Հայլբրոն (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայլբրոն (գերմ.՝ Heilbronn,Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[haɪlˈbʁɔn]]] ( )), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի հյուսիսում, Հայդելբերգից՝ 55 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Շտուտգարտից՝ 35 կիլոմետր դեպի հյուսիս։ Նույնանուն շրջանի՝ «Landkreis Heilbronn»-ի և Հայլբրոն-Ֆրանկոնիա տարածաշրջանի (Heilbronn-Franconia region) վարչական կենտրոնն է։ Ընկած է Նեկար գետի ափին (գետային խոշոր նավահանգիստ է)՝ տարածվելով գետահովտում և զբաղեցնելով 99,9 կմ² տարածք (20-րդ դարում զգալի չափով ընդարձակվել է մերձակա բնակավայրերը իր մեջ ներառելով)։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 157 մետր է։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 125 113, խտությունը՝ 1.226 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Պաշտոնական կոդը (AGS-ը)՝ 8121000:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Հայլբրոն | |||||
գերմ.՝ Heilbronn | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ | ||||
Ներքին բաժանում | Biberach?, Böckingen?, Frankenbach?, Horkheim?, Klingenberg?, Neckargartach? և Sontheim? | ||||
Առաջին հիշատակում | 741 | ||||
Մակերես | 99,89 կմ² | ||||
ԲԾՄ | 157 մետր | ||||
Բնակչություն | ▲128 334 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 7066 և 7131 | ||||
Փոստային դասիչ | 74072–74081[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | HN | ||||
Պաշտոնական կայք | heilbronn.de(գերմ.) | ||||
| |||||
2020 թվականի փետրվարի 1-ին Հայլբրոնին շնորհվել է համալսարանական քաղաքի կոչում[3]։
Հայլբրոնը հին բնակավայր է։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 741 թվականին, «villa helibrunna» անվանումով։ 1225 թվականին ստացել է քաղաքի, 1371-ին՝ կայսերական ազատ քաղաքի կարգավիճակ։ Միջին դարերում ծաղկում է ապրել առևտրային ճանապարհների վրա գտնվելու և գետային նավահանգիստ ունենալու շնորհիվ։ 1633 թվականին այստեղ կնքվել է Շվեդիայի հետ դաշնություն կազմելու վերաբերյալ պայմանագիր (Heilbronnförbundet)[4]: 19-րդ դարում քաղաքը զարգացել է առավել բուռն թափով, դասվել Բադեն-Վյուրթեմբերգի կարևորագույն արդյունաբերական կենտրոնների շարքին. զարկ է տրվել գինեգործությանը, կառուցվել են նաև արդյունաբերական այլ ձեռնարկություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձել է առանձնապես վնասված եվրոպական քաղաքներից մեկը. հենց միայն 1944 թվականի դեկտեմբերի 4-ին անգլո-ամերիկյան ռազմական օդուժի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 6.500 մարդ, ավերվել են բազմաթիվ շինություններ[5]։ Պատերազմի ավարտից հետո քաղաքն արագորեն բուժել է վերքերը, դարձել դինամիկ զարգացող արդյունաբերական և առևտրային կենտրոն։
Տնտեսության բնագավառում Հայլբրոնն առաջին հերթին հայտնի է այստեղ արտադրվող կարմիր գինիներով, այդ իսկ պատճառով նրան անվանում են «գինու քաղաք» (Stadt des Weins): Հայրենի քաղաքին լայն ճանաչում էր բերել նաև կառագործ վարպետ Դրոգմյոլլերը (1920-2005), որի արհեստանոցներում աշխատողները զբոսաշրջային կառքեր էին հավաքում օգտագործելով «Մերսեդես» և «Վոլվո» ֆիրմաների ավտոմեքենաների համապատասխան մասեր։
Հայլբրոնում զարգացած են մեքենաշինությունը (գործում են «Լեպլե», «Տյուսսեն-Կրուպ» և հայտնի այլ ընկերությունների գործարաններ, Audi, BMW, Mercedes և Porsche ֆիրմաների ավտոմեքենաների մասեր արտադրող ձեռնարկություններ), սննդի արդյունաբերությունը («Կամպինա», «Կնորր» և այլ գործարաններ), թղթի, քիմիական, միկրոէլեկտրոնիկայի արտադրությունը։ Այստեղ իր ձեռնարկությունն ունի նաև միկրոֆոններ ու դինամիկներ արտադրող «Beyerdynamic» ֆիրման։ Քաղաքի հայտնի ձեռնարկություններից է նաև «Südwestdeutsche Salzwerke AG»-ը, որ տարեկան արտադրում է շուրջ 2,5 միլիոն տոննա քարաղ և այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում Գերմանիայում։ Քաղաքի, տարածաշրջանի և ամբողջ երկրի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում նաև նրա՝ Նեկար գետի վրա գտնվող նավահանգիստը։
Հայլբրոնը հաճախ պատկերավոր կերպով անվանվում է «Քեթխենի քաղաք». նկատի է առնվում 19-րդ դարի գերմանացի նշանավոր գրող Հայնրիխ ֆոն Քլայսթի «Հայլբրոնցի Քեթխենը» ստեղծագործությունը։ Հայլբրոնում են ծավալվում նաև Վոլֆգանգ Գյոթեի «Գյոթց ֆոն Բեռլիխինգեն» թատերգության գործողությունները։ Գերմանական այս քաղաքը հիշատակվում է «Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղ» կինոնկարում. ըստ այդ ֆիլմի դիպաշարի՝ հենց Հայլբրոնում է գտնվում Ջեյմս Մորիարտիին պատկանող զինագործարանը, որ զենք է մատակարարում ողջ Եվրոպային։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.