են միջանձնային փոխազդեցությունների և սիմվոլիկ ինտերակցիոնիզմի տեսության գործընթացները նկարագրելով։
Անհատները և սոցիալական գործողությունները սիմվոլներով են նշանակվում, սիմվոլներում որոշակի հարաբերություններ, դիրքորոշումներ և սոցիալական կողմնորոշումներ են ներդրվում։ Հետագայում իրար հետ շփվող անհատները մեկը մյուսի սիմվոլները մեկնաբանում են։ Նշանների և սիմվոլների յուրացումը նույնականացման գործընթաց է ներկայացնում։ Նշանների միջոցով մարդիկ և մարդկանց խմբերը իրենց տեղն են գտնում «բարեկամ-թշնամի» համակարգում։ Հանդուրժողականություն կլինի միայն այն դեպքերում, երբ մարդը իրավիճակին փորձում է նայել «ուրիշի աչքերով»։ Հանդուրժողականություն կարելի է ապահովել նաև համամարդկային արժեքների համար պատասխանատու սիմվոլներ ստեղծելով, ինչպիսիք են մարդու իրավունքները, դեմոկրատիան, խաղաղությունը։
Սոցիոլոգիայում հանդուրժողականության ուսումնասիրության առավել հաճախ հանդիպող ուղղություններն են.
Հասարակությունը և աշխարհն ամբողջությամբ պետք է հենվի հանդուրժողականության վրա՝ որպես հիմնարար համընդհանուր սկզբունքի։ 21-րդ դարի սկզբում առավել հատուկ նշանակություն է ձեռք բերել հանդուրժողականության էթնիկ, ռասայական և դավանաբանական բաղադրիչները[6]։
Հանդուրժողականություն հասկացությունը հաճախ հանդես է գալիս որպես համբերատարության յուրահատուկ հոմանիշ. լատին․՝ tolerantia անգլ.՝ tolerance, գերմաներեն Toleranz, ֆրանսերեն tolérance: Բացի այդ 20-րդ դարի բառարանային մեկնաբանություններում նույնպես մեկնաբանվում է որպես օտար կենսակերպի, վարքի, սովորույթների, զգացմունքների, դավանանքի, կարծիքի, գաղափարների նկատմամբ համբերատարություն[7][8], նաև՝ կրոնի նկատմամբ համբերատարություն (веротерпимость)[9]: Միևնույն ժամանակ, «համբերատարությունը» ինչ-որ բանի նկատմամբ համբերելու ընդունակություն է գթասրտությունից, ողորմածությունից կամ ներողամտությունից դրդված (Վլադիմիր Դալ) կամ շրջապատող իրականության պասիվ ընդունում, ոչդիմադրություն, «մյուս այտը դեմ տալու» ընդունակություն[10]։
Հանդուրժողականություն բառի սեմանտիկական դաշտը ըստ էության համբերատարություն բառի դաշտում է, «ընդունել» հասկացության որոշակի շեղվածությամբ։ Ներկայումս այն անգլ.՝ tolerance համբերատարությունից է գալիս, որը նշանակում է անգամ ձեզ համար խորթ վարքագիծը և համոզմունքները ընդունելու պատրաստակամություն[11]։
Հանդուրժողականությունը սահմանափակվում է օրենքներով։ Առաջին հայացքից պարզ է. պետք է հանդուրժել այն, ինչն օրենքով թույլատրելի է, ինչը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակներում է և չհանդուրժել այն, ինչը այդ իրավունքներն ու ազատությունները ոտնահարում է։ Սակայն, երբ բախվում են ազգային ավանդույթները և օրենքը, խնդիրը բարդանում է, քանի որ ավանդույթներն ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներ են։ Այս դեպքում, օրենքներն ընդունելիս օրենսդիր մարմինները պետք է հանդուրժողականություն դրսևորեն, քանի որ կայացված որոշումները (ի տարբերություն շարքային քաղաքացիների) ազդում են ամբողջ հասարակության վրա, օրենքի սահմանները պահպանելը բարդանում է, քանի որ հասարակությունը, օրենքի ոտնահարման դեմ անհանդուրժողական գտնվելով հանդերձ, պայքարում է հանուն ազգային ավանդույթների պահպանման[12][13]։
Անհանդուրժողականությունը սոսկ քննադատություն չէ, և ոչ էլ, հանդուրժողականությունը՝ հարմարվողականություն։ Երբ քաղաքական այրերը իրենց հրապարակային գործողություններով վտանգում են երկրի հեղինակությունը, անգամ՝ գոյությունը, ապա հանդուրժողականությունը անհանդուրժողականությունից վերածվում է քաղաքացիական անհնազանդության։
Եզրի հիմնական նշանակությունն է ունակ լինել ընդունել անգամ այն, ինչի հետ համաձայն չես, չես քաջալերում, չես խրախուսում։ Սոցիալական, մշակութային և կրոնական ենթատեքստերում «Հանդուրժելը», «Հանդուրժողականությունը» եզրեր են, որոնք սովորաբար օգտագործվում են օտար վարքուբարքի, ապրելակերպի, սովորույթների նկատմամբ մեծամասնության կողմից հանդուրժողական (կամ հավասարակշռված, չափավոր հարգալից) վերաբերմունքը բնութագրելու համար։
Սոցիալ-փիլիսոփայական արդի խնդրիների շարքում առանձնակի կարևոր ու արդիական է համաշխարհայնացման գործընթացների, ինչպես նաև հանդուրժողականության՝ որպես համակեցության անհրաժեշտ հարացույցի վերլուծությունը։ Չնայած քաղաքակրթական զարգացումների հետարդիականության շրջանում անհանդուրժողականությունը իր բազմաթիվ դրսևորումներով վերաճել է գլոբալ հիմնախնդրի, այնուամենայնիվ հենց հանդուրժողականությունն է արժանի բազմակողմանի ուսումնասիրության։ Բանն այն է, որ հանդուրժողականությունը ցույց է տալիս այն ուղիները, որոնք հնարավոր են դարձնում հաղթահարել հասարակության մարդկային էությանը բնորոշ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են բռնությունը, անհանդուրժողականությունը, այսինքն՝ օգնում է լուծել հանդուրժողականության և անհանդուրժողականության դիալեկտիկայի հարցը։ Այդ տեսակետից հանդուրժողականության խնդրի տեսական իմաստավորումը և վերլուծությունը, ինչպես նաև հանդուրժողական գիտակցության ձևավորման հարցերը ձեռք են բերել տեսական և գործնական նոր հնչեղություն։
Ի թիվս այլ պատճառների՝ հանդուրժողականության հիմնահարցի արդիականացմանը նպաստեցին համաշխարհայնացման գործընթացների շրջանակեներում համակեցության նոր հարացույցների ձևավորման անհրաժեշտությունը, բազմաբևեռ աշխարհի առկայությունը և ազատական ժողովրդավարական արժեքների տարածումը։ Բազմաբևեռ աշխարհում, այսինքն՝ տնտեսական գործունեության համաշխարհայնացման, սոցիալականացման նոր ձևերի ստեղծման, ազգային և էթնիկ ճյուղավորումների ենթատեքստում հանդուրժողականության սկզբունքը համամարդկային շահերի և պահանջմունքների համաձայնեցումն ապահովող լուրջ գործոն է։ Քաղաքակրթության համաշխարհայնացման պայմաններում բազմակարծության, երկխոսության և հանդուրժողականության սկզբունքների վրա հիմնված նոր տեսակի սոցիալական հարաբերությունների անհրաժեշտությունը դառնում է ակնհայտ հատկապես այն պարագայում, երբ վերլուծում ենք ենթակայության և գերիշխանության սկզբունքների վրա խարսխված միջազգային հարաբերությունների համակարգի ճգնաժամային արդի դրսևորումները։
Հանդուրժողականության խնդիրը ձեռք է բերում համամարդկային նշանակություն, քանի որ ժամանակակից աշխարհում առանց հանդուրժողականության սկզբունքի, առանց երկխոսության և փոխզիջման հնարավոր չէ հասնել խաղաղ գոյակցության։
Հանդուրժողականությունը սոցիալական ներդաշնակության համար անհրաժեշտ և պարտադիր պայման է։ Այս առնչությամբ մասնագիտական վերլուծություններում առանձնացվում են սոցիալական ներդաշնակության համար անհրաժեշտ հանդուրժողականության չորս հիմնական տարատեսակներ, որոնք նաև չեն հակասում բազմակարծության արժեհամակարգի գործառույթը.
Մի շարք մշակույթներում «հանդուրժողականություն» հասկացությունը օգտագործվում է որպես «համբերատարություն» հասկացության հոմանիշ։ Լայն իմաստով հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես սոցիալական հարմարում, այսինքն համբերատարություն, այլ մարդկանց վարքի, սովորույթների, կենսակերպի, հավատալիքների, կարծիքների, գաղափարների, ազգության, սեռի, ռասայի նկատմամբ։
Սակայն, չնայած այն հանգամանքին, որ հանդուրժողականությունը շատ հաճախ նույնացվում է համբերատարությանը, նրանց միջև կան նաև էական տարբերություններ։ Հանդուրժողականության արժեքային ներուժը հասկանալու համար պետք է այն տարբերել համբերատարությունից։ Համբերատարությունը ավանդաբար ընկալվել է որպես այլ կարծիքների նկատմամբ ներողամիտ վերաբերմունք, մինչդեռ հանդուրժողականությունը ենթադրում է ոչ թե ներողամտություն, այլ բարյացակամություն, երկխոսություն և համագործակցության պատրաստակամություն։ Օրինակ, մոր վերաբերմունքը երեխայի անհանգիստ վարքի նկատմամբ համբերատարություն է, ոչ թե հանդուժողականություն։ Իսկ, եթե երեխան ինչ-որ բան չի սիրում ուտել (օրինակ, ճաշի միջի սոխը), ապա մայրը, որքան էլ համամիտ չէ, այնուամենայնիվ հանդուրժողականություն է դրսևորում փորձելով բացատրել, սակայն ոչ ստիպել։
Համաշխարհայնացման պայմաններում համդուրժողականությունը քաղաքակիրթ փոխզիջման նորմ է միմյանց հետ մրցակցող մշակույթների միջև և ապահովում է բազմազանության գոյությունը։ Որպես սոցիալական արժեք՝ այն առաջանում է սոցիոմշակութային տարածությունում և իրականացնում է մշակութապահպան գործառույթ՝ պահպանելով խմբի, էթնոսի, հասարակության մշակութային արժեքներն ու փորձը։
Համաշխարհայնացման արևմտյան նախագծի պարադոքսներից մեկն այն էր, որ մի կողմից Արևմուտքի երկրների ներսում ղեկավարվում են հանդուրժողականության, ժողովրդավարության և բազմակարծության սկզբունքներով, իսկ մյուս կողմից՝ ոչ արևմտյան երկրների հետ փոխհարաբերություններում գերիշխանության և անհանդուրժողականության սկզբունքներով։
Հանդուրժողականությունը երկխոսության կարողություն է, որը ձեռք է բերվում աշխարհի և ինքնաճանաչողության գործընթացում և հնարավոր է միայն «Ուրիշի» առկայության դեպքում։ Այն պարագայում հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես «Ուրիշի» նկատմամբ հարգանք։ Արժեքաբանական տեսանկյունից հանդուրժողականությունը հանդես է գալիս «Ես»-ի և «Ուրիշ»-ի՝ որպես համընդհանուր արժեքների հավասարության ընդունում։
Հասարակության ուշադրությունը անհանդուրժողականության և դրանից բխող բռնության վտանգների վրա հրավիրելու, հանդուրժողականությունը խրախուսելու և նրա ոգով հասարակությանը դաստիարակելու նպատակով 1995 թվականի նոյեմբերի 16-ը ՅՈՒՆԵՍԿՈ-ն հռչակվել է հանդուրժողականության միջազգային օր[14]։
Հռչակագրում մեջբերում կա ՄԱԿ-ի Կանոնադրությունից
Մենք՝ Միավորված ազգերի կազմակերպության ժողովուրդներս, լի ենք գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից զերծ պահելու.... մարդու հիմնական իրավունքների, արժանապատվության ու մարդու անձի արժեքի նկատմամբ հավատը վերահաստատելու.... և այդ նպատակով հանդուրժողականություն դրսևորելու, միասին, որպես բարի դրացիներ խաղաղ ապրելու վճռականությամբ[15]։ |
ՄԱԿ-ի հռչակագրում հանդուրժողականության սկզբունքները հետևյալ կերպ են բնորոշվում.
Համբերատարություն ցուցաբերել և ապրել միասին, իրար հետ խաղաղ, ինչպես բարի հարևաններ։ - ՄԱԿ-ի Կանոնադրության Պրեամբուլա |
Այստեղ ոչ միայն սոցիալական ակտիվ հնչերանգներ կան, այլև հաջող սոցիալականացման (հասարակական հարաբերությունների համակարգի մեջ ինտեգրման), որը դրսևորվում է ինչպես ինքդ քո հետ, այնպես էլ մարդկանց աշխարհի հետ ներդաշնակ ապրելու ունակությամբ (միկրո- և մակրոմիջավայր)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.