Հայերն Իսրայելում
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ կապեր են ունեցել դեռևս Տիգրան Մեծի ժամանակվանից։ Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգևոր կայուն միավոր՝ 154 թվականից է թվագրվում։ Արդեն 4-րդ դարից սկսած՝ ծանրակշիռ դիրք ունենք Սուրբ երկրում։ Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը։ Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի (381 թ.) որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն։
Հայերը Իսրայելում | |||
---|---|---|---|
Իսրայելի դրոշը | |||
Ընդհանուր քանակ | |||
5,000 |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
հայերեն, եբրայերեն | |||
Հավատք(ներ) | |||
Հայ աշխարհիկ համայնքը «սրբազան քաղաքում» կազմավորվեց ավելի ուշ՝ VII դարում, երբ այստեղ մուտք գործեցին հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին Սիոն թաղամասի Հայկական կոչված փողոցում։ Հայերի թիվը Երուսաղեմում և մյուս քաղաքներում ստվարացավ X-XI դարերում, երբ եվրոպական խաչակիրները գրավեցին երկիրը և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը, նրանք հիմնականում Կիլիկյան Հայաստանում խաչակիրներին միացած հայ ռազմիկներն էին։ XIX-XX դարերում հայերի թիվն այստեղ ավելացավ հատկապես թուրքական յաթաղանից փախած գաղթականների հաշվին։ Իսրայելի հայերին կարող ենք բաժանել երեք խմբի։
Առաջին խումբը Երուսաղեմ է եկել մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։ Նրանց անվանում ենք «քաղաքացիներ»։ Նրանք ունեն իրենց ապրելաձևն ու բարբառը։ Նրանք ապրում են Հայոց Թաղամասում՝ Հայոց վանքից դուրս։ Հետո եկան 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած գաղթականներ։ Երբ 1917 թ. անգլիացիները Երուսաղեմը գրավեցին Օսմանյան Թուրքիայից, Հալեպի ու դրա շուրջ հաստատված մոտ ութ հազար հայ գաղթականներ եկան Երուսաղեմ և ապաստան խնդրեցին Երուսաղեմի Հայ Պատրիարքից։ Երրորդ խումբն էլ Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայել եկած հայ ներգաղթյալներն են, որոնք՝ Իսրայելի «Վերադարձի օրենք»-ի համաձայն, ընտանիքի անդամներից մեկի հրեա լինելու հանգամանքով պայմանավորված, Իսրայելի քաղաքացի են դարձել։ Իսրայելի քաղաքացիություն ստանալու համար բավական էր ներգաղթած հայի նույնիսկ տատիկի հրեա լինելը։ 1948 թվականից առաջ այս հողերում ապրել են 35 հազար հայ, որոնց մի մասը հետագայում՝ ներգաղթեց Հայաստան։
Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։
Երուսաղեմը հայ մշակույթի և մատենագիտության կենտրոններից է։ Սրբոց Հակոբյանց վանքի թանգարանում պահվում են տարբեր ժամանակներում ուխտավորների ձեռքով Երուսաղեմ բերված հայ վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի հիմնական մասը։ Վանքի ձեռագրատանը պահվում է հայերեն ձեռագրերի՝ աշխարհում երկրորդ (Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից հետո) հավաքածուն (շուրջ 4 հազար ձեռագիր)։ Մի ժամանակ Երուսաղեմի Հայ Պատրիարքը Միջին Արևելքի, այդ թվում Եգիպտոսի, Լիբանանի, Կիպրոսի հայկական համայնքների կրնոնական առաջնորդն էր։ 1915 թվականից առաջ Եգիպտոսն ամենաշատ հայ բնակչություն ունեցող երկրներից մեկն էր։ Սակայն ցեղասպանությունից հետո շատ հայեր ցրվեցին Միջին Արևելքի երկրներ։ Այդ գաղթականները հույս ունէին, որ կվերադառնան իրենց բնակավայրեր։ Սակայն Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո նրանք հասկացան, որ դա հնարավոր չէ և իրենք ստիպված են հաստատվել Միջին Արևելքում։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայ գաղթականներին տրամադրեց Պատրիարքարանի իրավասության տակ գտնվող քաղաքների՝ Հալեպի և Բեյրութի իր վաքներն ու եկեղեցիները։ Մեր օրերում, Երուսաղեմի Հայ Պատրիարքը Հորդանանի, Իսրայելի ու Պաղեստինի հայերի կրոնական առաջնորդն է։
Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը աջակցում են Հայկական բարեսիրական, Հայ երիտասարդաց միությունները, «ՀԵՄ» եռամսյա թերթը, «Սիոն» գրական ամսագիրը։ Բացի Հին Երուսաղեմից, հայերն ապրում են Բեյթ Հանինայում, գերմանական թաղամասում, Բեթղեհեմում, Հայֆայում ու Յաֆայում։ Հայֆայում 1915 թվականից առաջ հայկական համայնք չի եղել։ Այդ քաղաքում հայկական համայնքը ձևավորվել է ցեղասպանության վերապրողներով։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո եկածները հաստատվել են հիմնականում Փեթախ Թիքվա, Բատ-Յամ, Թել Ավիվ, Յաֆա քաղաքներում։
Գործում են երգի-պարի, թատերական խմբեր, Երուսաղեմի ժառանգավորաց և Սրբոց թարգմանչաց վարժարանները։ Փոքրաթիվ հայեր են ապրում նաև Իսրայելի այլ քաղաքներում[1]։