Հանգ
From Wikipedia, the free encyclopedia
Հանգ, չափածո ստեղծագործության հնչյունային ձևավորման հիմնական կողմերից մեկը։ Հանգը այն երևույթն է, երբ բանաստեղծության մեջ երկու կամ ավելի տողեր ունեն նման (համահնչուն) վերջավորություն։ Օրինակ.
- a Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար
- b Ես երազեցի արևի մասին,
- a Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար-
- b Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանգ (այլ կիրառումներ)
Ժողովրդական ստեղծագործության հնագույն նմուշները, անտիկ գրականությունը և միջնադարյան պոեզիայի շատ ստեղծագործություններ դեռ հանգ չունեին։ Հանգը ծագում է միջին դարերում։ Օրինակ, հայ գրականության մեջ այն տարածվում է հիմնականում 12-13-րդ դարերից՝ Ներսես Շնորհալու, Ֆրիկի և նրանց հաջորդների տաղերում և պոեմներում։
Սկզբում հանգերը միապաղաղ էին՝ ամբողջ բանաստեղծության կամ նրա մեծ հատվածների տողերը վերջանում էին միևնույն հանգով, որը վարպետության ցուցանիշ է համարվում (օրինակ՝ Ֆրիկի «Գանգատ» երկարաշունչ բանաստեղծության բոլոր տողերն անխտիր ավարտվում են ի ձայնավորով)։ Ժամանակի ընթացքում հանգերն ավելի ու ավելի բազմազան են դառնում։ Բայց հանգի առաջացումից հետո էլ գրվում են անհանգ գործեր (մանավանդ չափածո դրամատիկական երկեր), որոնք կոչվում են սպիտակ ոտանավոր։ Մասնավորապես անհանգ է գրվել չափածո դրամատիկական գործերի մեծ մասը (օրինակ՝ Շեքսպիրի և Պուշկինի պիեսները)։
Հանգի ամենակարևոր դերն այն է, որ հանդես գալով տողերի վերջում՝ այն ավելի է ընդգծում տողի՝ իբրև ոտանավորի հիմնական ռիթմական միավորի, ինքնուրույնությունը։ Հանգը կարծես մի ազդանշան է, որը հիշեցնում է տողի ավարտվելը։ Դրանով իսկ նա ուժեղացնում է ոտանավորի ռիթմը։ Բացի այդ, հանգն ավելի ներդաշնակ, երաժշտական է դարձնում բանաստեղծական խոսքը[1]։
Հանգը հաճախ նաև իմաստային զգալի դեր է խաղում։ Բանաստեղծները ձգտում են տողերի վերջում դնել և հանգավորել առավել կարևոր բառերը, որոնք կրկնվող հնչյունների շնորհիվ ավելի մեծ ուշադրություն են գրավում։