Ժուռնալիստիկա
From Wikipedia, the free encyclopedia
Լրագրություն (ժուռնալիստիկա) (ֆր.՝ journaliste, ֆր.՝ journal, լատին․՝ diurnalis, diurnalе` «ամենօրյա նորություն, տեղեկություն» բառերից[1]), սոցիալական խմբերի աշխարհայացքի ակտուալացում փաստերի ընտրության, գնահատականների ու մեկնաբանությունների միջոցով, որոնք կարևոր ու հնչեղ են տվյալ ժամանակամիջոցում։ Լրագրություն հասկացության մեջ ընկալվում են նաև ժամանակակից կյանքի իրադարձությունների, թեմաների ու միտումների մասին տեղեկությունների հավաքման ու ներկայացման փորձը, դրա ներկայացումը տարբեր ժանրերով ու ձևերով և որպես արդյունք` տարածումը զանգվածային լսարանում։ Լրագրությունը համարվում է զանգվածային տեղեկատվության մաս, այսինքն, մտնում է հասարակության այնպիսի բազմագործառութային համակարգերի մեջ, ինչպիսիք են մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը և այլն։
Հասարակական հետաքրքրությունների տեսակետից լրագրությունը հարմարեցնում է գիտելիքի գիտա-պրակտիկ մի մասը` այլ սոցիալական խմբերի կողմից վարքի, գաղափարախոսության (մշակույթ, բարոյականություն, էթիկա, գեղագիտություն) ընկալման համար։
Հետազոտողների մի մասը կարծում է, որ գոյություն ունի լրագրության երկու հիմնական ուղղություն` հետազոտական լրագրություն և հետաքննական լրագրություն։ Լրագրող-հետազոտողը, որպես կանոն, աշխատում է տեղեկատվության բաց (հասանելի) աղբյուրների հետ, իսկ հետաքննող լրագրողը ներխուժում է փակ (անհասանելի) տեղեկատվության ոլորտ։ Ըստ մեթոդների` այս կամ այն ուղղությամբ տարվող աշխատանքները տարբերվում են։ Ժողովրդավարական երկրներում հետաքննող լրագրողներին կոչում են «ժողովրդավարության շղթայակապ շներ» կամ «կրծող շներ»։ Պետք է նշել, որ լրագրության ուղղությունների հանդեպ կրկնաբևեռ մոտեցումն այսօր վիճարկվում է և պարզեցված է համարվում։
Լրագրությունը որպես գիտություն գեղարվեստական, մշակութաբական, պատմական, սոցիոլոգիական և այլ գիտական ճյուղերի համակարգ է, որ ներառում է հանրության մեջ պրակտիկ լրագրության ձևավորման և կառավարման ամբողջական շրջանը, դրա ազդեցությունը հասարակական երևույթների փոփոխության վրա։