Կոնֆուցիականություն
From Wikipedia, the free encyclopedia
Կոնֆուցիականություն կամ Կոնֆուցիոսականություն ( ավանդական չինարեն՝ 儒學, պարզ չինարեն՝ 儒学), Կոնֆուցիուսի (մեր թվականությունից առաջ 553—480 թթ.) կողմից մշակված և նրա հետևորդների կողմից զարգացված բարոյա-փիլիսոփայական ուսմունք, որը մտել է Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների կրոնական համալիրի մեջ[1]։ Կոնֆուցիականությունը աշխարհայացք է, հասարակական բարոյականություն, քաղաքագիտություն, գիտական ավանդույթ, ապրելակերպ, երբեմն դիտարկվում է իբրև փիլիսոփայություն, երբեմն՝ իբրև կրոն[2]։
Չինաստանում այդ ուսմունքը հայտնի է «գիտունների դպրոց», «գիտուն գրքամոլների դպրոց» անվանումներով[3] կամ որպես «ուսյալ մարդկանց դպրոց». իսկ «կոնֆուցիականություն» եզրույթը գործածվում է միայն եվրոպական և մի շարք այլ երկրներում՝ չինարենում չունենալով իր համարժեքը[2]։
Կոնֆուցիականությունը ծագել է որպես հասարակական-քաղաքական ուսմունք՝ Չունցյու դարաշրջանում (մ. թ. ա. 723 — մ. թ. ա. 481 թթ.), որը հասարակական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան էր Չինաստանում։ Հան արքայատոհմի իշխանության օրոք կոնֆուցիականությունը դարձել է պետական պաշտոնական գաղափարախոսություն, կոնֆուցիական նորմերը (չափորոշիչները) և արժեքները դարձել են հանրայնորեն ճանաչված և ընդունված[4]։
Կայսերական Չինաստանում կոնֆուցիականությունը խաղացել է հիմնական կրոնի, պետության կազմակերպման սկզբունքի դերը (ավելի քան երկու հազար տարի և՝ գրեթե անփոփոխ վիճակում)[4], ընդհուպ մինչև քսաներորդ դարի սկիզբը, երբ փոխարինվել է Չինական Հանրապետության այսպես կոչված՝ «ժողովրդական երեք սկզբունքներ»-ով։
Չինական Ժողովրդական Հանրապետության հռչակումից հետո՝ Մաո Ցզե Դունի ղեկավարության տարիներին կոնֆուցիականությունը դատափետման ենթարկվեց՝ իբրև մի ուսմունք, որ խոչընդոտ է դարձել առաջընթացի ճանապարհին։ Սակայն ուսումնասիրողները գտնում են, որ կոնֆուցիականությունը, չնայած պաշտոնական հալածանքներին, ինչպես մաոյականության դարաշրջանում, այնպես էլ անցումային տարիներին և Դեն Սյաոպինի ղեկավարությամբ իրականացված բարեփոխումների ժամանակաշրջանում, փաստացի, տեղ է գտել տեսական դրույթներում և որոշումների, վճիռների ընդունման գործառույթում։ Կոնֆուցիական առաջատար փիլիսոփաները չհեռացան երկրից, մնացին Չինաստանում ու թեև հարկադրաբար «զղջացին իրենց մոլորությունների համար» ու պաշտոնապես իրենց հռչակեցին մարքսիստներ, սակայն գործնականում գրում էին նույն բաները, ինչ և՝ հեղափոխությունից առաջ[5]։ 1970-ական թվականների վերջերին Կոնֆուցիուսի նկատմամբ պաշտամունքը Չինաստանում սկսեց վերազարթոնք ապրել և արդի ժամանակներում կարևորագույն դեր է խաղում այդ երկրի հոգևոր կյանքում։
Կոնֆուցիականության հետազոտման առարկա դարձած գլխավոր հիմնախնդիրները վերաբերում են կառավարողների ու ենթակաների հարաբերությունների կարգավորմանը, հոգևոր այն որակներին, որոնցով պետք է օժտված լինեն կառավարողն ու հպատակը։
Կոնֆուցիականության շրջանակներում ձևականորեն երբեք եկեղեցական հաստատություն գոյություն չի ունեցել, սակայն ժողովրդի գիտակցության ու հոգու մեջ ներթափանցածության աստիճանով, վարքագծի կարծրատիպեր ձևավորելու, դաստիարակչական դերով, նշանակալիությամբ այդ ուսմունքը հաջողությամբ կատարել է կրոնի դերն ու գործառույթները։