From Wikipedia, the free encyclopedia
Թուրք–իրանական պատերազմներ XVI–XVIII դդ, Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև։ Երկու կողմերն էլ ձգտում էին տիրել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Միջագետքը, ինչպես նաև տարանցիկ առևտրական ճանապարհները։ Կողմերը իրենց նպատակները թաքցնում էին կրոնական քողի տակ [թուրքերը հերձված հայտարարեցին շիիզմը (տես Շիաներ), պարսիկները՝ սուննիզմը (տես Սուննիներ)]։
Կզըլբաշ ցեղերի առաջնորդ շահ Իսմայիլ I (1502-24) 1507–08-ին գրավեց Ակ-Կոյունլուների տիրապետության տակ գտնվող Հայաստանի զգալի մասը, Քրդստանը, Իրաքը։ Սուլթան Սելիմ I (1512– 1520) 1514-ի օգոստ. 23-ին Չսղդրանի մոտ ջախջախեց շահի զորքերը և գրավեց Թավրիզը, Հայաստանի արմ. մասը, Քրդստանը, Իրաքի հս. մասը, Բադդադը (1530-ին այն ետ գրավեց շահ Թահմազ I, 1524–76): 1533–35-ին թուրքերը գրավեցին Դերջանը, Էրզրումը և Կարսը, մտան Հյուսիսային Իրան, գրավեցին Թավրիզը, 1534-ին՝ Բադդադը, 1536-ին՝ Վրաստանի հվ–արմ. շրջանները, 1538-ին՝ Վանը։ Կըզըլբաշները գրավեցին Շիրվանը։ 1548-ին թուրքական զորքերը արշավեցին Հյուսիսային Իրան, նվաճեցին Թավրիզը, հասան մինչև Քաշան և Ղում, գրավեցին Սպահանը, մտան Արևելյան Հայաստան, 1549-ին՝ Հարավային Վրաստան։ Շահի զորքերը, հակահարձակման անցնելով, 1549–52-ին ավերեցին Բասենի, Բարձր Հայքի, Վասպուրականի և Տուրուբերանի շրջանները։ Փոփոխակի հաջողություններից հետո, 1555-ի մայիսի 29-ին, Ամասիայում կնքվեց հաշտության պայմանագիր։ Թուրքիան ստացավ Վասպուրականն ու Ալաշկերտի հովիտը, Արևմտյան Վրաստանը, արաբական Իրաքը՝ Բաղդադով, Իրանը՝ Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Ադրբեջանը։ Կարսի շրջանը հայտարարվեց չեզոք, իսկ բերդը ավերվեց։
1578-ին թուրքերը զավթեցին Սամցխե–Սաաթաբագոյի արլ. մասը, օգոստ. 10-ին Չլդըրի մոտ հաղթեցին շահի զորքերին, մտան Արևելյան Հայաստան, Վրաստան, շարժվեցին Շիրվան, սակայն ետ շպրտվեցին։ 1579–89-ին թուրքական և Ղրիմի խանի զորքերը ասպատակեցին Շիրվանն ու Արևելյան Հայաստանը։ Հայ և օտար աղբյուրները նշում են Երևանից, Նախիջևանից, Շիրվանից տարված տասնյակ հազարավոր գերիների մասին։ 1590-ի մարտի 21-ի Ստամբուլի հաշտությամբ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Քրդստանի և Լորստանի զգալի մասն անցան Թուրքիային։
Շահ Աբբաս I (1587–1629), ստեղծելով կանոնավոր բանակ, 1603–04-ին վերագրավեց Թավրիզը, Նախիջևանը, Ջուղան, Երևանը, սակայն թուրքերի առաջխաղացման հետևանքով նահանջեց Թավրիզ՝ կողոպտելով Հայաստանի գյուղերն ու քաղաքները, իսկ բնակչությանը քշեց Իրան։ Նրա նպատակն էր ամայացնել Իրանի ու Թուրքիայի միջև ընկած մարզերը և Իրանի որոշ շրջաններ բնակեցնել աշխատասեր, առևտրի ու արհեստների մեջ հմուտ հայ բնակչությամբ։ Հայաստանի տարբեր մասերից հավաքված շուրջ 300 հզ. հայ քշվեց Իրանի կենտրոնական շրջանները։ 1603–07-ին Աբբաս I գրավեց Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Քրդստանի հվ. մասը և Լորստանը։ 1612-ի նոյեմբ. 20-ի Ստամբուլի հաշտությունը հաստատեց Իրանի նվաճումները։
1616-ի սեպտեմբեր–նոյեմբերին թուրքական զորքերը պաշարեցին Երևանն ու Նախիջևանը։ 1617-ին Ղրիմի թաթարները ասպատակեցին Գանձակն ու Ջուղան և թուրքական զորքերի հետ արշավեցին Թավրիզ։ 1618-ի սեպտ. 10-ին Աբբասը պարտության մատնեց նրանց։ 1619-ի սեպտ. 29-ի պայմանագիրը հաստատեց 1612-ի սահմանները։
1623– 1624-ին շահ Աբբաս I գրավեց արաբական Իրաքը, Բաղդադ, Նաջաֆ, Քարբալա քաղաքները, իսկ Անդրկովկասում՝ Ախալցխան։ 1635-ին թուրքերը զավթեցին Ախալցխան և Ախալքալաքը, ետ վերցրին Հյուսիսային Միջագետքը՝ Մոսուլի հետ, 1638-ին նվաճեցին Բաղդադը։ 1639-ի մայիսի 17-ի Կասր–ե–Շիրինի հաշտությամբ հիմնականում պահպանվեցին 1612-ի սահմանները։ Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Իրանի ու Թուրքիայի միջև (առաջին անգամ՝ 1555-ին, տես Թուրք–իրանական պայմանագիր 1639)։
Սուլթան Ահմեդ III-ի (1703–30) զորքերը, օգտվելով Սեֆյանների թուլացումից, 1723-ին մտան Արևելյան Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ 1724–25-ին գրավեցին Մարաղան, Խոյը (Հեր), Նախիջևանը, Օրդուբադը, Թավրիզը և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգում էին Ռուսաստանի շահերը, որը 1722–23-ին գրավել էր կասպիականի արմ. ծովափը՝ Դերբենդից մինչև Էնգելի։ Ռուս–թուրքական պատերազմի վտանգը կանխվեց 1724-ի հունիսի 23-ի պայմանագրով։ Թուրքերը շարժվեցին Արլ. Իրան, սակայն 1726-ի հոկտեմբերին նրանց առաջխաղացումը կասեցրեց Իրանի աֆղան կառավարիչ Աշրաֆը։ 1727-ի հոկտ. 4-ի Համադանի հաշտությամբ Աշրաֆը ճանաչեց Թուրքիայի իրավունքները նվաճված հողերի վրա, իսկ սուլթանը Աշրաֆին՝ իրանի տիրակալ։ 1723–27-ի պատերազմը ծանր հարված հասցրեց Ղարաբաղում և Սյունիքում ապստամբած հայերին։
1730-ին Իրանի փաստական կառավարիչ Նադիրը (1736–47-ին՝ Իրանի շահ) թուրքական զորքերին վտարեց Համադանից, Քրմանշահից և Հյուսիսային Իրանից։ Շահ Թահմազ II (1722-32) ինքնուրույն ռազմական գործողություններ ծավալեց, սակայն 1731-ին պարտվեց Համադանի մոտ։ 1732-ին հաշտություն կնքվեց, որով Թուրքիան պահպանում էր Արաքսից հս. Անդրկովկասյան հողերը։ 1734–35-ին Նադիրի զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ 1735-ի հունիսի 14-ին Եղվարդի մոտ վճռական ճակատամարտում Նադիրի զորքերը ջախջախեցին թուրքերին։ Կարևոր դեր խաղաց հայ գյուղացիների աշխարհազորը, որը փակեց թուրքերի նահանջի ճանապարհը։ 1736-ի հոկտ. 17-ի Ստամբուլի հաշտությամբ նախատեսվում էր Իրանին վերադարձնել 1723-ից Թուրքիայի գրաված հողերը։ Սակայն պայմանագիրը ուժի մեջ չմտավ։
1743-ի աշնանը Նադիր շահի զորքերը պաշարեցին Մոսուլը, 1744-ի հալիս–հոկտեմբերին՝ Կարսը։ 1745-ի օգոստ. 23-ին, Երևանից արևմուտք, Նադիր շահը հաղթեց թուրքերին, սակայն չզարգացրեց հաշողությունը։ 1746-ի սեպտ. 4-ի հաշտությամբ հաստատվեցին 1639-ի պայմանները։ XIX դ. 20–40-ական թթ. թուրք–իրանական ընդհարումները չազդեցին սահմանների փոփոխման վրա։ Թուրք-պարսկական պատերազմները թուլացրին Թուրքիային և Իրանին, որից օգտվեցին եվրոպական երկրները՝ Մերձավոր Արևելքում հաստատվելու համար։ Այդ պատերազմները կործանարար հետևանք ունեցան Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Բնակչության կոտորածը և գերեվարումը, քաղաքների ու գյուղերի ավերումը, ավարառությունը ծանր հարված հասցրին Հայաստանի հասարակական–տնտեսական կյանքին։ Հայաստանը բաժանվեց երկու մասի. արմ. մասն անցավ Թուրքիայի, արլ–ը՝ Իրանի տիրապետության տակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 262)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.