Հայերն Ուկրաինայում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերն Ուկրաինայում (ուկրաիներեն՝ Вірмени в Україні), Ուկրաինայում բնակվող հայկական էթնիկ փոքրամասնություն։ 2001 թվականի ուկրաինական մարդահամարի տվյալներով հայերի թիվը կազմել է 99894 մարդ[1]։ Ուկրաինայում հայ բնակչությունը գրեթե կրկնապատկվել է[1] ԽՍՀՄ փլուզումից հետո՝ հիմնականում Կովկասում անկայունության պատճառով։ Ժամանակակից Ուկրաինայի տարածքում առաջին հայերը հայտնվել են 11-րդ դարում՝ Ղրիմում, 12-րդ դարի սկզբին Կիևում ձևավորվել է հայկական համայնք[2]։
Ավելի ուշ հայկական մեծ համայնքներ են եղել Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և Մոգիլյով-Պոդոլսկիում։ 15-18-րդ դարերում հայկական գաղութներ են հիմնվել Չեռնովցիում, Յազլովեցում, Խոտինում, Բերեժանիում, Զոլոչևում, Ստանիսլավում (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ), Ժվանեցում, Դոմբրովիցայում, Ռաշկովում և այլուր։ Հայերն զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Նրանք ունեցել են ներքին ինքնավարություն, դատարաններ։ Կառուցել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմական ամրություններ, ջրմուղներ, հիմնել հիվանդանոցներ, տպարաններ, գրադարաններ, թատրոն։ Շատ հայեր մասնակցել են ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Դեռևս 16-րդ դարում նրանք մտել են կազակական զորամիավորումների մեջ և կռվել թուրք-թաթարական ասպատակիչների դեմ։
Հայերը երկար ժամանակ կարողացել են պահպանել իրենց ազգային նկարագիրը։ Սակայն օտար միջավայրն աստիճանաբար ձուլել և կլանել է նրանց, ինչին զգալի չափով նպաստել է նաև 17-րդ դարում իրականացված բռնի կաթոլիկացումը։ Թուրքական լուծն իր հերթին սասանեց արդեն նկատելիորեն թուլացած գաղութի հիմքերը, և ապազգայնացումն ընթացավ ավելի ուժեղ թափով։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ մարտերի առաջին իսկ օրից Ուկրաինայի տարածքը վերածվեց ռազմադաշտի, հազարավոր հայ մարտիկներ, այդ թվում և Ուկրաինայում բնակվող հայեր, մասնակցեցին երկրի պաշտպանությանն ու ազատագրմանը։ Ուկրաինայի տարածքում մղված մարտերի մասնակից զորակազմավորումների մեջ էին հայկական դիվիզիաները և Սասունցի Դավիթ տանկային շարասյունը։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո և 1990-ական թվականներին մի քանի հազար հայաստանցիներ բնակություն են հաստատել Ուկրաինայի արդյունաբերական և ծովափնյա քաղաքներում։ Աշխուժացել է հայ ազգային կյանքը։ Ուկրաինայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հիմնվել են հայկական մշակութային ընկերություններ, եկեղեցիներ, դպրոցներ, հայերենի ուսուցման խմբակներ։
Ուկրաինայում բնակվում է շուրջ 130 հզ. հայ, ոչ պաշտոնական տվյալների հայերը Ուկրաինայում կազմում են 400.000 մարդ։ Բնակվում են հիմնականում Կիևում (40.000), Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Լվովում, Զապորոժյեում, Ղրիմի քաղաքներում և այլ վայրերում։ Գործում են 23 հայկական եկեղեցիներ և 2 մատուռ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում են "Արագած", "Մասյաց աղավնի" հայկական թերթերը, "Սուրբ Խաչ" հանդեսը։ 2001 թ-ին ստեղծվել է Ուկրաինայի հայերի միությունը։ Ուկրաինայում կառուցվել են 9 հայկական եկեղեցի, Օդեսա (1995), Սիմֆերոպոլ (1997), Մակեևկա (1998), Խարկով (2004), Զապորոժիե (2007), Նիկոլաև (2012), Կիև (2017), Լուգանսկ (2017) և Դնեպր (2018) քաղաքներում։