From Wikipedia, the free encyclopedia
Խեժեր, լինում են բնական և սինթետիկ։
Բնական խեժերը պինդ նյութեր են, որոնք առաջանում են խեժատու բույսերում բնականոն ֆիզիոլոգիական փոխանակության, ինչպես նաև վնասվածքների դեպքում։ Բնական խեժերը կազմում են փշատերև բույսերի հյութի հիմնական մասը (65%), առավել հարուստ են արևադարձային բույսերը։ Բնական խեժերը չեն լուծվում ջրում, լուծվում կամ ուռչում են օրգանական լուծիչներում, ընդունակ են առաջացնելու բարակ թաղանթներ։ Տաքացնելիս փափկում են ու հալվում։ Այրվում են մրոտ բոցով։ Մի քանիսը հիմքերի ազդեցությամբ ենթարկվում են օճառացման։ Բնական խեժերի մեծամասնությունը ամորֆ և տարբեր գույնի, օրինակ, դեղնանարնջագույն (դեղնախեժ), կարմիր (վիշապի արյուն), դարչնագույն (դոճախեժ), դեղինից մինչև մուգ դարչնագույն (բևեկնախեժ, սաթ) նյութեր են։ Մի քանիսն ունեն բնորոշ հոտ ու համ (օրինակ խունկը)։ Բնական խեժերի բաղադրության մեջ մտնում են խեժաթթուներ, մեկ կամ բազմատոմ խեժասպիրտներ (ռեզինոլներ), խեժաթթուների, խեժասպիրտների կամ միատոմ ֆենոլների էսթերներ ու եթերներ, որոշ իներտ նյութեր, որոնք պատկանում են, ըստ երևույթին, հետերոցիկլավոր միացությունների շարքին։ Բնական խեժերը կարող են պարունակել նաև եթերային յուղեր և ջուր (մեծամասնության քիմիական բաղադրությունը ճշգրիտ հաստատված չէ)։ Ներկայումս բնական խեժերից առավել շատ կիրառվում են բևեկնախեժը, դոճախեժը և սաթը։ Շատերը դուրս են եկել գործածությունից՝ իրենց տեղը զիջելով սինթետիկ խեժերին։ Բնական խեժերը կիրառվում են օճառագործության, լաքերի ու ներկերի արտադրության մեջ, լուսատու բաղադրություններ, փայլալաքեր, կոսմետիկ նյութեր, սպեղանի պատրաստելու համար։
Սինթետիկ խեժերը համեմատաբար ոչ մեծ մոլեկուլային կշռով սինթետիկ պոլիմերներ են (այսպես կոչված, օլիգոմերներ), որոնք քիմիական փոխազդեցության մեջ մտնելիս ընդունակ են առաջացնելու չլուծվող և չհալվող նյութեր (նախկինում «սինթետիկ խեժեր» և «սինթետիկ պոլիմերներ» տերմինները համարվում էին հոմանիշներ)։
Սինթետիկ խեժերից են.
Սինթետիկ խեժերը լայնորեն կիրառվում են պլաստմասսաների, լաքերի ու ներկերի, սոսինձների և այլ նյութերի արտադրության մեջ, ինչպես նաև գործվածքները, թուղթը և այլ նյութեր մշակելու համար։
Հայաստանում աճում են խեժատու ծառեր (սոճի, նոճի, եղևնի, խեժափիճի, գիհի, ակացիա) և բույսեր (չարհոտ, կանգար, գազ, աղբրաց արյուն, լոշտակ), որոնցից ստացվել կամ արտաթորվել են տարբեր տեսակի խեժեր։ Խեժափիճու խեժն անվանել են անզրութ կամ անծրութ, փշատերև ծառերինը՝ մարխի խեժ, բևեկնախեժ, բևեկնայուղ, գիհի ծառինը՝ սանդալուզ կամ սանդալոս, ակացիայինը՝ ախախիա կամ աղաղիա, չարհոտինը՝ անկիտան կամ անճիտան։ Ստացել են նաև քարախունկ, որն անուշահոտ խեժ է և, ըստ ավանդության, կարծրանում է քարի մեջ։ Վերոհիշյալ խեժերն օգտագործվել են բժշկության մեջ՝ որպես դեղորայքների բաղկացուցիչ մաս կամ մաքուր վիճակում։ Դրանցից պատրաստել են սոսնձանյութ, ներկեր և թանաքներ։ Ջրդեղերին խառնած՝ քսել են ձեռագրերի և մանրանկարների մակերևույթին՝ ջրի նկատմամբ անթափանց դարձնելու, մեխանիկական հարվածներից պահպանելու և փայլ տալու համար։ Որոշ խեժեր (օրինակ, բևեկնախեժ) այնքան շատ են արտադրվել, որ ներքին շուկայի պահանջները բավարարելուց բացի համարվել են Հայաստանից արտահանվող գլխավոր նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 46)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.