![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/Liji2.jpg/640px-Liji2.jpg&w=640&q=50)
Բանաստեղծություն
From Wikipedia, the free encyclopedia
Բանաստեղծություն, գրական-գեղարվեստական ստեղծագործության տեսակ։ Բանաստեղծություն տերմինը հայերենում կիրառվում է մի քանի իմաստով.
- Ամենատարածված ըմբռնմամբ բանաստեղծություն են կոչվում քնարական ոչ մեծ ծավալի գործերը, որոնք բացահայտում են որևէ զգացմունք, տպավորություն, խոհ (օրինակ` Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի բանաստեղծությունները)։
- Հաճախ բանաստեղծություն են կոչվում առհասարակ չափածո ստեղծագործությունները՝ ի տարբերություն արձակ երկերի։ Այդ իմաստով, օրինակ, Հովհաննես Թումանյանն իր չափածո գործերի ժողովածուներն անվանել է «Բանաստեղծություններ», դրանց մեջ մտցնելով ոչ միայն քնարական ոտանավորները, այլև պոեմներն ու բալլադները։ Այս առումով «բանաստեղծությունը» նույնանիշ է պոեզիայի հետ։
- Մինչև 19-րդ դարի վերջը հայ իրականության մեջ բանաստեղծություն ասելով հասկացել են նաև ընդհանրապես գեղարվեստական գրականություն։
- Բանաստեղծություն, բանաստեղծական հասկացությունները փոխաբերական առումով կիրառվում են նաև կյանքի և արվեստի այն երևույթների նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ ու ոգևորիչ ուժով։ Այդ իմաստով ևս բանաստեղծությունը նույնանիշ է պոեզիային։