From Wikipedia, the free encyclopedia
Հայ-սիրիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականին։ Հայաստանը Դամասկոսում ունի դեսպանատուն և Հալեպում հյուպատոսություն, իսկ 1997 թվականին Սիրիան Երևանում դեսպանատուն է բացել։
Սիրիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել է Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո։ Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը լավ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ, մասամբ Սիրիայում հայկական մեծ համայնքի պատճառով։ Սիրիայում բնակվում է մոտ 120 հազար հայ։ Նրանք մեծամասնություն են կազմում Քեսաբ և Յակուբիա քաղաքներում և որոշակի դեր են խաղում Սիրիայի քաղաքական կյանքում։
Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունը սիրիական Դեր Զոր անապատն օգտագործել է որպես հայերի սպանության հիմնական վայր։ Դեր Զոր քաղաքում բացվել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր[1]։ Այն նախագծվել է Սարգիս Բալմանուկյանի կողմից և պաշտոնապես բացվել է 1990 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայությամբ։
Հայաստան | Սիրիա | |
---|---|---|
Բնակչություն | 2,924,816 | 17,064,854 |
Տարածք | 29,743 կմ² | 185,180 կմ² |
Բնակչության խտություն | 101.5 մարդ/կմ² | 118.3 մարդ/կմ² |
Մայրաքաղաք | Երևան | Դամասկոս |
Կառավարման ձև | Խորհրդարանական հանրապետություն | Կիսանախագահական հանրապետություն |
Պաշտոնական լեզու | Հայերեն | Արաբերեն |
Կրոն | Քրիստոնեություն | Իսլամ |
Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն։ VII դարում Հայաստանը պահպանել է ինքնուրույնությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի խախտվել Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև խաղաղությունը[2]։ Հուստինիանոս Բ-ն 689 թվականին ներխուժել է Հայաստան, Վրաստան և Աղվանք։ Նույն թվականին խալիֆայության հետ կնքել է հաշտություն, որով Հայաստանի զգալի մասն անցել է Բյուզանդիային։
705 թվականին Հայաստանի Իշխանն օգնության խնդրանքով դիմեց բյուզանդական կայսրին։ Բյուզանդացիները աջակցեցին իշխանին, սակայն պարտություն կրեցին։ Տեղեկանալով այդ գործողությունների մասին՝ խալիֆը հրամայել է ոչնչացնել ազդեցիկ հայ ավատատերներին[3][4][5]։
Արաբները պահանջում էին բարելավել հարաբերությունները բնակիչների հետ, ուստի 705 թվականին խալիֆ Վալիդ 1-ինն ընդառաջեց հայերին և փոխեց հայկական գավառների կուսակալին[6]։
1915 թվականին հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին Դեր Զորի անապատ, որտեղ մահվան դատապարտվեցին։ Փրկվածները բնակություն են հաստատել Սիրիայի քաղաքներում։ Ամենամեծ համայնքը գտնվում Էր Հալեպում։
Ըստ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների՝ մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը բնակվել է մոտ 100 հազար հայ, որոնցից մոտ 60 հազարը՝ Հալեպում, 8 հազարը՝ Ալ-Կամիշլիում, 6-7 հազարը՝ Դամասկոսում։ Դամասկոսի, Հալեպի, Լաթակիայի նման քաղաքներում գործել են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ։ Այս համայնքը համարվում էր ամենակազմակերպվածը ողջ հայկական սփյուռքում[7]։
Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Սիրիայից Հայաստան են ժամանել տասնյակ հազարավոր հայ փախստականներ[8]։
Հայկական ղեկավարության տվյալներով՝ Սիրիայում դեռ բնակվում է ավելի քան 20 հազար հայեր[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.